«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2008-11-01 | #203, 2008-11-04 | #204, 2008-11-05


ԲԻԵՆԱԼԵՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին 6-րդ միջազգային Բիենալեի շրջանակներում Գյումրիի Ժամանակակից արվեստների թանգարանում բացվեց ժամանակակից ստեղծագործությունների ցուցահանդես: Միջոցառմանը միայն արտասահմանից մասնակցում էին ավելի քան 70 արվեստագետներ, արվեստաբաններ, համադրողներ եւ ժամանակակից արվեստի կենտրոնների ներկայացուցիչներ, հայաստանաբնակների մասնակցությունը նույնպես մեծ էր: Իսկ նպատակն էր մարզերում ապրող բնակչությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի բոլոր դրսեւորումներին:

Նոյեմբերի 7-ին նույն ցուցահանդեսը կբացվի արդեն Վանաձորի պատկերասրահում: Այդ կապակցությամբ երեկ «Ռիա նովոստի» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գյումրիից եւ Վանաձորից ժամանած արվեստագետների հետ:

Վանաձորի պատկերասրահը հիմնվել է 1974-ին եւ ունի հարուստ մշակութային ֆոնդ: Արդեն ավանդական է դարձել, որ տարին երկու անգամ պատկերասրահում բացվում են տեղի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ:

Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Համբարձում Ղուկասյանը պատկերավոր ներկայացնելով գյումրեցիների ոգեւորությունը, միաժամանակ վստահեցրեց, թե կասկած չունի, որ Վանաձորում էլ ցուցահանդեսը շատ լավ են ընդունելու, որովհետեւ այնտեղ էլ հրաշալի երիտասարդություն կա, իսկ նկարիչներն իրենց գործի նվիրյալներ են ու ամեն ինչ անում են գեղեցիկի տարածման համար:

Վանաձորում կտեսնեն Յան Կրաուչերի, Էլվիրա Ռայթի, Աշոտ Ավագյանի, Վահագն Ղուկասյանի, Սամվել Ղարիբյանի եւ այլոց ստեղծագործությունները: Այս աշխատանքները դեկտեմբերի 7-ին կցուցադրվեն նաեւ Սպիտակում: Այնուհետեւ կազմակերպիչները կտավները կնվիրաբերեն Սպիտակի երկրաշարժի թանգարանին:

Մյուս տարի հունիս ամսին այս կտավները կցուցադրվեն Սալոնիկում, ինչն ըստ Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրեն Ազատ Սարգսյանի , լուրջ ձեռքբերում է:

Գյումրին ժամանակակից արվեստի կենտրոն

Հանրապետության երկրորդ քաղաքը` Գյումրին այսօր չունի պատկերասրահ: Երկար տարիներ Գյումրիում գործել է Ազգային պատկերասրահի (ԱՊ) մասնաճյուղը, սակայն շենքի հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառով կտավները մի քանի անգամ տեղափոխվել են, այնուհետեւ ցուցանմուշներն ուղարկվել են Երեւան:

«Բազմաթիվ նվիրատվությունների շնորհիվ կտավների հսկայական հավաքածու ունենք, որոնք արդեն երկար ժամանակ չեն ցուցադրվում: Այդ ստեղծագործությունները պետք է շնչեն, ապրեն», մտահոգություն հայտնեց Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Համբարձում Ղուկասյանը` նշելով, որ Գյումրիի նման քաղաքին պատկերասրահ է անհրաժեշտ:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը փաստեց, որ պատկերասրահի հարցն արդեն կարելի է լուծված համարել. «Նախարարությունը նախատեսել է Աբեղյան փողոցում գտնվող նախկինում շքեղ, իսկ այժմ ավերված շինությունը վերանորոգել եւ դարձնել ԱՊ մասնաճյուղ: Շենքը կկառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան եւ կունենա շատ մեծ այգի, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա ցուցահանդեսներ: Այստեղ կներկայացվեն ԱՊ-ում գտնվող բազմաթիվ կտավներ, որոնք արդեն երկար տարիներ չեն ցուցադրվել: Հարկերից մեկն էլ նախատեսված կլինի ժամանակակից արվեստի համար, որի շնորհիվ Գյումրին կդառնա արդի արվեստի կենտրոն», ասաց նա: Եթե այդքան հեշտ է արվեստի կենտրոն դարձնելը, ի՞նչ եք սպասում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4