«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2008-11-04 | #204, 2008-11-05 | #205, 2008-11-06


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՆՍԿՈՒՄ

Այս տարի ԱՊՀ երկրների երիտասարդական «Դելփյան խաղերը» կայացել են 5-րդ անգամ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 20-26-ը 11 երկրների 73 երիտասարդ կատարողներ մրցել են իրենց վարպետությամբ: Մասնակիցների հաղթանակները պարգեւատրվել են 14 ոսկե, 8 արծաթե, 12 բրոնզե մեդալներով եւ 22 դիպլոմներով: Հայաստանը ներկայացնող 13 մասնակիցները ստացել են 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ ու 7 դիպլոմ: Մասնակիցների տարիքային խմբերը երկուսն ենՙ կրտսերը 10-15, ավագը 16-21 տարեկան, հետեւաբար, պատվիրակությունում ընդգրկվել են երիտասարդ կատարողներ երաժշտական դպրոցներից եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից: Նրանք բոլորն էլ կարողացել են լավագույնս հանդես գալ, չնայած չակնկալված ուժեղ մրցակցությանը, որ ուղեկցվել է նաեւ տարբեր երկրների մասնակցության չափի տարբերությամբ:

«Դելփյան խաղերի» կազմկոմիտեի նիստի ընթացքում առաջարկություն է եղել 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերը» անցկացնել Հայաստանում:։

Մեր պատվիրակությունը բուն խաղերին արժանիորեն մասնակցելուց բացի, այլ առաքելություն էլ է ստանձնել ու հանդիպել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:։

Հայկական պատվիրակության մասնակցությունը ԱՊՀ երկրների 5-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին» ապահովել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Իսկ երիտասարդ կատարողների ուսուցիչներին երեկ մշակույթի նախարարի հրամանով պատվոգրեր տրվեցինՙ նրանց սաների համերգի ընթացքում, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Երիտասարդ մենակատարները, որ Երեւանից, Գյումրուց, Վանաձորից, Կոտայքի ու Արմավիրի մարզերից էին, հանդես եկան վարպետորենՙ ներկաների հավանությանն արժանանալով: Երիտասարդ, բայց արդեն վարպետ կատարողների ելույթները հայ դասական կատարողական արվեստում առկա բարձրակետը ոչ միայն պահպանելու փաստ էին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4