«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


ՈՒՐԻՇՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ընդդիմությունը պահանջում է Սաակաշվիլու հրաժարականը

«Վրաստանը Սաակաշվիլու պատճառով կորցրել է իր գործառույթը Կովկասում, Սաակաշվիլու պատճառով կորցրել է իր գործառույթը ամբողջ աշխարհում, մենք արդեն մեզ չենք պատկանում: Ուրիշ լիդերներ են որոշում Վրաստանի ճակատագիրը: Դա պետք է ավարտ ունենա եւ մեկընդմիշտ», վրաց ընդդիմության մի շարք առաջնորդներ արդեն այսպես են հիմնավորում Վրաստանի նախագահին հրաժարականի պահանջ ներկայացնելը:

Երեկ, ինչպես եւ նախապես հայտարարել էին, վրացական ընդդիմադիր հինգ կուսակցություններ մեկնարկեցին 5 ամիս շարունակելիք հանրահավաքային արշավը, որի հիմնական նպատակը խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններն են:

Նախորդ տարի նույն օրը` նոյեմբերի 7-ին վրաց իրավապահները կոպտորեն ցրեցին Վրաստանի միացյալ ընդդիմության արդեն մի քանի օր տեւած ցույցը, որի մասին հիշատակել են նաեւ երեկվա ցուցարարները:

Թերեւս սեփական անելիքների համար նպատակահարմարությունից ելնելով, ընդդիմության ներկայացուցիչները երեկ հիշատակել են նաեւ ոչ միայն Վրաստանի ընդհանուր դերակատարման ու երկրի նախագահի թերացումների, սխալների մասին, այլեւ խոսել են երկրի ներքին խնդիրներից:

Մասնավորապես, ընդդիմության լիդերները գտնում են, որ անհնար է այլեւս իրավիճակը նույնը թողնել, երբ, այս տարվա հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի խոսքերով, «ծանր է վիճակը Ջավախեթիում (մեծապես հայաբնակ), Քարթլիում (մեծապես ադրբեջանաբնակ) նաեւ այլ տարածաշրջաններում, որտեղ չի կարելի քաղաքացիական հակազդեցություն առաջ բերել»:

  «Ազգը» երեկվա համարում տեղեկացրել է վրացական ընդդիմության պահանջների մասին, որոնց բավարարման համար երեկ կրկին որպես ժամկետ է նշվել նոյեմբերի 23-ը: Իսկ մինչ այդ ցուցարարները ցրվել են` ընդդիմության պահանջ-առաջարկությունները փոխանցելով նախագահական նստավայր:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4