«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ԱՄՆ-Ը «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ» Է, ՆԱՏՕ-Նՙ «ՄՏԱՀՈԳՎԱԾ»

Երեկ «Ազգը» տեղեկացրեց Դաշնային ժողովին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հղած ուղերձի մասին, որով մասնավորապես նախատեսվում է Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռային համալիր տեղադրելՙ ի պատասխան Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղաբաշխման:

Այս կապակցությամբ երեկ ԱՄՆ պետդեպարտամենտը արտահայտել է «հիասթափություն»: Ֆրանսպրեսը մեջբերում է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մաքորմակի այն խոսքերը, թե. «Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայվող հակահրթիռային պաշտպանության օբյեկտներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Մեր հակահրթիռային համակարգը նախատեսված է հեռահար հրթիռներ մշակող Իրանի նման ագրեսիվ երկրներից պաշտպանվելու համար»:

Իսկ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Ուիթմենը լրագրողներին ասել է, թե Կալինինգրադի մարզում նոր հրթիռների տեղաբաշխումը տվյալ հարցում «չի փոխի Վաշինգտոնի դիրքորոշումը»:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը «լուրջ մտահոգություն» է արտահայտել Մեդվեդեւի որոշման կապակցությամբ: Դաշինքի ներկայացուցիչն ասել է, որ «Իսկանդեր» հրթիռների տեղաբաշխումը «սպառնալիքի տակ կդնի սպառազինությունների վերահսկման կարեւոր համաձայնությունների կատարումը, ինչպես նաեւ կարող է վատացնել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4