«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2008-11-04 | #204, 2008-11-05 | #205, 2008-11-06


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Ինչպես ենթադրվում էր, ԱՄՆ նախագահական ընտրություններում ձայների շոշափելի առավելությամբ հաղթեց դեմոկրատական Բարաք Օբաման եւ ընտրվեց երկրի 44-րդ նախագահը: Հատկապես ուշագրավ էր նրա հաղթանակը վերջին 40 տարիներին հանրապետականների համար անառիկ միջնաբերդի դեր կատարող Վիրջինիայում: Ի դեպ, հակառակ սեւամորթ մահմեդական հորը, իր սպիտակամորթ մոր նման կաթոլիկ քրիստոնյա Օբաման դեմոկրատական 15-րդ նախագահն է երկրում:

Նախագահի պաշտոնում ընտրվելու առնչությամբ Օբամային առաջինը շնորհավորել է Ջոն Մակքեյնը, ընդ որում անձամբ, համարելով նրա ընտրությունը մեծ հաջողություն նաեւ երկրի համար, ապա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, որին հետեւել են աշխարհի տարբեր երկրների նախագահների շնորհավորանքներըՙ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ:

Քվեարկության ընթացքին Չիկագոյից հետեւող Օբաման, որտեղ տեղակայված էր նրա շտաբ-կայանը, հաղթանակի առթիվ համակիրներին ասել է. «Ամերիկայում վերափոխումներն սկսել են, իրողություն է դարձել երազանքը»: Հիրավի, այդ վերափոխումներին ամերիկացի ժողովրդի հետ սպասում են ինչպես ամերիկյան սպառնալիքներին թիրախ դարձած Իրանի, Սիրիայի պես երկրներն ու Ռուսաստանի, Չինաստանի նման մրցակիցները, այնպես էլ Արեւմուտքի մաս կազմող Եվրոմիությունը, Կանադան, Ճապոնիան, ինչու չէ, նաեւ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, որովհետեւ համաշխարհային նշանակության խնդիրները ուժի դիրքերից միանձնյա լուծելու, որոշումների կայացման մեխանիզմները տարբեր տարածաշրջաններում ինքնուրույն ձեւավորելու եւ տնօրինելու, երկրագնդի վրա գերիշխանության հավակնություններով պետություններին կամք թելադրելիս առանց խտրականության բոլորի ազգային արժանապատվությունը վիրավորելու Բուշի «նոր պահպանողականներով» հագեցված վարչակարգի որդեգրած քաղաքականությունը տարաձայնություններ, դժգոհություն եւ հակազդեցություն է առաջ բերել նույնիսկ ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցների շրջանում: Էլ չենք խոսում ԱՄՆ-ի սասանված միջազգային հեղինակության եւ աշխարհով մեկ տարածված հակաամերիկյան տրամադրությունների մասին:

Այլ կերպ, Օբաման նախագահ Բուշից չափազանց ծանր ժառանգություն է ստանում: Վերափոխումների մասին ամերիկյան ժողովրդի եւ ողջ աշխարհի ակնկալիքներն արդարացնելու համար նրան անհրաժեշտ է, ըստ հաջորդականության, լուծել այնպիսի անհետաձգելի խնդիրներ, ինչպիսիք են հետզհետե տնտեսականի վերաճող եւ աշխարհով մեկ տարածվող ֆինանսական ճգնաժամը, Իրաքի անիմաստ պատերազմը, որը միջին հաշվով ամսական 10 մլրդ դոլար է խլում պետբյուջեից, Պակիստանի հետ զինված բախումների հանգեցրած հակաաֆղանական պատերազմը, Իրանի միջուկային ծրագիրը եւ դրա պատճառաբանությամբ առաջացած իրանա-ամերիկյան հակասությունները:

Օբաման նախորդից որպես ժառանգություն ստանում է նաեւ միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ այլ խնդիրներ, մասնավորապես Սիրիայի հետ օրերս կատարված հարձակումով սրված լարվածությունը, խորհրդային նախկին ռազմածովային բազաները Ռուսաստանին տրամադրելու Սիրիայի, Եմենի, Լիբիայի ղեկավարության ձեռնարկումները, որը ռուսական ռազմական ներկայություն է ենթադրում տարածաշրջանում, Չինաստանի հետ անհաշտ մրցապայքարը, ինչպես նաեւ Եվրոմիության եւ տարածաշրջանի դաշնակիցների հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը:

Բարաք Օբաման դեռեւս նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ-ի տնտեսական անկումն ու ֆինանսական ճգնաժամը պայմանավորելով Աֆղանստանում ու Իրաքում ծավալվող պատերազմներով, փաստորեն անկման եւ ճգնաժամի հիմքում դրեց Բուշի վարչակարգի վարած քաղաքականությունը: Նա միաժամանակ արտահայտվեց ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու եւ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու մասին, ընդգծելով, որ նոր վարչակարգի քաղաքականությունը ռազմատենչ չի լինելու:

Իրաքից զորքերի դուրս բերումը հիրավի ենթադրում է քաղաքականության փոփոխությունը: Սակայն այդ երկրում ԱՄՆ-ի ձախողմամբ նշված փոփոխությունն ինքնաբերաբար անհրաժեշտության է վերածվել: Ինչ վերաբերում է Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քանի որ դրա անհրաժեշտ նախապայմանը զորքերի համալրումն է, ուստի դրանով Օբաման հակասում է նոր վարչակարգի ոչ ռազմատենչ քաղաքականության մասին իր իսկ խոսքերին:

Չպետք է, սակայն մոռանալ, որ Օբաման հեղափոխական չէ, ուստի չի կարող արմատական փոփոխությունների գնալ, ոչ էլ քաղաքական նպատակների համար հրաժարվել ռազմական միջոցների կիրառումից: Նրան այդ հնարավորությունը ոչ Բուշի վարչակարգից ստացած ծանր ժառանգությունն է տալիս, ոչ էլ այդ վարչակարգի որդեգրած քաղաքականության հետեւանքով տարբեր տարածաշրջաններում ստեղծված միջազգային իրավիճակը:

Ակնհայտ է, սակայն, որ Իրաքից զորքերի դուրսբերման պատրաստակամությամբ Օբամայի վարչակարգը չի կարող ռազմական ներխուժման սպառնալիքի տակ պահել Իրանին, Սիրիային: Այդ սպառնալիքի վերացման եւ զորքերի դուրսբերման դեպքում լարվածությունը զգալի կթուլանա ոչ միայն Իրանում, Սիրիայում եւ Իրաքում, այլ Մերձավոր եւ Միջին Արեւելքի ողջ տարածքում, իսկ դա դրականորեն կանդրադառնա հարակից տարածաշրջանների վրա: Դրանով կստեղծվեն դաշնակիցների հետ հարաբերությունները բարելավելու, իսկ մրցակիցների հետ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտ նախադրյալները ԱՄՆ-ի համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4