«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՆՈՐ ԱԼԻՔԸ

Խորհրդարանական ու նախագահական նոր ընտրությունների անցկացումը` այսօրվա ցույցի հիմնական պահանջ

Վրաստանում վարդյա հեղափոխությունից հետո կարծես սովորել են այդօրինակ տրամադրություններին ու առնվազն տարին մեկ անգամ նման քաղաքական ակցիաների փորձեր են իրականացվում:

Անցյալ տարի վրացական ընդդիմության տասնյակից ավելի կուսակցություններ միավորվեցին, ստեղծեցին միասնական ընդդիմություն, բնավ էլ ոչ բարձրագոչ պահանջներով նոյեմբերի 2-ին դուրս եկան Ռուսթավելու պողոտա ու «վրան խփեցին» վարդյա հեղափոխություն տեսած վրաց խորհրդարանի շենքի դիմաց:

Ընդդիմությունն անցյալ տարի իր հանրահավաքը, որ շարունակվեց մի քանի օր, սկսեց խորհրդարանական ընտրությունները գարնանը կամ աշնանը անցկացնելու հարցից, ու քանի որ հավաքված բազմությունը սպասվածից շատ ավելի էր, հաջորդ օրն իսկ հնչեցրեց Վրաստանն առանց նախագահի տեսնելու պահանջ:

Նոյեմբերի 7-ին, սակայն, «վրացական գահից» հրաժարվելու մտադրություն իսկ չունեցող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռետինե փամփուշտներով ու ջրի շիթերով ցրեց հանրահավաքի մասնակիցներին, ջարդուխուրդ անելուց հետո փակեց ընդդիմադիրների համար եթերի միակ հնարավորությունը` «Իմեդի» հեռուստաընկերությունը: Մի շարք այլ իրադարձություններից հետո Վրաստանի նախագահ Սաակաշվիլին ստիպված էր արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել, որ անցկացվեցին 2008-ի հունվարի 5-ին ու ավարտվեցին Սաակաշվիլու վերընտրությամբ:

Այսօր, մեկ տարի անց վրացական ընդդիմությունը կրկին հայտարարել է հանրահավաք անցկացնելու մասին: Ավելին, այդ տրամադրությունների տրամաբանության մեջ ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, թե արդեն դեկտեմբերին իրենց ժողովրդավարական համարող մի շարք քաղաքական ուժեր, նաեւ իշխանության ներկայացուցիչներ պատրաստվում են քաղաքական նոր կազմակերպություն ձեւավորել:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան, որ այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներից է, մասնավորապես նշել է, որ այդ կառույցի ստեղծման խորհրդակցություններ ու քննարկումներ են ընթանում շատ կուսակցությունների ու իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, որոնց թվում, ըստ Կուկավայի, չկա Նինո Բուրջանաձեն, որը հիմա ղեկավարում է իր իսկ ստեղծած «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցությունը:

Ինչեւէ, մինչ այսօր վրացական ընդդիմությունն իր պահանջները կներկայացնի հանրահավաքում, երեկ ընդդիմադիր մի շարք առաջնորդներ հանդիպել են Վրաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ` ներկայացնելու իրենց ծրագրերն ու անելիքները:

Ամեն դեպքում, ընդդիմության միասնական հանդես եկող ճակատի համար վերջնական ու հիմնական պահանջ է մնում 2009-ի գարնանն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հետաքրքրական է, որ այս պահանջը ընդդիմությունը մատուցում է որպես իշխանություններին արվող առաջարկ այն դեպքում, երբ «Իմեդի» հեռուստաընկերությանն առնչվող դրույթները որակում է որպես պահանջ, որի կատարումը նոյեմբերի 23-ից ուշանալու դեպքում ընդդիմությունը զգուշացնում է հանրահավաքների եւ բողոքի այլ ակցիաների վերականգնման մասին:

Դեսպաններն ընդդիմության հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ` ինչպես ընդդիմությանը, այնպես էլ վրաց իշխանություններին կոչ անելով պատասխանատու վերաբերվել այսօրվա բողոքի ակցիային:

Հիշեցնելով 2007-ի նոյեմբերի 7-ի իրադարձություններն ու դրան հետեւած իրավիճակը` դեսպանները կոչ են արել մեկ տարի անց զերծ մնալ բռնություններից: Դեսպանական այս հայտարարությունը անմասն չի մնացել վերջերս բոլոր տեսակի խնդիրներում ավելի հաճախ հնչող «երկխոսության» գաղափարից, որի իրագործումը, սակայն, շատ դեպքերում անիրագործելիության տիրույթից է:

Ընդդիմության այս հանրահավաքն ու ընդհանրապես զանգվածային միջոցառումը վերջին ժամանակների համար եզակիության որակ է ստացել, քանի որ օգոստոսի 7-8-ի իրադարձություններից հետո, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, վրաց ընդդիմությունը իշխանությունների հետ ժամանակավոր համերաշխության հայտարարություն արեց` «արտաքին վտանգի դեմ մեկ ճակատով» հանդես գալու տրամաբանությամբ ու իսկապես պետականամետ մոտեցմամբ ղեկավարվելով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4