Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը եւ ներկայացրեց 2008-ի 9 ամսում ՀՀ-ում հանցավորության վիճակը եւ դրա դեմ տարվող պայքարի արդյունավետության արդյունքները: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում գրանցվել է 6825 հանցագործության դեպք, որը 315 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հանցավորության մակարդակը բարձր է միայն Երեւանում` 31,4 տոկոս, որից հետո Գեղարքունիքում` 11,1, Սյունիքում` 12,7 եւ Արմավիրում` 13,1 տոկոս: 281 դեպքով աճել են ծանր հանցագործությունները (2571-ից 2852 է դարձել), իսկ 6-ով առանձնապես ծանրերը (136-ից դարձել է 142): Աճ է արձանագրվել սպանության (51-ից` 62), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (25-ից` 49), այդ թվում` բռնաբարության եւ բռնաբարության փորձի դեպքերով (5-ից` 14): Նվազում է արձանագրվել սպանության փորձերով (25-ից` 23) եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (380-ից` 370) դեպքերով: Աճ է արձանագրվել նաեւ ավազակության (55-ից` 111), կողոպուտի (88-ից` 157), գողության (2103-ից` 2204) եւ յուրացման կամ վատնման (52-ից` 63) դեպքերով: Աճ է գրանցվել քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակում` 8,8 %, իսկ կանանց թիվը դրանցում աճել է 8,2 %-ով (340-ից` 368): Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նվազել է 51-ով (265-ից` 214): Վարույթում գտնվող քրեական գործերի բացահայտումը նվազել 3,0 %-ով (71,8 %-ից 68,8 %), քրեական հետախուզման գծով` 2,3 %-ով, ծանր հանցագործություններով` 13,9 %-ով եւ այսպես շարունակ:
Անցած 9 ամսում տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու համար ոստիկանության 164 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի, 12-ը` զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին, 3-ի պաշտոնը եւ 4-ի կոչումը իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 12-ն ազատվել են աշխատանքից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ