«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ԴՈՆԵՐԸ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ ՌԵՎԱՆՇԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ

Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Վախթանգ Դարչինյանը մեծ հեղինակություն է վայելում, ուստի զարմանալի չէ, որ օրեցօր աճում է նրա հետ մենամարտելու ցանկություն ունեցողների թիվը: Ինչպես հայտնի է, Վախթանգը պրոֆեսիոնալ ռինգում միակ պարտությունը կրել էր անցյալ տարի ֆիլիպինցի Նոնիտո Դոներից: Վերջինս 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Դարչինյանին` նրան զրկելով թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Եվ ահա ֆիլիպինցի բռնցքամարտիկը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել Վախթանգի հետ որեւէ պահի եւ որեւէ վայրում` վերջինիս ռեւանշի հասնելու հնարավորություն ընձեռելով:

Նոնիտո Դոները խոստովանել է, որ տպավորված է Միխարեսի նկատմամբ Դարչինյանի տարած հաղթանակով, սակայն վստահ է իր ուժերին: Իսկ ահա Վախթանգն իրեն հատուկ ոգեւորությամբ հայտարարել է, որ պատրաստ է ռեւանշ վերցնել Դոներից եւ որ նրան հաղթելն իր համար ավելի դյուրին է, քան Միխարեսի հետ մենամարտն էր:

Ինչպես տեսնում ենք, երկու բռնցքամարտիկներն էլ համաձայն են կրկին հանդիպել ռինգում: Սակայն մենամարտի անցկացմանը հնարավոր է խանգարի նրանց պրոմոութերների միջեւ ներկայում ստեղծված սրված հարաբերությունները: Բանն այն է, որ Դոները ժամանակին աշխատում էր Դարչինյանի ներկայիս պրոմոութեր Հերի Շոուի հետ: Հենց վերջինիս շնորհիվ էլ հնարավոր եղավ Դոներ-Դարչինյան մենամարտի անցկացումը: Սակայն թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Դոները հեռացավ Շոուից եւ տեղափոխվեց Բոբ Արումի մոտ: «Նա պետք է վճարի դավաճանության համար: Ես նրան Դարչինյանի հետ մենամարտելու հնարավորություն էի ընձեռել: Նա ազնիվ պայքարում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն հետագայում ինձ համար անհայտ պատճառներով հեռացավ: Եթե նա մինչ օրս աշխատեր ինձ հետ, ապա նրա հաջորդ մենամարտը կլիներ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար», նշել է Հերի Շոուն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4