37-ամյա Նորայր Բախտամյանը հաջող հանդես եկավ Բանգկոկում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում: Օդամղիչ ատրճանակից 10 մ հեռավորության վրա հրաձգությունում Նորայրն աչքի ընկավ դիպուկ կրակոցներով եւ վաստակելով 685,2 միավոր, արժանացավ արծաթե մեդալի: Ինչ խոսք, վետերան մարզիկի համար սա մեծ հաջողություն է: Նա ընդամենը 2,2 միավորով զիջեց աշխարհի գավաթակիր դարձած ուկրաինացի Օլեգ Օմելչուկին: Բրոնզե մրցանակակիրը ռուսաստանցի Վլադիմիր Իսակովն էր:
Հիշեցնենք, որ Պեկինի օլիմպիադայում Նորայր Բախտամյանն անհաջող ելույթ ունեցավՙ չկարողանալով տեղ զբաղեցնել եզրափակիչ փուլ մտած 12 ուժեղագույն հրաձիգների շարքում: Իսկ ահա 2004-ին Աթենքի օլիմպիադայում Բախտամյանը շատ մոտ էր բրոնզե մրցանակակիր դառնալունՙ գրավելով 4-րդ տեղը:
Բանգկոկում հաջող ելույթներ ունեցավ նաեւ Ուկրաինան ներկայացնող Արթուր Այվազյանը: Նա ինքնաձիգի եռակի դրությունից (պառկած, կանգնած, ծնկի վրա) կատարված վարժություններում ցույց տվեց 2-րդ արդյունքը եւ արժանացավ արծաթե մեդալիՙ ոսկին զիջելով ամերիկացի Մեթյու Էմոնսին: Նշենք, որ Այվազյանը Պեկինում դարձել էր օլիմպիական չեմպիոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ