ԱՄՆ-ում այսօր արդեն ավարտված նախագահական ընտրությունները մի շարք առումներով պատմական են: Նախՙ առաջին անգամ գերհզոր այդ տերության ղեկին է հավակնում աֆրո-ամերիկյան ծագումով թեկնածուն` Բարաք Օբաման, որի հակառակորդն է տիպիկ ամերիկացի` անգլո-սաքսոնական ծագումով Մակքեյնը: Ընտրությունները պատմական են նաեւ իրենց մասնակցության աննախադեպությամբ: Ըստ հաղորդագրությունների, ընտրատեղամասերի առաջ հսկայական հերթեր են գոյացել, եւ հազարավոր ամերիկացիներ, ովքեր նախկինում անտարբեր էին ընտրությունների նկատմամբ, այս անգամ որոշել են անպայման իրենց մասնակցությունը ունենալ աննախադեպ այս գործընթացին: Երբ «Ազգը» հասնի իր ընթերցողներին, արդեն հայտնի կլինեն նախնական արդյունքները եւ պարզ կդառնաՙ ԱՄՆ-ը նախընտրեց «նոր հույսի՞ն, թե՞ հաղթանակեց հին փորձառությունը»: