«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գրախոսության փոխարեն

Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Հեռուստատեսության տերմինների եւ հասկացությունների տեղեկատու բառարանը» :

Որքան էլ վերջին տարիներին աշխուժացել են հեռուստատեսության տեսության եւ պրակտիկայի ուսումնասիրությունները մեր երկրում, շատ հաճախ մասնագետները փոքր էկրանի խնդիրների մասին կարծես թե խոսում են տարբեր լեզուներով: Այս պարագայում ոչ միայն կարիք կա գիտական բանավեճերի, այլեւ հեռուստատեսության տերմինները եւ հասկացությունները ներկայացնելու առավել ճշգրիտ ու միասնական: Այս բացը լրացնելու է գալիս հիշյալ բառարանը, որը լույս է տեսել վերջերս: Հեղինակի հետ մեր զրույցը այս հրատարակության, հեռուստալրագրության տեսության եւ պրակտիակայի, կրթության եւ այլ խնդիրների մասին է:


- Պարոն Երիցյան, ինչո՞վ էր թելադրված նման բառարանի ծնունդը, մանավանդ վերջին տարիներին հրատարակած Ձեր մենագրությունները ներկայացնում են հեռուստատեսային տեսության եւ պրակտիկայի հիմնադրույթները:

- Այսօր գաղտնիք չէ, որ ընթերցողը` լինի մասնագետ, թե պարզապես հեռուստադիտող, ձգտում է շատ արագ քաղել անհրաժեշտ տեղեկատվությունը, հասկանալ տերմինը կամ հասկացությունը: Տարբեր հրատարակություններում ներկայացնում են տարբեր, երբեմն անգամ իրար հակասող տերմիններ եւ հասկացություններ, եւ այս դեպքում դժվար է լինում կողմնորոշվել: Իհարկե, այլ կռվաններ էլ կարելի է ներկայացնել հօգուտ բառարանի, ինչն էլ մղեց ստեղծելու այս աշխատանքը:

- Եթե չենք սխալվում, սա Ձեր առաջին փորձը չէ: 2000-ին Դուք Ստեփան Մարությանի հետ համահեղինակությամբ հրատարակեցիք «Հեռուստատեսության եթերի գաղտնիքները. տեղեկատու բացատրական բառարան բոլորի համար» գիրքը: Ի՞նչ է ավելացել դրան, ի՞նչ է փոխվել:

- Ժամանակը ցույց տվեց, որ գրքում ներկայացված տերմինները եւ հասկացությունները ոչ միայն ավելի թարմ ու ժամանակակից մեկնաբանությունների կարիք ունեն, այլեւ անհրաժեշտություն կա տարանջատելու հեռուստատեսության տերմինները ռադիոյի տերմիններից` յուրաքանչյուրն ավելի ամբողջական ներկայացնելու համար:

Մի վերջին հաշվով հեռուստատեսությունը, լինելով 20-րդ դարի ծնունդ, շատ արագ զարգացում է ապրում եւ պետք է փորձել այդ ամենը թեկուզեւ թեզիսային կերպով ներկայացնել բառարանում: Օրինակ, բառարանում մեծ տեղ են գրավում ժամանակակից հեռուստատեսության զարգացման միտումներին, մասնավորապես թվային հեռուստատեսությանը նվիրված հոդվածներ:

- Կարելի՞ է ենթադրել, որ բառարանում տեղեկատվություն կա հեռուստատեսության հայտնագործումից սկսած մինչեւ մեր օրերը:

- Անկասկած, բառարանը տարբեր հոդվածների միջոցով ներկայացնում է ոչ միայն պատմական զարգացումները ավանդական եւ ժամանակակից մոտեցումներով, այլեւ հեռուստատեսության ողջ զինանոցը` իր հազար ու մի գաղտնիքներով: Բայց նպատակը մեկն է եղել, որ յուրաքանչյուր տերմին ու հասկացություն ոչ միայն բացատրություն ու մեկնաբանություն ունենա, այլեւ ուշագրավ լինի եւ կարեւորված հեռուստատեսության տեսության եւ պրակտիկայի համար:

- Առիթ եմ ունեցել թերթելու բառարանը եւ տպավորություն ստացա, որ այն ինչ-որ չափով դուրս է գալիս բառարանային այժմյան պահանջմունքների շրջանակներից` ոչ միայն տալիս է տերմինի եւ հասկացության իմաստի բացատրությունը, այլեւ ներկայացնում համառոտ, բայց եւ ամբողջական մեկնաբանություն` ինչո՞վ է դա պայմանավորված:

- Դուք ճիշտ եք նկատել: Հեռուստատեսությունում իմ երկար տարիների պրակտիկան, ուսանողների հետ աշխատանքը ցույց են տալիս, որ երբեմն կարիք է լինում ավելի ամբողջական բացատրություններ ներկայացնելու, մանավանդ, երբ խոսքը առնչվում է հեռուստատեսային մասնագիտություններին, գործառույթներին, ժանրային առանձնահատկություններին եւ այլ խնդիրներին: Հակառակ դեպքում հպանցիկ մեկնաբանությունը բավարար լինել չի կարող: Թերեւս այս իրողություններն են պատճառ դարձել մի փոքր ընդարձակվելու առանձին տերմիններ եւ հասկացություններ ներկայացնելիս:

- Պարոն Երիցյան, նկատենք նաեւ, որ բառարանին նախորդել են Ձեր մի քանի մենագրությունները, մասնավորապես «Հեռուստատեսություն գործառույթները, զարգացման միտումները եւ հեռանկարները», «Հեռուստատեսային մասնագիտություններ. կրթությունից մինչեւ վարպետություն», «Հեռուստատեսություն` մտահղացումից մինչեւ եթեր» գրքերը: Արդյոք դրանք չե՞ն նպաստել նման ժանրով գրքի ծնունդին:

- Ձեր թվարկած եւ լույս տեսած այլ գիտապրակտիկ ուսումնասիրություններում փորձել եմ ծանրութեթեւ անել հեռուստատեսության տեսության եւ պրակտիկայի խնդիրները` մեր ժամանակների հայեցակետից եւ մոտեցումներից ելնելով: Օրինակ` շատ բան հեռուստատեսությունում մնում է ավանդական, բայց ավելի քիչ չեն փոփոխությունները, քանզի հեռուստատեսության զարգացումը բերում է ստեղծագործության որակի եւ ձեւերի, մեթոդների արագ փոփոխությունների: Օրինակ, ժանրերը կամ հաղորդատեսակները: Դրանք պահպանելով իրենց ավանդականը, միեւնույն ժամանակ եթերը հարստացնում են ժանրային նոր դրսեւորումներով ու հաղորդատեսակներով: Օրինակ, թոք-շոուի ժանրը անընդհատ նոր որակներ է ձեռք բերում, հեռուստատեսային ռեպորտաժը խառնում է ժամանակի ու տարածության սահմանները, հեռուստաակնարկը վերածվելով հեռուստաֆիլմի` փոքր էկրան է բերում ջերմ ու մտերիմ խոսքն ու վերաբերմունքը:

Փոխվել են նաեւ հեռուստատեսային մասնագիտությունների բնութագրերը. մի կողմից մեկ մասնագետը ձգտում է հարկ եղած դեպքում լինել ե՛ւ լրագրող, ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ օպերատոր կամ այլ գործառույթ կատարել, մյուս կողմիցՙ երեւան են գալիս եթերի համար շատ անհրաժեշտ նեղ ուղղվածություն ունեցող մասնագիտություններ:

- Պարոն Երիցյան, ո՞ւմ են հասցեագրված Ձեր գրքերը:

- Անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հեռուստատեսությամբ: Բայց թերեւս նրանց մեջ առանձնանում են ուսանողները, որոնք այդքան շատ կարիք ունեն մայրենիով մասնագիտական գրականության, իսկ ուսանողներն էլ դժվարություններ ունեն օտար լեզուներով տիրապետելու մասնագիտական գրականությանը: Մինչեւ վերջերս ստացվում էր այնպես, որ յուրացնում էին այն ամենն, ինչ փորձում էր լսարանում ուսանողներին մատուցել հեռուստատեսության պրակտիկը կամ տեսաբանը: Այսօրվա լրագրողական կրթության մակարդակի բարձրացմանը խոչընդոտում է անհրաժեշտ ուսումնական գրականության պակասը, որը կարող էր ստեղծվել բուհերի մասնագետների եւ պրակտիկ աշխատողների կամ լրագրողների համատեղ ջանքերով:

- Ի դեպ, ապագա լրագրողների պատրաստման մասին: Ինչպիսի՞ն է լրագրողական կրթության մակարդակը, ի՞նչ պետք է անել բարձրացնելու համար:

- Երեւի թե ամեն մի մասնագիտությամբ բարձրագույն կրթությունն սկսվում է մասնագիտական կողմնորոշումից, ինչը կարծես թե մեզ մոտ մոռացության է մատնված: Այսինքն` բուհ են գալիս շրջանավարտներ, որոնց համար էական չէ, թե ինչ մասնագիտություն են ընտրել: Սա առաջին: Երկրորդ, շրջանավարտների ցածր մակարդակը, որոնք լրագրության մասնագիտություն են ընտրել: Այդ ամենով հանդերձ նրանց մի մասն էլ իրենց ցածր գիտելիքներով շատ հավակնոտ են դառնում, միայն ու միայն շատ արագ թոթովախոս հրապարակախոսում ու հաղորդումներով ձգտում են հայտնվել հեռուստառադիոեթերում կամ թերթերի էջերում ու այդ ամենը բավարար համարում իրենց մասնագիտական կայացման համար:

Շատերի համար էլ դրանով ավարտվում է իրենց մասնագիտական կայացումը: Այս ամենը մի կողմից: Մյուս կողմից էլ լրատվամիջոցները շահագրգռված չեն իրենց ապագա լրագրողների հետ որոշակի աշխատանք կատարելու, ձգտելով «պատրաստի» լրագրողների հետ աշխատել:

Երրորդ պարագայում բուհում լրագրություն են ուսուցանում միայն լսարաններում` չունենալով անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներ: Այս ամենի եւ այլ գործոնների արդյունքում պատրաստում ենք մասնագետներ, որոնք դժվարությամբ են քննություն բռնում պրակտիկայում, իսկ խմբագրություններն էլ նախընտրում են նրանց փոխարեն աշխատանքի ընդունել ոչ լրագրողական կրթություն ունեցողների, որոնք կարողանում են միայն գրագետ շարադրանք ստեղծել, ուրիշ ոչինչ: Կրթությունը առանձին լրատվամիջոցների չի հետաքրքրում:

- Լավ, ճանաչված լրագրող դառնալու համար բավարա՞ր է մասնագիտական կրթությունը:

- Իհարկե, ոչ: Ապագա լրագրողը պետք է ունենա հիմնարար միջնակարգ կրթություն, զարգացած եւ շատ կարդացած լինի, ունենա լայն աշխարհայացք: Իսկ բուհում սովորելով չպետք է բավարարվի մասնագիտական կրթությամբ, այլ ինքնակրթությամբ պետք է անընդհատ փորձի գիտելիքներ ամբարել իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու համար: Չէ՞ որ սա հենց այն մասնագիտությունն է, երբ չգիտես, թե այս կամ այն գիտելիքը երբ է պետք գալու: Կարեւորն այն է, որ նա ճիշտ ընտրի իր մասնագիտական հասունության եւ վարպետության ուղին` ոչ շատ շտապի եւ ոչ էլ դանդաղի: Եթե շտապեց, կարող է շուտ այրվել, իսկ դանդաղելու դեպքում էլ կարող է միշտ ուշացած լինել: Պետք է կարողանալ մասնագիտության հասունության այնպիսի ընթացք ընտրել, որը թույլ տա հաստատուն առաջընթաց ունենալ, միշտ ինքնահաստատվել մամուլի էջերում կամ հեռուստառադիոյի եթերում:

- Պարոն Երիցյան, Դուք 22 տարի պրակտիկ լրագրող եք եղել: Հիմնադրել եւ վարել եք «Կարծիք» հաղորդաշարը: Չե՞ք մտածում երբեւէ վերադառնալ եթեր:

- Ես երբեք ինձ դուրս չեմ համարում եթերից: Երբ 2003 թվականին աշխատանքի բնույթը փոխելու պատճառով ժամանակավորապես հրաժեշտ տվեցի եթերին, սկսեցի ի մի բերել հեռուստալրագրության ասպարեզում ունեցած իմ փորձը` գրքի տեսքով այն հրատարակելով 2004 թվականին: Հետագայում տպագրության պատրաստեցի «Հեռուստատեսության գործառույթների զարգացման միտումները եւ հեռանկարները», եւս մի քանի գրքեր: Բացի դրանից անընդհատ դասավանդել եմ բուհերում, ապագա լրագրողներ պատրաստել, ատենախոսություններ ղեկավարել, մշտապես եղել «Կարծիք» հաղորդաշարի ստեղծագործական խմբի կողքին` իմ խորհուրդներով ու դիտողություններով: Այնպես որ շատ դժվար է ասել, թե ես հեռացել եմ եթերից, ունեմ տարբեր ծրագրեր եւ պատեհ պայմաններում չի բացառվում դրանց կյանքի կոչելը: Իսկ առայժմ ինձ ավելի շատ ձգում է գրքեր ստեղծելու պրակտիկան:

- Ինչի՞ մասին է լինելու հաջորդ գիրքը:

- Այսօր չկա դասագիրք, որը նվիրված լիներ լրագրության ներածությանը: Գուցե իսկապես կարիք կա նոր-նոր բուհ ոտք դրած ուսանողներին մատչելի եւ հասարակ լեզվով ներկայացնելու լրագրության այբուբենը եւ նոր միայն այլ գաղտնիքներ բացահայտել: Կփորձեմ առաջիկայում այդ բացը լրացնել:

Զրույցը վարեց ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4