Նախկին ՀՅԴ-ականի կարծիքով` Ղարաբաղը Ռուսաստանի համար գործիք կարող է դառնալ
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը այժմ պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Երեկ «Փաստարկ» ակումբում նման կարծիք արտահայտեց քաղաքագիտությամբ զբաղվող նախկին հյուպատոս, «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ Հակոբյանի` Ռուսաստանը թերեւս ցանկանում է Ղարաբաղի ուղղությամբ զարգացնել իր հաջողությունը, որ արձանագրել է վրաց-օսական հակամարտության ընթացքում: Ռուբեն Հակոբյանը ասում է, որ Հայաստանը թերեւս ճիշտ եզրակացություն չի արել այդ հակամարտությունից, քանի որ դրա գլխավոր դասը ոչ թե այն է, որ պատերազմը հակամարտություն լուծելու անհեռանկար գործիք է, այլ այն, որ Ռուսաստանը ցույց տվեց իր շահը ամեն գնով, անգամ պատերազմի գնով հետապնդելու հաստատակամությունը:
Ռուբեն Հակոբյանը նշում է, որ Ռուսաստանն այդ նախաձեռնությամբ սկսում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր փուլ, որով քայլ առ քայլ փորձելու է վերականգնել եւ ամբողջացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոսն ասում է, թե Ռուսաստանը թերեւս փորձում է սիրաշահել Ադրբեջանին, քանի որ իր էներգահումքային ռեսուրսով կարեւոր երկիր է, ու այդ սիրաշահման գործընթացում Ռուսաստանի համար կարող է գործիք դառնալ նաեւ Ղարաբաղը: Ռուբեն Հակոբյանը անդրադառնում է նաեւ մադրիդյան սկզբունքներին, ասելով, որ դրանցով փորձ է արվում համադրելու տարածքային ամբողջության եւ ինքնորոշման սկզբունքները: Իսկ եթե դրանք համադրվում են, ապա, ըստ Ռուբեն Հակոբյանի, ինքնորոշման սկզբունքը հետաձգվում է եւ թերեւս գործընթացի ինչ-որ փուլում կգա տարածքներից հայկական զինուժի դուրսբերման ժամանակը:
Միեւնույն ժամանակ, բանախոսը հայտարարում է, թե Հայաստանում չի լինի մեկը, որ չարախնդա այդ հարցում Հայաստանի իշխանության ձախողման վրա, քանի որ իշխանության ձախողումը տվյալ դեպքում կարող է լինել ամբողջ հայ ժողովրդի ձախողումը: Նա փաստում է նաեւ, թե երբ տարածաշրջանում համընկնում են Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը, իսկ ըստ Ռուբեն Հակոբյանի, այժմ համընկնում են, ապա Հայաստանը միշտ տուժում է դրանից:
Նախկին հյուպատոսի կարծիքով, մտահոգիչ է Հայաստանի իշխանական որոշ գործիչների հիացական արձագանքը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի վերաբերյալ: Ըստ Ռուբեն Հակոբյանի, հռչակագիրը նախ չունի որեւէ իմպերատիվ, այսինքնՙ պարտադիր բնույթ, եւ դրանից բացի, պատմության մեջ շատ դեպքեր են եղել, որեւէ համաձայնագրից կամ պայմանագրից հետո անմիջապես սկսվել է պատերազմ: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է առաջնորդվել ոչ թե հավերժ բարեկամի կամ թշնամու, այլ հավերժական շահի նշանաբանով:
Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը բացարձակապես անհամարժեք է արտաքին իրադրությանը եւ այդ թույլ իմունիտետով, որ գալիս է ներքին անհամարժեք վիճակից, Հայաստանն ի վիճակի չէ արտաքին քաղաքական հարթության վրա կատարելու լուրջ քայլեր:
Ռուբեն Հակոբյանը որպես կարեւորագույն ներքին խնդիր է դիտարկում կոռուպցիան, եւ հայտարարում, որ Հայաստանում կոռուպցիայի թիվ մեկ բացիլակիրը Ազգային Ժողովն է, իհարկե, առանձին բացառություններով:
Իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլի հրապարակած այն տեղեկությունը, թե Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Լրագրողների այդ հարցին վերջինս պատասխանեց, թե Վարդան Օսկանյանի հետ գրեթե մշտական շփման մեջ է, քննարկում են տարբեր հարցեր, սակայն կուսակցության հիմնադիր լինելու կամ նման մտադրության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ