«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ԼՂՀ գլխավոր դատախազությունում, Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ, երեկ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որտեղ քննարկվել են Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի հիման վրա առողջապահության համակարգում կատարված ստուգումների արդյունքները:

Համաձայն կազմված տեղեկանքի, ԼՂՀ առողջապահության նախարարության մի շարք օբյեկտներում կատարված ստուգումներով ի հայտ են բերվել քրեական օրենսգրքի եւ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի պահանջների կոպիտ խախտումներ: Որոշ փաստերով հարուցվել են քրեական գործեր` ընդհուպ նաեւ դատական քննության ելքով: Մասնավորապես, «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին ղեկավարության հանցավոր արարքների փաստով դատախազությունում հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ ընկերության նախկին տնօրենի եւ տնտեսվարի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Ստուգման նյութերով քրեական գործ է հարուցվել նաեւ ԱՆ «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ-ի նախկին եւ ներկա տնօրենների նկատմամբ: Քննության ընթացքում լրիվ վերադարձվել է պետությանը պատճառված նյութական վնասը: Նշված քրգործը կարճվել է մեղավոր անձանց գործուն զղջալու հիմքով:

Խախտվել են, ըստ զեկուցողի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ԼՂՀ օրենքների եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի, Աշխատանքային օրենսգրքի, պետական եւ հանրային սեփականության անձեռնմխելիությունն ապահովող ակտերի պահանջները: Դրանց կապակցությամբ կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ: Վերականգնվել է հօգուտ պետբյուջեի` 13.789.0 դրամի, հօգուտ հիմնարկների` 1.557.3 դրամի, իսկ պետական միջոցների վերականգնման մասով` 2.653.0 դրամի չափով:

Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը կարեւորել է մասնագետներին ըստ պահանջի նշանակման հարցը, որովհետեւ իրականում կան նշանակումներ, որոնք առողջապահական առաջնահերթություններում պահանջված չեն: Նա միաժամանակ ընդգծել է, որ պետական մասշտաբով նման ստուգումներ առաջին անգամ են իրականացվում, որոնց նպատակն է թույլ չտալ կառավարչական հիմնարկներում սեփական ցանկություններով կառավարումը, անհրաժեշտ է հիմքում ունենալ օրենքը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4