Սահմանամերձ գյուղի առօրյան ու հոգսերը
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ հասնելու համար հարկավոր է անցնել թունել կոչվող ճանապարհով: Գյուղի բնակիչներն են այդպես անվանել: Սարերի ոլորաններում կառուցված ճանապարհի ասֆալտը վաղուց էր մաշվել, հաճախակի դարձած կրակոցներն էլ ստիպում էին օգտվել գյուղը շրջանցող մեկ այլ ճանապարհից: Այն մի քանի անգամ ավելի երկար էր, բայց ոչ երբեք ավելի բարեկարգ: Մի քանի ամիս առաջ գյուղի բնակիչները հողապատեցին ճանապարհի բաց հատվածը: Այժմ ճանապարհի մեկ կողմում սարն է, մյուսումՙ մեքենաներից մի քանի անգամ բարձր հողի բլուրները: Թունելը բացելու համար զինծառայողները ստիպված էին օր ու գիշեր հսկել այդ հատվածը, որպեսզի ադրբեջանցիները կրակահերթ չարձակեն ու չխանգարեն աշխատանքը: Մինչ օրս էլ ճանապարհն ասֆալտապատված չէ, գյուղացիները խիճ են լցրել: Այս հատվածն անցնելու համար վարորդից բացառիկ ուշադրություն է պահանջվում, փոխարենը վստահ են. անվտանգ է, մեքենաներն ադրբեջանցիների համար տեսանելի չեն:
Երբեմնի բարեկարգ եւ բազմամարդ գյուղում մինչ օրս էլ տեսանելի են պատերազմի հետքերը: Տներից մեծ մասի վրա դեռեւս նկատելի են փամփուշտների հետքերը, ընդ որում շատերը նոր են: Մովսեսում այսօր 2740 բնակիչ է հաշվառված, իրական թիվը, սակայն, շատ ավելի քիչ է: Արտագաղթի արդյունքներն այստեղ առավել տեսանելի են: Մարդիկ հեռացել են ընտանիքներով` պարզապես կողպելով դռները: Ամենահամեստ հաշվարկներովՙ գյուղից հեռացել է 300 ընտանիք: Նրանց գերակշիռ մասն այսօր ապրում է Մոսկվայում: Մովսեսում կյանքն ամռանն է աշխուժանում: Մոսկվաբնակ մովսեսցիներն արձակուրդներն այստեղ են անցկացնում: Նրանցից շատերը սեփական ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացնում գյուղում: «Այժմ վերանորոգում ենք գյուղի մանկապարտեզը, գումարի 40 տոկոսը նրանք են տրամադրել: Վերջին տարիներին վերականգնեցին գյուղի լուսավորությունը, այժմ եկեղեցին է կառուցվում, կրկին նրանց ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ», ասում է գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը:
Գյուղացիներին առավելապես ոգեւորել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը: Շինարարությունը սկսվել է երկու տարի առաջ, գյուղացիները հույս ունեն, որ հաջորդ գարնանը կառուցումն ավարտված կլինի: Տասնյակ տարիներ շարունակ գյուղում եկեղեցի չի եղել, հարսանիքներն էլ տեղի էին ունենում առանց եկեղեցու օրհնության: Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի կենտրոնում է կառուցվում, ժամանակին սովետական իշխանություններն այդտեղ դպրոց էին կառուցել: «Երբ շինարարները քանդում էին հին դպրոցի շենքը, այդտեղ խաչքարեր են հայտնաբերել: Մինչ սովետական իշխանությունների հաստատումը գյուղի հենց այդ հատվածում եկեղեցի է գործել: Եկեղեցին քանդել են երեսունական թվականներին եւ նույն քարերից դպրոց կառուցել: Այդ տարիներին շատ փոքր եմ եղել, բայց հիշում եմ հին եկեղեցին», պատմում է 78-ամյա Ժորա Բադալյանը: Մանկապարտեզի վերակառուցումն ու եկեղեցու շինարարությունը բնակիչներին հուսադրում եւ ոգեւորում է, սակայն հոգսերն այստեղ այնքան շատ են ու դժվարին, որ գյուղում մնացած քիչ թվով երիտասարդներն էլ են առաջին հերթին մտածում են հեռանալու մասին:
Անուշ Ավագյանը 37 տարեկան է, ծնվել է Երեւանում, 18 տարեկանում ամուսնացել է եւ գյուղ տեղափոխվել: Այստեղ է ապրել պատերազմի ժամանակ, դաշտ մշակել եւ լուծել գյուղական կյանքի առօրեական բոլոր հոգսերը: Սովորել է անգամ Մովսեսի բարբառը: Երկու որդիներն էլ գյուղի դպրոցն են հաճախել: «Մարդիկ այստեղ բարեհամբույր են, պատրաստ օգնելու, սովորեցնելու: Գյուղը շատ եմ սիրում, բայց երեխաներիս համար այստեղ ապագա չեմ տեսնում: Մեծ տղաս արդեն Երեւանում է, փոքրն էլ մի քանի տարի հետո քաղաք կտեղափոխվի», պատմում է Անուշը: Գյուղի դպրոցում այսօր ընդամենը 183 աշակերտ է սովորում, առաջին դասարանում ինը երեխա է: Մի քանի տարի առաջ դպրոցը վերանորոգվել է, դասագրքերի պակաս չկա, նյութատեխնիկական բազայից էլ ուսուցիչները չեն դժգոհում, սակայն դպրոցի ապագայով շատ են անհանգստացած: «Այս տարի առաջին դասարան ընդունվածների թիվը նվազագույնն էր վերջին տարիների ընթացքում: Առավել շատ անհանգստացած ենք ավագ դպրոցի ճակատագրով: Պատանիները գյուղում չեն մնում: Արտագաղթը ահավոր չափերի է հասել, այսպես որ շարունակվի, դպրոցի փակման հարցն առաջ կգա: Իսկ ինչ գյուղ, եթե դպրոց չունի», ասում է դպրոցի փոխտնօրեն Ռուզան Ադամյանը:
Ստեփանն այս տարի է դպրոցն ավարտելու: Դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու: Կրթությունն ուզում է շարունակել, սակայն սեփական գիտելիքներին այնքան էլ չի վստահում: Դպրոցում կրթությունը լավագույններից չէ, բուհի ընդունելության քննություններին պատրաստվելու համար ստիպված է լինելու Բերդ հասնել: «Գյուղը, հատկապես բնությունը շատ եմ սիրում: Սակայն չեմ պատկերացնում, թե բացի դաշտի աշխատանքներից այստեղ ինչով կարող եմ զբաղվել: Չեմ հիշում, թե վերջին անգամ գյուղում երբ է լավ համերգ եղել», ասում է Ստեփանը:
1950-ական թվականներին կառուցված գյուղի մշակույթի պալատն ինքնատիպ ճարտարապետական կառույց է: Պատերազմի ընթացքում եւ հետագա տարիներին մշակույթի պալատում զորամասն էր տեղակայվել: Ընդամենը մի քանի տարի առաջ զորամասը տեղափոխվեց հարակից գյուղ, եւ բնակիչները սկսեցին մտածել մշակույթի պալատի վերանորոգման մասին: Դիմեցին պատկան մարմիններին, հատկացվեց 100 մլն դրամ: Մշակույթի պալատը հիմնանորոգվեց: «Պատրաստվում ենք այստեղ համերգներ կազմակերպել: Վերջապես երիտասարդները հավաքվելու վայր կունենան», ասում է գյուղապետը: Բացման արարողությանը բնակիչները երկար էին պատրաստվում, սպասում էին փոխվարչապետի եւ մարզպետի այցելությանը: Պաշտոնյաների այցելությունը գյուղում բացառիկ իրադարձություն է: Ուշադրության եւ հոգատարության կարիք գյուղացիները շատ ունեն: «Գյուղի թիվ մեկ խնդիրը ոռոգման ջրի ապահովումն է: Խորհրդային Միության տարիներին Մովսեսի, Թովուզի եւ Խնձորուտի համար երկու մեծ ջրամբար էր գործում: Ջուրը պոմպով էր գյուղ հասնում: Այսօր այդ համակարգն արդեն մաշվել է, շատ հաճախ գյուղացիները պարզապես չեն ջրում այգիները: Դիմել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամին: Ծրագիրն ընդգրկվել է, սակայն ֆինանսավորման 15 տոկոսը` շուրջ 15 մլն դրամ, համայնքը պետք է ապահովի: Մինչդեռ 15 մլն դրամը մեր համայնքի մեկ տարվա բյուջեն է», նշում է գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը:
Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եւ այգեգործությունը: «Հողը բերրի չէ: Պարարտանյութերը թանկ արժեն: Գյուղում ընդամենը 3 տրակտոր եւ 2 կոմբայն կա, դրանք էլ 20 տարվա հնության են եւ բավականին մաշված: Չարչարվում ենք, 1 հեկտարից 10 ցենտներից էլ պակաս հացահատիկ է ստացվում: Ծախսն օգուտին համարժեք չէ, երբեմն վնաս է», պատմում է Ժորա Բադալյանը: Գյուղացիները ստիպված են լինում գնել անգամ այն, ինչ հույս ունեին սեփական այգուց ստանալ: Խանութներում մթերքները մայրաքաղաքի գների հետ համեմատած ավելի թանկ են: «Մինչեւ Երեւան ես հասնում, ապրանքը գնում, տեղափոխում, ահագին գումար ենք ծախսում», պարզաբանում են խանութի վաճառողները:
Պատերազմին գյուղից 484 մարդ է մասնակցել: 23 զոհ են տվել: Այսօր էլ գյուղի բնակիչներից շատերը զինծառայողներ են: Դիրքերում են օր ու գիշեր:
Ղուկաս Խաչատրյանը պատերազմին մասնակցել է, երեք երեխա ունի: Սողոմոնը, Սոսեն եւ Արաբոն դեռ դպրոցական են, սակայն գյուղի եւ ընդհանրապես հայրենի պատմությունը լավ գիտեն: «Մեր հերոսների անուններով եմ կոչել, որ հայրենասեր եւ հայրենապաշտ լինեն», ասում է Ղուկաս Խաչատրյանը: Գյուղից հեռանալու հնարավորություններ շատ է ունեցել, սակայն միշտ բացառել է: «Ես գյուղից երբեք չեմ հեռանա: Ես սահմանում կռիվ եմ տվել, իմ արմատները քաշում են, ո՞նց կարող եմ թողնել ու հեռանալ: Երանի այն մարդուն, որ իր բնօրրանում է ապրում», ասում է:
Տարեկան Մովսեսում մինչեւ տասը երեխա է ծնվում, հիմնականում տղաներ, իսկ գյուղի ամենածեր բնակիչը Ազիզ նանն է` 105 տարեկան: Մովսեսցիները նրա հանդեպ առանձնահատուկ հարգանք ունեն: Ծնվել է Մովսեսում, այլ վայրում երբեւէ չի ապրել: Երկարատեւ կյանքի ընթացքում Ազիզ նանը երբեք չի հիվանդացել, առողջության երաշխիքը հարազատ գյուղի օդն է ու նրա հողերի բերքը: Ասում է. «Օխտը մինիստր եմ փոխել: 100 տարի գյուղում եմ ապրել ու իմ տնից լավ տեղ աշխարհում չեմ տեսել»:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Լուսանկարներըՙ Ստեփան Բադալյանի