Հակառակ դրան, ապրիլի 24-ի առնչությամբ ահազանգ է հնչեցնում Անկարան
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը մեծ ոգեւորություն է առաջացրել աշխարհով մեկ: Մինչ ամերիկացիները վերափոխումների մասին Օբամայի նախընտրական խոստումներին համապատասխան ակնկալում են ԱՄՆ տնտեսական անկման պատճառը դարձած ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը, աշխարհի ժողովուրդներն էլՙ խաղաղության, կայունության հաստատումն ու լարվածության թուլացումը տարբեր տարածաշրջաններում, Օբաման հայտարարում է. «Ես անկասկած սխալներ կգործեմ, սակայն իմ գործողություններում ազնիվ եմ լինելու»:
Օբաման խոստացել էր նաեւ ԱՄՆ նախագահ ընտրվելու պարագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Օբամայի այս խոստումն ու անկեղծությունը Հայաստանի եւ հայկական սփյուռքի համար հուսադրող հանգամանքներ են: Միանգամայն տրամաբանական է, որ այս հանգամանքներով պայմանավորվեր ընտրություններում Օբամայի հաղթանակի առթիվ մեր ժողովրդի գոհունակությունը:
Այդ գոհունակությունը թուրքական իրականության պարագայում վերածվել է ակնհայտ դժգոհության, որ տարբեր փորձագետներ եւ նախկին դեսպաններ նախազգուշացրել են վարչապետ Էրդողանի կառավարությանն, ասելով. «Ապրիլի 24-ի ուղերձում Բարաք Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը»:
Թուրքական «Սթար» թերթը նոյեմբերի 6-ի համարում «Ապրիլի 24-ի առնչությամբ ահազանգ Անկարայում» վերնագրով ներկայացրել է թուրք եւ օտարերկրացի փորձագետների, նախկին դեսպաններիՙ Օբամայի վերաբերյալ կարծիքը: Ըստ «Սթարի», ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն ասել է. «Նորընտիր նախագահի երդման արարողությունը հունվարի 20-ին է նշանակված: Մինչ այդ հայկական լոբբին կարող է փորձել, որ նրա ապրիլի 24-ի ուղերձում ընդգրկվի «ցեղասպանություն» բառը: Թուրքիան այս հարցում պետք է շատ զգույշ լինի»:
ԱՄՆ-ում Թուրքիայի մեկ այլ նախկին դեսպան Շուքրյու Էլեքդաղը նշել է. «ԱՄՆ նոր նախագահի ընտրության առաջին երեք, չորս ամիսներին Թուրքիան Հայկական հարցի առնչությամբ շատ ուշադիր պետք է լինի»: Նրան լրացրել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Քամեր Քասըմը. «Երբ խնդրո առարկան Օբաման է, ապա հայկական պնդումները դառնում են ճգնաժամի ամենահավանական աղբյուրը թուրք-ամերիկյան հարաբերություններում»:
Իսկ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ, դոցենտ Չաղըրը Էրհանն ընդգծել է. «Որքան էլ Օբաման հայերի պնդումները ճանաչելու մոտեցում ցուցաբերի, կարեւորը Թուրքիայի գործադրած ջանքերն են լինելու: Ապրիլի 24-ի ելույթում Օբաման կարող է «ցեղասպանություն» բառն արտասանել: Այդ հանգամանքն արդեն բեկումնային կլինի թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Օբամայի փոխնախագահ Ջո Բայդենը թուրքերի համոզված թշնամին է: 1915-ի իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն ճանաչելու դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի դրա համար համապատասխան գին վճարել»:
Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարկ Գրոսմանը լրացրել է թուրք գործընկերներին, ասելով. «Թուրքիան պետք է մտածի հայերի ցեղասպանության հարցում, զարգացնի հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացի սահմանները: Կարծում եմ, ավելի նախընտրելի է այդ հարցով Օբամայի վարչակարգին դիմել դրական այս քայլերի կատարումից հետո»:
Ըստ Թուրքիայում ԱՄՆ ներկայիս դեսպան Ռոս Վիլսոնի, յուրաքանչյուր նախագահ ի վերջո ըմբռնել է ԱՄՆ-ի համար Թուրքիայի կարեւորությունը, իսկ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Շերոն Ուայները լրացրել է նրան. «Օբաման անպայման կզգա, որ Թուրքիան ռազմավարական դաշնակից է եւ բարեկամ»: