«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Դա Անկարայում Ալիեւի հետ հանդիպմանը հանդես է բերել Աբդուլլահ Գյուլը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նոյեմբերի 5-ին պաշտոնական երկօրյա այցով Թուրքիա էր ուղեւորվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա նախագահի պաշտոնում վերընտրվել է հոկտեմբերի 15-ին, իսկ նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրել էր Մեյենդորֆյան հռչակագիրը: Ալիեւի վերընտրության, առավել եւս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո հռչակագիր ստորագրելու հանգամանքը գոնե ժամանակացույցի առումով կարեւոր նշանակություն էր հաղորդում նրա Թուրքիա կատարած այցին: Սակայն ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի տպավորիչ հաղթանակը համաշխարհայինի հետ կլանեց նաեւ հայաստանյան մամուլի ուշադրությունը, եւ Ալիեւի այցը մնաց ստվերում:

Հատկանշական է, որ թուրքական մամուլը նույնպես առանձնակի հետաքրքրություն չէր ցուցաբերում այցին: Պարզապես ընդգծվում էր, որ Ալիեւը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն է կատարում Թուրքիա եւ դրանով նսեմացնելու փորձ էր արվում Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած աշխատանքային այցի նշանակությունը: Հակառակ դրան, ադրբեջանական ընդդիմությունը, նկատի առնելով Մեյենդորֆյան հռչակագրի ստորագրումը, Ալիեւի այցը Թուրքիա պայմանավորում էր «Անկարայի սիրտը շահելու» պաշտոնական Բաքվի նկատառումներով:

Թերեւս կարելի էր չանդրադառնալ Ալիեւի այցին, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես չբերեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ մոսկովյանին այլընտրանքային եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնություն: Նախագահ Գյուլի եռակողմ հանդիպման նախաձեռնության մասին երեկվա համարում տեղեկացրել է «Զաման» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Մինչ այդ նախաձեռնությանն անդրադառնալը, նշենք, որ նոյեմբերի 5-ին Անկարայում Ալիեւը հանդիպել էր Գյուլին, իսկ նոյեմբերի 6-ին ելույթ էր ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Գյուլ-Ալիեւ հանդիպմանն ադրբեջանական կողմը բարձրացրել է «հայերի օկուպացրած ադրբեջանական տարածքների» հարցը, իսկ թուրքականը արծարծելՙ Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ջանքերը: «Սաբահ» թերթի վկայությամբ, Գյուլն Ալիեւին հորդորել է «շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ»:

Հանդիպման ավարտին Գյուլն ասել է. «Բոլորս միասին սկսել ենք առերեսվել Կովկասում առկա խնդիրներով եւ տարածաշրջանի առաջնորդներն այդ խնդիրների կարգավորման վճռականություն են դրսեւորում տարբեր պլատֆորմներում: Թուրքիան հանդես է բերել «Կովկասի կայունության եւ համագործակցության» պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը: Դրան Ադրբեջանի գլխավորությամբ աջակցում են նաեւ Կովկասի մյուս երկրները: Կարող եմ ասել, որ սկսվել է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն առնչվող նոր փուլ»:

Ալիեւն անդրադարձել է պլատֆորմի կարեւորությանը Հարավային Կովկասի խաղաղության համար, նշելով. «Դրա համար անհրաժեշտ է, որ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այդ առումով բարձր եմ գնահատում Թուրքիայի ջանքերը: Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո արդարացի եւ իրավունքի միջազգային նորմերին համապատասխան լուծում եմ ակնկալում: Սակայն դրա համար պետք է վերջ դրվի ադրբեջանական տարածքների օկուպացմանը, վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ վերադառնան բնակության նախկին վայրեր»:

Թուրքիայի ազգային մեծ ժողովում Ալիեւը դժգոհել է. «Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, հրաժարվում է նաեւ կատարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի աջակցությամբ ընդունված որոշումը, որը պահանջում է հայկական զինված ուժերի դուրսբերումը մեր տարածքներից: Հուսանք, որ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը քաղաքական կամք դրսեւորի»:

Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը, ապա դրա առնչությամբ «Զամանը» գրում է. «Կովկասում հիմնահարցերի կարգավորման ուղղությամբ Անկարան հերթական քայլն է կատարում: Քաղում ենք նախագահ Գյուլի երեւանյան այցով սկզբնավորված դիվանագիտական շփումների պտուղը: Առաջիկա օրերին Գյուլն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ կհանդիպի Թուրքիայում: Խնդրո առարկա նախաձեռնության առաջին քայլը կատարվել է Անկարայում Ալիեւի հետ նախագահ Գյուլի հանդիպմանը: Ըստ դիվանագիտական աղբյուրների, Ադրբեջանի նախագահը դրական պատասխան է տվել Թուրքիայում եռակողմ հանդիպում կազմակերպելու Ադբուլլահ Գյուլի առաջարկին: Անկարան այս առաջարկը կներկայացնի նաեւ հայկական կողմին, ապա կճշտվի հանդիպման վայրն ու անցկացման օրը: Ստացած տեղեկությունների համաձայն, եռակողմ գագաթաժողովի համար նպատակահարմար վայրը Ստամբուլն է: Պատասխանելով «Զամանի» հարցերին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասաց, որ եռակողմ հանդիպման օրակարգն ու վայրը տանտիրոջ իրավունքով որոշելու է Թուրքիան, եւ դրա օրակարգը սոսկ Ղարաբաղի հիմնահարցով չի սահմանափակվելու»:

«Զամանը» հիշեցնում է 2009-ի հոկտեմբերի 14-ին նախատեսվող ֆուտբոլային պատասխան հանդիպման համար Սերժ Սարգսյանին Աբդուլլահ Գյուլի հրավերը, ապա վերհիշում նախորդ օրը Բրյուսելում ՀՀ նախագահի ասած խոսքերը. «Պատասխան այցը կախված կլինի երկու երկրների հարաբերությունների ընթացքից»:

Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը մանրամասնում է. «Բրյուսելում Եվրոհանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահըՙ «Եթե Թուրքիայի կողմից Ալիեւի հետ հանդիպման հրավերը ստանաք, ինչպե՞ս կարձագանքեք» հարցին ի պատասխան, ասաց. «Դրա Թուրքիայում իրականացումը ինձ համար նորություն կլիներ, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայում Ադրբեջանի նախագահի հետ հռչակագիր ենք ստորագրել: Այդուհանդերձ, ինչ խոսք, ուրախ կլինեմ հանդիպման ամեն մի առիթի համար», ավելացրեց նա:

Վերոհիշյալ կայքէջն այս խոսքերը վերագրում է Ալիեւի հետ Թուրքիայում հանդիպելու ՀՀ նախագահի ակնկալիքին: Իսկ «Զամանն» ավելացնում է. «Ենթադրվում է, որ Անկարայի «ցեղասպանության» պնդումների դեմ կանխարգելիչ քաղաքականության բաղադրամասը համարվող եւ ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրության հաշվարկով արված եռակողմ հանդիպման առաջարկն իրականացվի նախքան ապրիլի 24-ը: «Եռակողմ հանդիպումը կկայանա առաջիկա մի քանի ամիսներին», ասաց պատասխանատուներից մեկը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4