Աշխատակցից «աբիժնիկ» սարքելը, պարզվում է, մեր օրերում ակնթարթի հարց է
«Ազգ»-ի օգոստոսի 21-ի համարում տպագրել էինք ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Գեղամ Քյուրումյանի «ՀՀ կառավարության լրջագույն անելիքը գյուղոլորտում» հոդվածը, ուր հեղինակը խոսում է ՀՀ գյուղոլորտում եգիպտացորենի հատիկի որոշակի ծավալների արտադրության օգնությամբ առաջնահերթ անասնապահության ճյուղում էական արդյունքների ձեռքբերման, երկրում սոցիալ-տնտեսական բարենպաստ վիճակի ստեղծման մասին: Օգոստոսի 22-ին նա հրավիրվել է նախարարության անձնակազմի կառավարման բաժին եւ ստացել օգոստոսի 19-ի նշումով աշխատանքից ազատման իր գրքույկը: Ինչո՞ւ. ներկայացնում ենք Գ. Քյուրումյանի մեկնաբանությունը, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով տպագրելու նաեւ նախարարության պատասխանը:
Նորանկախ Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակը պայմանավորելով ՀՀ գյուղոլորտում ընթացող գործընթացներով, դեռեւս 1991 թվականին «Գործ» թերթում տպագրել եմ «Հայոց հողը լիարժեք է, մեր վերաբերմունքն է անլիարժեք» ամբողջ էջ զբաղեցնող հոդված: Հետագա տարիներին ՀՀ մամուլի տարբեր օրաթերթերում ու ամսագրերում եւ մի քանի հեռուստահաղորդումներում հյուրընկալվելու ընթացքում անդրադարձել եմ ոլորտում ընթացող զարգացումներին, գտնելով, որ գյուղատնտեսական գործունեության հիմնական նպատակը անասնապահության ոլորտին անհրաժեշտ լավագույն կերատեսակների բավարար արտադրությունն է: Այս մոտեցումն արժանացել է խնդրով մտահոգ մի շարք գիտնականների ու կերարտադրության կազմակերպիչների դրական գնահատականին: Պակաս կարեւոր չեմ համարում նաեւ այն փաստի հիշեցումը, որ հետհամալսարանական աշխատանքային գործունեությունս սկսել եմ երբեմնի գյուղատնտեսական Գուգարքի շրջանի «Գուգարք» թերթում: Այնպես որ 2006-ի դեկտեմբերին ՀՀ գյուղնախարարի խորհրդականի պաշտոնում հայտնվելս ընթացող զարգացումների տրամաբանական շարունակություն կարելի է համարել:
2007-2008 թվականներին ՀՀ կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել բարձր վերարտադրողական արժեք ներկայացնող եգիպտացորենի հատիկի արտադրությունը ՀՀ-ում էապես շրջանառելու ուղղությամբ, ակնկալելով անասնապահության ոլորտում էական արդյունքների ձեռքբերում, կամ, մասնագիտական լեզվով ասած, երկրում պահվող անասնագլխաքանակի ներուժի լիարժեք օգտագործումը: Միայն այս ճանապարհով կկանխվի 100-միլիոնավոր դոլարների հասնող կաթնամսամթերքների անհարկի ՀՀ ներկրումները եւ պայմաններ կստեղծվեն դրանք արտադրել ՀՀ 340 հազար գյուղացիական տնտեսություններում, որոնք տնօրինողների մեծ մասն այսօր իրենց համարում են հողին հանձնվածներ: Այս մշակաբույսի հատիկի արտադրության հետագա ավելացումները կնպաստեն հայրենական բուսական յուղի, բենզինին փոխարինող էթանոլսպիրտի արտադրությունների, այլ ոլորտների ծավալմանն ու աշխուժացմանը, ինչպիսի գործընթացներ արդեն տասնամյակներ շարունակ ընթանում են զարգացման որոշակի արդյունքների հասած երկրներում:
2008 թվականի հունիսի 2-ին ՀՀ գյուղնախարարի փոփոխությունից հետո հեղինակածս երկու գրքույկները` «Եգիպտացորեն. 1.000.000 տոննա հատիկի արտադրություն Հայաստանում» եւ «Եգիպտացորեն. 1.000.000 տոննա հատիկի արտադրություն Հայաստանում. ինչու» ներկայացրել եմ նորանշանակ նախարարին, ակնկալելով իր կարծիքը: Երկամսյա անորոշությունից հետո, օգոստոսի 5-ին դիմեցի ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, խնդրելով գրքույկներում արծարծված հարցերին ՀՀ կառավարության գնահատականը: Արձագանքը շատ արագ ստացվեց. նույն օրն եւեթ կանչվեցի ՀՀ գյուղնախարարության կադրերի բաժին հետեւյալ առաջարկով. դիմում գրել ազատման մասին: Բայց քանի որ սեփական դիմումով ազատվելու պարագայում իմ հետագա քայլերը ինչ-որ տեղ անտրամաբանական կդառնային, որոնք երբեւէ չթաքցնելով մշտապես ներկայացրել եմ գործընկերներիս, այն է` շարունակել եգիպտացորենի հատիկի արտադրության խթանմանն ուղղված ջանքերիս իրագործումը, առաջարկեցի նախարարության կողմից ազատելու տարբերակը: Այս պարագայում պահանջվում է 15-օրյա ժամկետ, որը լրանալու էր օգոստոսի 19-ին: Սակայն ոչ այդ օրը, ոչ օգոստոսի 20-ին եւ 21-ին, մշտապես գտնվելով աշխատավայրում, ունենալով զրույցներ ու հանդիպումներ անգամ ղեկավարների հետ, ազատմանս մասին խոսք չի եղել, թեեւ անձամբ այցելել եմ անգամ կադրերի բաժին: Օգոստոսի 22-ին արդեն կանչվել եմ այս ծառայություն եւ ստացել օգոստոսի 19-ի նշումով ազատմանս աշխատանքային գրքույկը:
Պաշտոն զբաղեցնելու եւ աշխատավարձ ստանալու համար չէ, որ հայտնվել եմ ՀՀ գյուղնախարարությունում, ոմանց կողմից արժանացել «Խրուշչով» մականվան, այլ եգիպտացորենի հատիկի համաշխարհային արտադրության վերլուծությունների արդյունքում կուտակած տեսական հնարավորություններս ՀՀ գյուղոլորտում օգտագործելու շրջանակներում: Խղճուկ աշխատավարձիս հաշվին թե՛ տասնյակ գյուղեր եմ մեկնել, թե՛ «Ագրոլրատու»-ում եգիպտացորենի մշակման կարեւորության վերաբերյալ անվճար հոդվածներ գրել, թե գրքույկներիս բազմացման հոգսերը լուծել: Փոխարենը ինձ փորձեցին «աբիժնիկ» սարքել, իմա` օգոստոսի 21-ին տպագրածս հոդվածից 3 օր առաջ աշխատանքից ազատելով: Թե իշխանության որ աստիճանում կայացվեց այս որոշումը, կարեւոր չեմ համարում:
Ժամանակը ցույց կտա, թե ՀՀ տնտեսությունում տիրող իրավիճակում եգիպտացորենի հատիկի արտադրությամբ, թե այլոց բանջարաբոստանային կցորդը դառնալով կպայմանավորվի Հայաստանի Հանրապետության տնտեսական կայացումը: Որ հայոց արեւաշող ու բարեբեր հողը կարտոֆիլի ու առվույտի, լոլիկի ու ծխախոտի մշակման նպատակով գերօգտագործելը ոչ երեկ, ոչ այսօր եւ առավել եւս վաղը ակնկալվող զարգացում չի երաշխավորի, ակնհայտ է մեկընդմիշտ: Հակառակը պնդողները պարտավոր են հանրությանը ներկայացնել իրենց մոտեցումներն ու փաստարկումները, առավել եւս` քանզի այդ կողմը ՀՀ իշխանությունն է, ՀՀ կառավարությունը:
Տարբեր երկրներում եգիպտացորենի հատիկը զարգացման հիմք է դարձրել, մեր պարագայում` կորսվելիք տարիների համար թե ով պատասխան կտա, թերեւս միայն Աստծուն է հայտնի: Թեեւ, ինչպես նշել եմ գրքույկներից մեկում. «1.000.000 տոննա եգիպտացորենի հատիկի արտադրությունը հայերիս կողմից իրատեսական է, անգամ ամեն ակնթարթ մեզ պարուրող հուսահատության իրողության պարագայում»:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ