Անահիտ Թոփչյանի արձակն ինձ համար հայտնություն եղավ, երբ առաջին անգամ «Գրական թերթում» կարդացի նրա պատմվածքը` նվիրված Անդրանիկ զորավարի աճյունի տեղափոխման առաջին ձախողված փորձին: Հեղինակը գրոտեսկային գույներով նկարագրում էր տեղի ունեցածը. այդպիսի դիտողականությունը հատուկ է միայն վարպետ գրողին: Ես դարձա Անահիտ Թոփչյանի ստեղծագործության հետեւողը, որովհետեւ նրան համարում եմ հայ բեմի, ինչպես նաեւ կինոյի հմայիչ դերասանուհի, հիացած եմ նրա գեղեցկությամբ եւ կնոջ ներքին աշխարհը բեմում ներկայացնելու ձիրքով: Առանց չափազանցության կարող եմ համեմատել նրան ինձ համար սիրելի հոլիվուդյան աստղ Մերիլ Ստրիպի հետ: Միայն թե Անահիտը ժամանակին Հոլիվուդ չի ընկել:
Զարմանալի չէ նրա արձակի ինքնատիպությունը: Ինչ-որ պահի Հայաստանում կանգ առավ մշակութային կյանքը, եւ տաղանդավոր դերասանուհին իր ինքնարտահայտման ձեւը գտավ արձակում: Եվ փառք Աստծո, որ գտավ, որովհետեւ ընթերցողն ունեցավ նրա երկու հրաշալի ժողովածուներըՙ «Անհասցե տիկինը» եւ «Հայելին»:
Անահիտ Թոփչյանի նոր ժողովածուի մեջ կան պատմվածքներ եւ մոնոդրամաներ: Մոնոդրամաներն ունեն խոսուն խորագրեր, որոնցում խտացված է նրանց բովանդակությունըՙ «Գնանք Թուրքիաՙ փրկվենք», «Մենախոսություն գժանոցում», «Տղամարդն ընդամենը մարդ է, իսկ կինը...»: «Փսիները եւ փսիխոպատները» ընդհանուր խորագրի տակ խմբված են առավել հոգեզննական պատմվածքներ:
«Հայելին» պատմվածքը մարդկային ներաշխարհի առեղծվածային ծալքերը բացելու բանալի է դարձել:
«Պարկեշտ կանայք թանկ արժեն» պատմվածքում կյանքի հանգամանքների փոփոխության հետեւանքով գեղեցիկ կնոջ եւ նրա երբեմնի մերժված երկրպագուի դերերի փոփոխության հանգույցն է, որը կինը կարողանում է բացել յուրովիՙ ներքին ինքնաարդարացմամբ, եւ դա զարմանալիորեն համոզիչ է, ավելինՙ հուզիչ: «Գալերիստները» պատմվածքը ներկայացնում է արվեստի աշխարհում տաղանդավոր նկարչի ամեն քայլի հետ կապված խոչուխութերը, որոնք հարուցում են հենց իրենքՙ գալերիստները, որպեսզի հագուրդ տան դեպի մամոնան ունեցած իրենց սիրուն:
Անահիտ Թոփչյանի պատմվածքները չունեն հերոսների ազգային սահմանափակումներ, համամարդկային խնդիրներ են արծարծում: Նրանցում առկա են նաեւ վտարանդի հայերի տարբեր հոգեվիճակների պատկերներ, որոնք, թվում է, նորություն չեն մեր արձակում, սակայն Անահիտ Թոփչյանի գրչի տակ դրանք ստացել են գեղարվեստի հմայող մատուցման ձեւերը:
«Հայելի» գրքի շապիկի վերջին էջին կարդում ենք հեղինակի իմաստուն բանաձեւումներից մեկը. «Եվ ո՞վ կարող է ճշգրիտ որոշել, թե որտեղ է ավարտվում անցյալը եւ սկսվում ներկան ու մանավանդ, ե՞րբ կսկսվի ապագան... Ո՞րն է սահմանը: Կյանքն այնքան կարճատեւ է... Ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ չես հասցնում մոռանալ... Մոռանալու համար առնվազն եւս մի կյանք է հարկավոր... Մանավանդ, երբ մոռանալու բան կա: Եվ հիշելո՜ւ...»:
Անահիտ Թոփչյանը քննել է մակրոկոսմի եւ միկրոկոսմի խնդիրներ, որոնք պարզաբանելու ամենահարմար վայրը դարձրել է գժանոցը: Կյանքը եւ մահը շարունակական պայքարի մեջ են, եւ մարդուն հայտնի է, որ հաղթանակը մահվանն է: Բայց արդյոք բոլոր մահերը նույնքան սարսափելի են, թե՞ դրանց մեջ կան ինչ-որ դասակարգումներ: «Տղամարդն ընդամենը մարդ է, իսկ կինը...» մոնոդրամայում բժշկուհին իր տարիների փորձից ելնելովՙ հանգել է դաժան եզրակացության` հիվանդներ կան, որոնք չպետք է բուժվեն, Աստված նրանց հիվանդացրել է, որպեսզի նրանք բավականաչափ ուժ չունենան մարդկային հասարակության մեջ չարիքներ գործելու. «Վերադարձնելով առողջությունը, ուժ ես տալիս նրանց գործելու... Եվ նրանց հոգու ամբողջ կեղտը դուրս է ժայթքում... մարդկանց վրա... Երբեմն ափսոսում եմ, որ բուժել եմ ոմանց... Ըստ էության, ես դրա իրավունքը չունեմ...» (էջ 184):
Հեղինակը հայ արձակ է բերում ֆրանսերենում լայն գործածություն ունեցող դարձվածքներըՙ տողատակում տալով դրանց հստակ բացատրությունը: Նա սիրում է իր մտքերն արտահայտել համարձակ համեմատություններովՙ մեծ տեղ տալով փոխանունությանը: Դրա լավագույն ապացույցը «Փսիները եւ փսիխոպատները» հատվածի «Խոզակինը» գրոտեսկային պատմվածքն է, որն ավարտվում է հետեւյալ եզրահանգմամբ. «Խոզերը դարձան մեծամասնություն, իսկ խոզությունըՙ նորմա» (էջ 97):
Անահիտ Թոփչյանի «Հայելի» ժողովածուն վերստին հաստատում է, որ նրա հեղինակը հայ արձակ է բերում եվրոպական արդի արձակի չափանիշները, եւ թարգմանվելու դեպքում այդ ստեղծագործությունները կունենան միջազգային հնչեղություն, որովհետեւ նրանցում այսօրվա կիրթ մարդու հոգեկան բարդ ապրումների խճանկարն է:
Ողջունում ենք տաղանդավոր դերասանուհուն իր հրաշալի գրքի համար:
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ