Կամ ամերիկյան պատմական ընտրությունները եւ դրա դասերը
Երեկ ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրությունները իրապես կարելի է համարել պատմական: Առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ աշխարհի գերհզոր պետության ղեկին կկանգնի սեւամորթ ամերիկացին: Արդյոք այդ տարօրինակ անուն-ազգանունով մարդը իսկապես կդառնա՞ ամերիկյան նոր հույսի ներկայացուցիչը, թե մյուս նախագահներից կտարբերվի միայն մաշկի գույնով, ցույց կտա ժամանակը: Սակայն արդեն այսօր իսկ պարզ է, որ ԱՄՆ-ում սկսվում է մի նոր ժամանակաշրջան, երբ ամերիկյան մեծ հույսի գաղափարը իսկապես դառնում է իրական եւ Իլինոյս նահանգում ծնված սեւամորթ մի տղա դառնում է հզորագույն երկրի նախագահը:
Պայքարը Բարաք Օբամայի եւ Ջոն Մակքեյնի միջեւ ինքնին հետաքրքրական էր, քանի որ ոչ միայն պայքար էր Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ, այլեւ պայքար էր ամերիկյան ավանդական եւ նոր մտածելակերպի միջեւ: Իզուր չէ, որ շատերը հարց էին տալիս` արդյոք ամերիկացիները կընտրեն ինչպես միշտ` անգլո-սաքսոնական ծագումով բողոքական եկեղեցուն պատկանող Մակքեյնի՞ն, թե՞ նոր փոփոխությունների կարգախոսով հանդես եկող սեւամորթ այդ տղային: Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ ամերիկացիները նոր փոփոխությունների կարիք ունեն եւ չեն վախենում այդ փոփոխություններից ու նույնիսկ պատրաստ են երկրի ղեկը վստահել քենիացի սեւամորթ հորից եւ ամերիկացի սպիտակամորթ մորից ծնված մարդուն` Բարաք Օբամային: Այսինքնՙ սա նաեւ ինչ-որ տեղ ամերիկացիների պատասխանն է երկրի գործող նախագահ Ջորջ Բուշի վարած արտաքին քաղաքականությանը, ինչի պատճառով երկիրը ստիպված է երկու ճակատներով պատերազմներ մղել Իրաքում եւ Աֆղանստանում: Սա ոչ միայն հսկայական ֆինանսական, այլեւ մեծ թվով մարդկային կորուստների պատճառ է եղել:
Մակքեյնի հրաժարումըՙ նոր հայացքով նայել ԱՄՆ-ում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, հանգեցրեց նրա պարտությանը: Իսկ Օբաման ավելի էր պատրաստ փոփոխություններին եւ նույնիսկ իր նախընտրական քարոզարշավը կազմակերպում էր հաշվի առնելով բարեփոխումների անհրաժեշտությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաները: Վերջինս ակտիվ կերպով օգտագործում էր ինտերնետը, որի օգնությամբ էլ սկսեց իր քարոզարշավը եւ որն էլ դարձավ նրա ընտրական պայքարի ֆինանսավորման նոր աղբյուրը: Դեռ մեկ տարի առաջ, երբ Օբաման դեմոկրատների կողմից իր թեկնածությունը ներկայացրեց այդ կուսակցության նախնական պայքարին` փրայմերիզին, կուսակցության անունից հանդես գալու իրավունքը նվաճելու համար, քչերն էին հավատում, որ ինչ-որ մեկին ընդհանրապես, իսկ սեւամորթ Օբամային առավելապես կհաջողվի հաղթել Հիլարի Քլինթոնին, որն այդ շրջանում ամերիկյան քաղաքական էլիտայի եւ հատկապես Դեմոկրատական կուսակցության ամենահեղինակավոր եւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչն էր եւ ուներ ամուսնու` Բիլ Քլինթոնի աջակցությունը: Սակայն դեռ Սենատում տեղ գրավելու համար ընթացող պայքարում Օբաման ապացուցել էր, որ ինքը փայլուն հռետոր է եւ տիրապետում է բանավեճի արվեստին, ինչը նա փայլուն կերպով ցուցադրեց սկզբում Հիլարի Քլինթոնի, հետո Ջոն Մակքեյնի դեմ ընթացող պայքարում:
Օբաման շատ ավելի ճկուն էր նաեւ բազմազգ Ամերիկայում իր քաղաքական կուրսը տանելիս եւ իր քարոզչության ընթացքում ակտիվ կերպով հանդես էր գալիս տարբեր էթնիկ խմբերի շահերի պաշտպանությամբ: Նա նաեւ հայտարարեց նախագահ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ընդունման մասին մինչդեռ, երբ Ջոն Մակքեյնը այս հարցում մինչեւ վերջ լռություն պահպանեց: Հիշեցնենք նաեւ, որ ընտրություններից մի քանի օր առաջ Օբամայի անունից ամերիկահայերին ուղարկած բաց նամակում վերջինս մեկ անգամ եւս հաստատել էր. «ԱՄՆ-ն ու համաշխարհային համայնքը պետք է վերհիշեն անցյալը եւ դասեր քաղեն մարդկության դեմ գործադրված անցյալի ոճրագործություններից: Սուդանում ականատես ենք լինում նույնանման բիրտ մարտավարությունների` տեղահանության, սովամահության եւ զանգվածային ոչնչացումների գործադրման, որոնք օսմանյան իշխանությունները կատարեցին հայության դեմ 1915 թվականին»: Հիշեցնենք, նաեւ, որ նա խոստացել էր ամերիկահայերին նաեւ էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Կճանաչի՞ արդյոք նորընտիր նախագահը ցեղասպանությունը, թե՞ կհետեւի այդ պաշտոնը զբաղեցրած նախկին նախագահների օրինակին եւ կմոռանա իր խոստումը ընտրությունից հետո, ցույց կտա ժամանակը, սակայն հիշեցնեմ, որ սենատոր Օբաման Կոնգրեսում ակտիվ աշխատանք էր տանում այդ հարցում:
Ինչեւէ, նկատենք, որ ճիշտ էր նաեւ նրա ընտրությունը փոխնախագահի հարցում եւ փորձառու սենատոր Ջո Բայդենին առաջարկելով այդ պաշտոնը, Օբաման այսպիսով լռեցրեց իր այն քննադատներին, որոնք նրան մեղադրում էին արտաքին քաղաքականության անփորձության մեջ:
Ի դեպ, նախագահական ընտրություններին զուգահեռ ԱՄՆ-ում ընթանում էին նաեւ Կոնգրեսի` Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի քանի տեղերի ընտրությունները եւ արդեն հայտնի արդյունքները վկայում են, որ Դեմոկրատական կուսակցությունը ուժեղացրել է իր վերահսկողությունը թե՛ Սենատում, եւ թե՛ Ներկայացուցիչների պալատում: Այսինքնՙ Բարաք Օբաման կնախագահի իր համար բավականին բարենպաստ պայմաններում, երբ նրա կուսակցությունը իր հսկողության տակ կպահի նաեւ երկրի օրենսդիր մարմինը: Ամերիկյան ժողովրդավարության պատմության մեջ նման համադրումը հազվադեպ է լինում: Ամերիկացիները հիմնականում աջակցում են այն կուսակցությանը, որը չի վերահսկում գործադիր մարմինը, դեմոկրատ նախագահի ժամանակ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում հանրապետականները, իսկ հանրապետականի ժամանակՙ դեմոկրատները: Այս սկզբունքը շատ հազվադեպ է խախտվել: Վերջին անգամ նման «շքեղությունից» օգտվել էր Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության առաջին շրջանում, երբ հանրապետականները վերահսկում էին նաեւ Կոնգրեսի երկու պալատները:
Այսպիսովՙ ԱՄՆ-ը ունի նոր նախագահ, որը 2009-ի հունվարի 9-ին կստանձնի աշխարհի հզորագույն այդ երկրի ղեկավարությունը եւ կլինի առաջին աֆրոամերիկացին, ով կհաստատվի Սպիտակ տանը նախագահի կարգավիճակով: Այս ընտրությամբ ամերիկացիները աշխարհին եւ իրենք իրենց ապացուցեցին, որ այդ երկիրը մեկընդմիշտ ազատվել է ստրկատիրական երկրի պատմություն ունեցող պետության հիշողությունից եւ բարդույթներից: Այսինքնՙ ԱՄՆ-ի պատմության սեւ էջերը, ռասիստական ժամանակաշրջաններն անցյալում են եւ այդ երկրում տաղանդավոր մարդըՙ անկախ մաշկի գույնից եւ էթնիկ պատկանելությունից, կարող է հավակնել ամենաբարձր պաշտոնին եւ վայելել բնակչության մեծամասնության վստահությունը, հանդուրժողականության լավ դաս տալով շատերին:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ