Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման մասին ստորագրված հռչակագիրը երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ողջունելի համարեց: ԲՀԿ ներկայացուցչի խոսքերով` հռչակագրի հիմքում հայկական կողմի համար դրված է երեք կարեւոր սկզբունք, որոնք լուրջ հնարավորություն են ստեղծում բանակցությունները կառուցողական ճանապարհով առաջ տանելու համար: Արձանագրված կարեւոր սկզբունքներից մեկն, ըստ Սաֆարյանի, այն է, որ կողմերը եկել են համաձայնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցությունների համար այլ ֆորմատ չկա:
«Փաստաթղթում արձանագրված այն հանգամանքը, որ հանուն տարածաշրջանային խաղաղության` կողմերը կողմնակից են խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու, միանգամայն ընդունելի է: Բանակցությունները պետք է շարունակվեն միջազգային իրավունքի իրավական նորմերի վրա: Միջազգային իրավունքի իրավական նորմ ասելով մենք հասկանում ենք ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքները` կողմերի տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը` անկախ պետականություն կերտելու ազգերի իրավունքի հարցը», նշում է ԲՀԿ քարտուղարը:
Սաֆարյանի խոսքերով, եթե Ադրբեջանի Հանրապետությունը շարունակվող բանակցությունների ընթացքում ընդունի ԼՂ ժողովրդի անկախ ապրելու իրավունքը, սեփական պետականություն կերտելու իրավունքը, ապա բոլոր մնացած հարցերը կարող են արագորեն լուծվել եւ հեշտությամբ առաջ գնալ:
«Ռուսաստանը կարեւոր դերակատարություն է ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում. հակամարտությանը հաջորդած 14 տարիների ընթացքում ստորագրվել է ընդամենը երկու փաստաթուղթ եւ երկու փաստաթղթերում էլ կա Ռուսաստանի միջնորդության սկզբունքը: Սա նշանակում է, որ ինչպես 1994-ին, այնպես էլ այսօր Ռուսաստանը շատ կարեւոր դերակատարություն ունի Հարավային Կովկասում եւ կարող է որոշակի իմաստով դառնալ ձեռքբերվելիք պայմանավորվածությունների կարեւոր երաշխավորը», ընդգծեց Սաֆարյանը:
ԲՀԿ մոտեցումների համաձայն` ղարաբաղյան կարգավորումը կարող է հիմնվել երեք առանցքային խնդիրների վրա: Առաջին` ԼՂՀ-ն որեւէ բանակցային արդյունքում չի կարող լինել ադրբեջանական մաս, որովհետեւ անցած 15 տարիների ընթացքում վաստակել է ինքնուրույն պետականություն ստեղծելու իրավունքը: Երկրորդ` ԼՂՀ-ն պետք է ցամաքային սահման ունենա ՀՀ-ի հետ, իսկ ցամաքային սահմանի ձեւը, չափը, ընդհանուր ընդգրկումը կարող են լինել բանակցությունների առարկա եւ ցամաքային սահման ունենալու հարցն էլ ենթակա չէ սակարկման: Երրորդ` ԼՂՀ-ի ժողովուրդը պետք է իր երկրում, իր հայրենիքում ունենա ապրելու, աշխատելու, ստեղծագործելու բնական իրավունք եւ այդ բնական իրավունքը պետք է երաշխավորված լինի միջազգայնորեն:
«Մեծ պետությունները եւ միջազգային կազմակերպությունները պետք է երաշխավորը հանդիսանան ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության համար: Սա սկզբունքային մոտեցում է: ՀՀ բանակցություններ վարող իրավազոր ատյանները` ՀՀ նախագահը, արտաքին գործերի նախարարը, բանակցություն վարող ՀՀ դեսպանները կարող են այս հարցում ունենալ իրենց մոտեցումները», նկատեց Սաֆարյանը:
Եթե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում գնան տարածքները զիջելու ճանապարհով, ի՞նչ կանի կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դուրս կգա՞ կոալիցիայից: Լրագրողներից մեկի այս հարցին Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում հայ ժողովրդի հավաքական շահը ոչ մեկ կուսակցության եւ ոչ մեկ կոալիցիայի խնդիր է: Սա ժողովրդի ներսում մեր ազգային համաձայնության ձեռքբերման խնդիրն է, եւ ես կարծում եմ, որ այն իքս պահին, երբ բանակցող կողմերը բանակցությունների արդյունքը կհայտարարեն, պետք է լինի համաժողովրդական քննարկում եւ համազգային կոնսենսուս: Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել կոնկրետ լուծումների մասին»:
Նա ասում է, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց փոխզիջումների, եւ այդ առումով «հայ հանրությունը պետք է քննարկի զիջումների մեր հնարավոր տարբերակները, բայց այնպես, որ չվնասի բանակցության ընթացքում հայկական կողմի դիրքերը»: Արամ Սաֆարյանն ասում է, որ եթե Ադրբեջանը չի ընդունել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Հայաստանում արդեն հանրային, ներքաղաքական քննարկումներում խոսվում է կոնկրետ զիջումների մասին, ապա դա թուլացնում է Հայաստանի դիրքը բանակցության առումով:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ