Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց դառնալ Փարիզում անցկացված թենիսի մրցաշարի հաղթող, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2,27 մլն եվրո էր: Կիսաեզրափակիչում հաղթելով ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյին, Նալբանդյանն իրավունք ստացավ պաշտպանելու անցյալ տարի այս մրցաշարում շահած հաղթողի կոչումը: Նրա մրցակիցը ֆրանսիացի Ժո-Ուլֆրիդ Տսոնգան էր: Նշենք, որ մրցաշարի հաղթողը նաեւ իրավունք էր ստանում հանդես գալու Շանհայում կայանալիք թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում, ուստի հաղթանակի արժեքը եզրափակիչ մրցախաղում շատ բարձր էր:
Առաջին խաղափուլում Տսոնգան ֆրանսիացիների ջերմ աջակցությունից ոգեւորված, հաղթեց 6-3 հաշվով: Երկրորդում Նալբանդյանին հաջողվեց ռեւանշ վերցնել (6-4): Սակայն 3-րդ խաղափուլում Տսոնգան կրկին առավելության հասավ (6-4) ու շահեց մրցախաղը: Այսպիսով, Տսոնգան կրկնեց իր հայրենակիցներ Գի Ֆորժեի ու Սեբաստիան Գրոժանի ցուցանիշը, որոնց հաջողվել էր այս մրցաշարում հաղթող ճանաչվել համապատասխանաբար 1991-ին եւ 2001-ին: 23-ամյա Տսոնգան մարզական կարիերայում 2-րդ տիտղոսը նվաճեց ու իրավունք ստացավ առաջին անգամ հանդես գալու աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում: Շանհայում նա մրցավեճի կբռնվի Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդեռերի, Նովակ Ջոկովիչի, Էնդի Մյուրեյի, Նիկոլայ Դավիդենկոյի, Էնդի Ռոդիկի եւ Խուան-Մարտին դել Պոտրոյի հետ: Ճիշտ է, Ռաֆայել Նադալը վնասվածք ունի եւ առայժմ Շանհայում նրա մասնակցությունը հարցականի տակ է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ