Չախալյանների ընտանիքի փաստաբան Ստեփան Ոսկանյանը երեկ «Ազգին» հայտնեց, որ Ախալցխայում տեղի ունեցան միաժամանակ Գուրգեն Շիրինյանի եւ Վագան Չախալյանի գործով դատական նիստերը: Դատը սկսվեց Գուրգեն Շիրինյանի բացակայությամբ, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ, նրա շահերը ներկայացնում էր պետական փաստաբանը: Դատարանի առջեւ էին կանգնել նաեւ Գուրգեն Շիրինյանի հայրը եւ հորաքույրը, որոնց շահերը պաշտպանում էին նրանց վարձած փաստաբանը: Ինչպես հայտնի է, Գուրգեն Շիրինյանը մեղադրվում է Ախալքալաքի շրջանի ոստիկանապետի դեմ մահափորձ կազմակերպելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ, ինչի ընթացքում սպանվել էր ոստիկան: Իսկ Շիրինյանի հորը եւ հորաքրոջը մեղադրում են, որ իմացել են իբր թե կազմակերպվող մահափորձի մասին, բայց չեն հայտնել: Դատի ընթացքում հարցաքննվել է 3 վկա: Առաջինը զոհված ոստիկանի հայրն էր, հայտարարեց, թե համոզված չէ, որ իր որդուն սպանել է Գուրգեն Շիրինյանը: Հետո հարցաքննվեցին 2 ոստիկանները, որոնց ցուցմունքների մեջ կային հակասություններ: Նրանք հայտարարեցին, որ չեն տեսել, թե ով է կրակել, այլ միայն ենթադրում են, որ եղել է Գուրգեն Շիրինյանը, տեսել են միայն փախչող մարդու: Այն հարցին, թե ինչու չէիք մտնում այն սենյակը, որտեղից կրակել էին, ոստիկանները պատասխանել են, որ վախենում էին, չնայած մինչ այդ ասում էին, թե տեսել են, որ կրակողը փախչում էր:
Վահագն Չախալյանի գործը սկսվեց ժամը 3-ին: Բացի Վահագնից դատարանի առաջ էին կանգնել նաեւ նրա հայրըՙ Ռուբեն Չախալյանը եւ եղբայրըՙ Արմենը: Վերջիններս մեղադրվում են «զենք եւ զինամթերք ձեռք բերելու մեջ», իսկ Վահագն Չախալյանը նաեւ 2006-ին «զանգվածային անկարգություններ եւ ցույցեր կազմակերպելու համար»: Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Ախալցխայի դատարանինՙ բացարկ հայտարարելու եւ դատը Ախալքալաք տեղափոխելու համար: Սակայն դատավորը մերժեց միջնորդությունը, նշելով, որ դա Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումն է, որ դատը տեղի է ունենալու Ախալցխայում, եւ այն բողոքարկման ենթակա չէ: Փաստաբանը փորձեց միջնորդել, որ Արմեն Չախալյանին ազատեն գրավի դիմաց, քանի որ նա առողջական խնդիրներ ուներ, սակայն դատարանի ներկայացրած թարգմանիչը չեր կարողանում թարգմանել փաստաբանի միջնորդությունը եւ այդ մասին հայտնեց դատարանին: Չախալյանի փաստաբանը խնդրեց, որ դատը թարգմանի իրենց թարգմանիչը, սակայն դատավորը այս միջնորդությունն էլ մերժեց, ասելով որ դատարանը կգտնի թարգմանիչ եւ հայտարարեց, որ նիստը հետաձգվում է 1 շաբաթով մինչեւ նոր թարգմանիչ գտնելը: