Կոնյակի արբեցնող բույրն ու դասական երաժշտությունը տարածվել էին Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասումՙ հրավիրյալները մեկտեղել էին համտեսն ու ունկնդրումը: Մեկ-երկու կատարումից հետո համտեսը մոռացվեցՙ ներկաները դարձան միայն ունկնդիր. կատարումն էր բարձրակարգ:
Կատարողը «Նաիրի» նվագախումբն էր, որը ստեղծվել է Ֆրանսիայումՙ ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանի նախաձեռնությամբ եւ Երեւանում էր կոնյակի գործարանի հովանավորմամբ: Երաժիշտը նվագախումբը ստեղծել է ու պահել նախ ընկերական հիմունքներով, իսկ 2005-ից այն արդեն իրավաբանական անձ է եւ կարողանում է տարեկան 8 համերգ տալ առանց որեւէ հովանավորության, զուտՙ համերգներից ստացվող հասույթով: «Նվագախումբը փորձերի է հավաքվում յուրաքանչյուր համերգից առաջ եւ ցրվումՙ համերգից հետո: Տարվա ընթացքում մի քանի անգամ էլ համերգներից անկախ փորձեր ենք անում համատեղ աշխատելուՙ վարպետությունը պահպանելու համար», տեղեկացրեց «Նաիրիի» գեղղեկ եւ դիրիժոր Հայկ Դավթյանը: Նրա ղեկավարությամբ 22 պրոֆեսիոնալ երաժիշտները նվագում են նաեւ հայ դասականների եւ ժամանակակից կոմպոզիտորների գործեր, որոնք նվագախմբի բոլոր համերգային ծրագրերի պարտադիր մաս են. «Երաժիշտները սիրով են կատարում հայկական երաժշտություն եւ Հայաստանում համերգների հնարավորությունը ոգեւորությամբ ընդունեցին: Ի վերջո տարիներով նվագում են հայկական երաժշտություն եւ կարեւորում երկիրը ճանաչելը նույնպես», պատմեց Հայկ Դավթյանը: Նվագախմբի գեղղեկը համոզված է, որ հայկական դասական երաժշտությունը պարզապես ներկայացնել է պետք եւ չկա դրա ընկալման խնդիր: Ու թե «Նաիրիի» Հայաստանից դուրս համերգներն արդեն պատկառելի քանակ ու ազդեցություն ունեն, ապա մեր երկրում նրանց առաջին ելույթներն օրերս կայացանՙ հաջորդեցին Երեւանի կոնյակի գործարանում կայացած ելույթին նախՙ կամերային երաժշտության տանը, ապա Արամ Խաչատրյան համերգասրահում եւ երրորդըՙ Գյումրիում:
«Համերգաշարը նվիրված էր 1988-ի Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին ու ի երախտիք արհավիրքի հետեւանքները հաղթահարելուն սատարած երկրներիՙ նվագացանկը կազմել ենք այդ երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա: Եվ անկարելի էր համերգը չներկայացնել հենց Գյումրիումՙ աղետի գոտու ամենամեծ բնակավայրում», պարզաբանեց Հայկ Դավթյանը:
Նա կարեւորում է Հայաստանում դեռեւս չկատարված գործեր ներկայացնելը նույնպես: Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան) հետ «Նաիրիի» համատեղ համերգի առաջին մասում կատարվեցին հենց այդպիսի գործերՙ «Մահվան պարը» (Կ. Սեն-Սանս), «Պոեմ» (Է. Շոսոն): Ի դեպ, համերգի առաջին մասում Հայկ Դավթյանը հանդես եկավ հենց վերջին գործի մենակատարմամբ (ջութակ), իսկ երկրորդ մասումՙ որպես խմբավարՙ երկու նվագախմբերի հետ ներկայացնելով Ղ. Սարյանի «Սիմֆոնիկ պատկերներ», Է. Միրզոյանի «Վալս», Ա. Խաչատրյանի «Մազուրկա», «Վալս» («Դիմակահանդես» ներկայացման համար գրված երաժշտությունից) ստեղծագործությունները:
Ա. Սպենդիարյանի գործերի հանրաճանաչելի դարձնելն էլ Հայկ Դավթյանը իր մշտական անելիքների ցանկում է տեսնում: Համերգի երկրորդ մասը բացվեց կոմպոզիտորի «Երեւանյան էտյուդներ», «Էտյուդ հրեական թեմայով» գործերով: Ողջ նվագացանկն այնպիսի ջերմությամբ մատուցվեց, որ անգամ պրոֆեսիոնալները որպես ունկնդիր արտահայտեցին իրենց գոհունակությունըՙ երկարատեւ ծափերով, որոնք երաժիշտներին բեմում պահեցին նախատեսվածից ավելի երկարՙ մինչեւ կրկնաելույթ:
Ի դեպ, ունկնդրումից հետո ոչ միայն կրկնաելույթի, այլեւ նոր համերգների ակնկալիքն է զարգանում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ