«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ ՇԱԲԱԹ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Շաբաթն Ազգային գրադարանում հարուստ էր միջոցառումներով: Նոյեմբերի 3-ին գրադարանում կայացավ բանաստեղծուհի Լաուրա Բալյանի «Ականջդ բեր ասեմ» գրքի շնորհանդեսը, նոյեմբերի 4-ին` Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքի լույսընծայման 100-ամյակին նվիրված գրական ցերեկույթ, նոյեմբերի 5-ին գրադարանի նիստերի դահլիճում նշվեց Միքայել Ամիրբեկյանի ծննդյան 85-ամյակը, որին մասնակցելու էին եկել նաեւ Լոռվա գրական ընտանիքի բազմաթիվ անդամներ: Նոյեմբերի 6-ին Ազգային գրադարանը նշում էր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը: «Վերնատուն» սրահում բացվեց Տիեզերքի դեսպանին նվիրված ցուցահանդես, որը ներառում է Վ. Համբարձումյանի հեղինակած գրքերը` «Կյանքի դրվագներ», «Գիտությունը Հայաստանում 40 տարում», «Աստղերի էվոլյուցիան եւ աստղաֆիզիկան», «Տիեզերքի կառուցվածքը», «Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները», նրա մասին հոդվածներ, լուսանկարներ, գրքեր եւ այլն: Ցուցահանդեսի բացման ժամանակ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ ինչպիսի միջոցառում էլ կազմակերպվի, Վ. Համբարձումյան գիտնականի համար դարձյալ քիչ կլինի: Նա հանդիսականներին տեղեկացրեց, որ լույս է տեսել Վիկտոր Համբարձումյանի մասին հուշերի մի ժողովածու, որը կազմել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Ս. Պարսամյանը: Այնուհետեւ աստղաֆիզիկոսի մասին խոսեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նա անդրադարձավ Վ. Համբարձումյան գիտնականի եւ խոշոր անհատի կյանքին ու գործունեությանը, մարդկային որակներին:

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4