«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


«ԵԹԵ ԱՂՋԻԿ ԲԵՐԵՍ, ՏՆԻՑ ԿՀԱՆԵՄ»

Միշտ կարծել եմ, որ երեխայի ծնունդը ծնողի կյանքի ամենաերջանիկ ու հիշարժան պահերից է` անկախ երեխայի աչքերի, մաշկի, մազերի գույնից ու... սեռից: Սակայն վերջերս հարեւանուհուս հետ կատարվածը ստիպեց հերթական անգամ ցավով խորհել, որ Հայաստանում դեռեւս լուծված չեն գենդերային պարզագույն հարաբերությունները, իսկ շատ տղամարդիկ, ներեցեք, զուրկ են բարոյագիտության տարրական կանոններից: Երբեք չե՞ք լսել այսօրինակ արտահայտություններ, որոնք հատուկ են հիմնականում տղամարդկանց:

- Քանի՞ երեխա ունես:

- Մի աղջիկ:

- Հա, դե լավ, ոչինչ, դեռ ժամանակ ունեք:

Իսկ հետեւյալ խոսակցությունն ավելի ուշագրավ է:

- Երեխայի սեռն արդեն գիտե՞ք:

- Այո՛, աղջիկ է լինելու:

- Դե լավ, շատ մի՛ տխրիր, հաջորդն անպայման տղա կծնվի:

Երկու խոսակցություններում էլ աղջիկ երեխայի ծնունդը դիտարկվում է որպես դժբախտություն:

Հարեւանուհիս պատրաստվում էր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Առաջին զավակը տղա էր, եւ հիմա հարեւանուհիս` Կարինեն երազում էր աղջիկ ունենալ, ինչին ամեն անգամ հակադրվում էին ամուսինն ու սկեսրայրը, թե «Աղջիկն ինչ է, որ ուզում ես ունենալ», կամ` «Ես որ աղջիկ ունեմ, շատ գո՞հ եմ, որ հիմա էլ թոռնուհի ունենամ»: Չգիտեմ բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց հարեւանուհիս տղա ունեցավ: Հակառակ դեպքում ամուսինները գուցեեւ բաժանվեին:

Պատմությունն իրական է: Հետաքրքրական է, որ Կարինեն հնազանդորեն լսում էր, երբ ամուսինը հղիության 9 ամսվա ընթացքում անընդհատ կրկնում էր. «Եթե աղջիկ բերես, տնից կհանեմ»: Համոզված եմ, եթե աղջիկ ծնվեր, հաստատ, գոնե մի քանի ամիս անց հայրը նրան կպաշտեր, սակայն որտեղի՞ց այդքան ատելություն երեխայի սեռի նկատմամբ: Չէ՞ որ Սուրբ գրքում ասվում է, որ երեխայի ծնունդը Աստծո պարգեւ ու երջանկություն է: Այս դեպքում սեռն արդեն էական չէ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4