Թուրքական մամուլը դա պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի եւ Թուրքիայի համակարգված ջանքերով
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մեյենդորֆ դղյակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քաղաքական միջոցներով պայմանավորող հռչակագիրը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ ստորագրված Մեյենդորֆյան հռչակագիրը 1994-ի զինադադարի պայմանագրից հետո երկու կողմերի ստորագրությունը կրող առաջին քաղաքական փաստաթուղթն է:
«Ազգը» նախորդ համարում Արմեն Մանվելյանի ստորագրությամբ հակիրճ, բայց բովանդակալից ներկայացրել էր հռչակագիրը եւ անդրադարձել այն դրույթներին, որոնք կարող են զարգացումների վրա ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Պարզապես ասենք, որ Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարությունները շարունակելու դեպքում կհակասի ինքն իրեն, որովհետեւ ստորագրել է հռչակագիրը: Նրա հայտարարություններն արդեն ոչ թե ագրեսիվ նկրտումներում կխթանեն ադրբեջանցի հասարակությանը, այլ ընդամենը կխորացնեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը զենքի ուժով լուծելու Ադրբեջանի ղեկավարության հետեւողականության, առավել եւս կարողությունների նկատմամբ կասկածները:
Որքան էլ դա Հայաստանի տեսանկյունից դիտարկվի որպես դրական զարգացում, այնուամենայնիվ հռչակագրի ստորագրումը չի կարելի կողմերից որեւէ մեկի համար դիվանագիտական հաղթանակ համարել, որովհետեւ հռչակագիրը պաշտոնական Մոսկվայի հաղթանակն է: Ակնհայտ է, որ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում կնպաստի Ռուսաստանի ազդեցության հետագա աճին, դրանով կընդգծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ Մոսկվայի, իսկ այդ խմբի համանախագահների մեջ` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նկատմամբ Ռուսաստանի գերակայությունը: Շնորհիվ այս ամենի Մոսկվան ի լուր աշխարհի ցույց կտա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային դերը պատկանում է Ռուսաստանին:
Ինչ արձագանք կտան Փարիզն ու Վաշինգտոնը Մոսկվայի վերոհիշյալ նախաձեռնությանը, ցույց կտա ժամանակը: Բայց որ «Եվրոնյուսի» թուրքերեն տարբերակ «abhaber.com» կայքէջն ու թուրքական թերթերը միանգամայն դրական են արձագանքել Մեյենդորֆյան հռչակագրի ստորագրմանը, ակնհայտ է: Սա հռչակագրին Եվրոմիության, ինչպես նաեւ Անկարայի դրական արձագանքի վկայությունն է նաեւ:
Նոյեմբերի 3-ին «abhaber.com» կայքէջը, լուսաբանելով հռչակագրի ստորագրումը «Լեռնային Ղարաբաղի համար հույսի աղբյուր» վերնագրով, անդրադարձել է դրա հիմնական դրույթներին, ղարաբաղյան հակամարտությունը միջազգային նորմերին եւ սկզբունքներին համապատասխան քաղաքական միջոցներով լուծելու կողմերի հավաստիացումներին եւ ընդգծել է, որ հռչակագիրը վերջին 15 տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած առաջին փաստաթուղթն է:
«Զամանը» հռչակագրին անդրադարձել է նոյեմբերի 4-ի համարում: Ուշագրավ է նյութի վերնագիրը. «Անկարան գոհ է ղարաբաղյան գործընթացին Մոսկվայի միջամտությունից»: Ըստ թուրքական թերթի, Թուրքիան համոզված է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոսկովյան հանդիպումը դրական կանդրադառնա հակամարտության կարգավորման գործընթացին, թերեւս դրա համար էլ հանդիպման առնչությամբ իր աջակցությունն է հայտնել երկու երկրների առաջնորդներին: Ավելին, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկը «Զամանի» հարցերին պատասխանելիս Սարգսյան-Ալիեւ հանդիպումը որակել է «հուսադրող», նշելով, որ Անկարան ի սկզբանե աջակցել է մոսկովյան այս նախաձեռնությանը եւ դա համարել է «կարգավորման գործընթացի բաղադրամաս»:
Նույն աղբյուրը, ըստ «Զամանի», ընդգծել է վերոհիշյալ հանդիպումը Մոսկվայում իրականացնելու կարեւորությունը, նշել է գործընթացին Կրեմլի միջամտության առնչությամբ Անկարայի գոհունակությունը, ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսական ազդեցության վրա եւ կտրականապես մերժել է վերոհիշյալ միջամտությունը «դեր գողանալու» ռուսական նկրտումներով պայմանավորող դրսեւորումները, ապա եւ ավելացրել. «Առանց Մոսկվայի միջամտության հազիվ թե հնարավոր լինի լուծել Հայաստանի օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»:
Ի տարբերություն «Զամանի», «Հյուրիեթը» նոյեմբերի 3-ի համարում Մեյենդորֆյան հռչակագրի ստորագրումը պայմանավորում է վրացական ճգնաժամի օրերին վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու առաջարկով եւ դա համարում նախագահ Գյուլի երեւանյան այցով սկզբնավորված գործընթացի շարունակությունը: Ահա թե ինչ է գրում «Միլիեթը». «Կովկասում ծագած Վրաստանի ճգնաժամից հետո, որը խախտել էր երկրագնդի աշխարհաքաղաքական հավասարակշռությունները, Ռուսաստանը ձեռնամուխ եղավ ազդարարելու տարածաշրջանի կարծրացած մեկ այլ հիմնահարցի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկը եւ սկսեց կյանքի կոչել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» սկզբունքները»:
Այնուհետեւ «Անկարայի ազդեցությունը» ենթավերնագրով թուրքական թերթը շարունակում է. «Մերձմոսկովյան Մեյենդորֆում իրականացված եռակողմ հանդիպումից երկու ամիս առաջ վարչապետ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ նույն սեղանի շուրջը քննարկել էր «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» առաջարկը: Թուրքիան Կովկասի կայունության եւ անվտանգության հարցերում քաղաքական աջակցություն էր խնդրել Ռուսաստանից: Վրացական պատերազմի օրերին շրջանառության մեջ էին դրվել պնդումներ, թե Բաքուն պատրաստ էր Ղարաբաղի (կարգավորման) համար ուժի գործադրմանը, սակայն վերջին պահին Անկարայի միջամտությամբ հրաժարվեց այդ մտադրությունից: Միաժամանակ տեղեկություններ էինք ստացել, ըստ որոնց Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորում հանդիսացող երեւանյան այցի ընթացքում նախագահ Աբդուլլահ Գյուլը «ուժի գործադրումը բացառելու» ուղերձ է փոխանցել Սերժ Սարգսյանին»:
Նույն օրվա համարում «Միլիեթը» հավելում է. «Որքան էլ պաշտոնապես չհայտարարվի, ենթադրվում է, որ (Լեռնային Ղարաբաղում) համակարգված են իրականացվում Ռուսաստանի եւ Թուրքիայի խաղաղ կարգավորման ջանքերը»: