«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահների գործունեության, ներքին եւ արտաքին քաղաքականության ասպարեզներում նրանց պահվածքի, մասնակցության եւ գործելակերպի մասին տողերիս հեղինակը հանդես է եկել միայն ՀՀ առաջին նախագահի կառավարման ժամանակ: Երկրորդ նախագահի մասին չեմ գրել, քանի որ նրա գործունեությունը եւ կատարած քայլերը ոչ զայրացրել, ոչ էլ զարմացրել են: Եվ ահա, Ս. Սարգսյանի` վերջին շրջանի նախաձեռնությունները, առանձնապես նրա ուղերձը ժողովրդին եւ Ազգային ժողովին, ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում, պարտադրում են հանդես գալ եւ վերաբերմունք դրսեւորել:

Իսկ ամենաքստմնելի եւ սրտխառնուք առաջացնող արձագանքը կլինի այս մղումին իշխանապաշտության եւ իշխանամերձության երանգներ եւ միտումներ վերագրելը: Ի վերջո, ինչքա՜ն ժամանակ պիտի նախանձեինք Ռուսաստանի Դաշնությանը` Պուտինի նման նախագահ ունենալու եւ իշխանությունը շատ բնականորեն եւ օրինակորեն Դմ. Մեդվեդեւին հանձնելու փաստերին: Մեր հանրապետությունում էլ կարող էր կատարվել նույն փոխատեղումը, սակայն ամենայն հավանականությամբ, խուսափել են կրկնելու, ընդօրինակելու հավանական «մեղադրանքներից», թեեւ լավ, ճիշտ օրինակին հետեւելը միայն ու միայն ողջամտության եւ հեռատեսության արտահայտություն է:

Ինչեւէ: ՀՀ նախագահի ուղերձը հասցեագրված է բոլորիս` յուրաքանչյուրին իր մասնագիտության եւ գործունեության սահմաններում սեփական կամքը եւ մասնակցությունն ունենալու չափով եւ կարողությամբ: Եվ ի վերջո, երկրի ղեկավարը, որքան էլ հզոր լծակներ եւ հնարավորություններ ունենա` նախաձեռնումներն իրականություն դարձնելու խնդրում, «կախարդական փայտիկներ», այդուհանդերձ, չունի եւ պետք էլ չէ, որ ունենա: Համապետական, համաժողովրդական կարեւորության խնդիրները «նաղլասիրությամբ» տնօրինելու փաստերն, ավաղ, առատ են մեր պատմության էջերում, եւ նույնը կրկնելու դիտավորությունը սոսկ նույն փոցխին երկրորդ անգամ ոտքը դնելու պնդաճակատությունը կապացուցի: Եվ, ինչպես հայտնի է, «փայտիկներ» լինում են միայն հեքիաթներում, իսկ ներկայումս խոսքը իմ, քո, նրա, ամենքիս նվիրական հայրենիքի, մեր զավակների եւ թոռների վաղվա երկրի, համայն հայության միասնական հանգրվանի բարգավաճման, զարգացման եւ հարատեւման մասին է:

Կետ առ կետ, տարբեր ոլորտներ եւ ասպարեզներ ներկայացնող հատվածները համապատասխանաբար եւ հատկանշաբար շարադրված են ենթավերնագրերի տակ, որոնց կազմի մեջ անպայման է ՄԵՐ դերանունը: Եվ սա պատահականություն չէ. ՄԵՐ խնդիրն է, ՄԵՐ անելիքը, ՄԵՐ պարտականությունը: Ուղերձում շոշափվում եւ կանխանշվում են անելիքների, առաջնայնությունների, ուղղությունների գումարելիները, որոնցից միայն լավատեսության, իրատեսության եւ կառավարման ձիրքի տպավորություն է ձեւավորվում, երկրի զավակն ու մշակը լինելու եւ դառնալու պատրաստակամություն, նաեւ հայրենիքի ներկան եւ ապագան կերտելու ցանկություն: Միաժամանակ, թեեւ հարակցաբար, սակայն արմատապես նպաստում է այնքա՜ն երազած քաղաքացիական հասարակություն ստեղծելուն: Ուրիշ կերպ էլ է լինում, բայց ամենակարճ եւ արգասաբեր ճանապարհը սա է: Իսկ եթե նենգ ու օձաբարո կարծիքներ էլ են պտտվում, թե նախագահը չի գրել, այլ խորհրդականները, ապա մատնանշում եւ ընդգծում են ՀՀ երկրորդ նախագահի կառավարման կարողությունները եւ հմտությունը` իրեն շրջապատել բանիմաց, մասնագետ, սրտացավ եւ հայրենասեր անձանցով: Նմանօրինակ մեկ ուրիշ բանդագուշանք էլ է պտտվում օդում, Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ: Իսկ ինչքա՜ն հեշտ է բազմել սրճարանի թիկնաթոռին եւ հարմարավետ ու հաճելի (՞՞՞) միջավայրում ճամարտակել, թե հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ նախագահի նախաձեռնությունը ածանցյալ, երկրորդական դեր հատկացրեց Հայաստանին, թե դա բարեմիտ չէր եւ... հասնել սահմանագծին ու որակել դա որպես հայրենադավություն: Ինչ կարելի է ասել, եթե ոմանց համար միակ ընդունելի տարբերակը օդը սասանելն է «հայրենասիրությամբ», ապա կարող են մեկ ու ավելի դար էլ շարունակել իրենց «գիծը», արմատական եւ անզիջում «պատրիոտ» ներկայանալու նկրտումով: Զուգահեռ ծամծմվում է արցախյան հիմնախնդրում եւս միակողմանի զիջումների «մղձավանջը»: Այնինչ, բավական է սոսկ ուշադիր ընթերցել ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նիստում, հասկանալու համար, թե որքան մերկապարանոց, վնասաբեր եւ անբարո են այդ բտախոսությունները:

Զարմանալի (եթե չասենք` զայրացուցիչ) է նաեւ մեր ԶԼՄ-ների վերաբերմունքն ու մոտեցումը խնդրին: Կամ քար լռություն է, կամ` օրապակաս, անիրազեկ եւ անտարբեր մեկնաբանություն, ասես խոսքը մի երրորդ կամ չորրորդ պետության մասին է: Գուցեեւ` տարիներով արմատացած մոտեցումը` հանկարծ մի բան դուրս չգա՞...

Մեր երկրի այսօրվա եւ վաղվա անելիքների եւ պարտականությունների հստակ եւ գործուն ծրագիր է ներկայացված` հրապարակավ, բացեիբաց: Պետք է սատարել եւ մասնակիցը լինել այդ ծավալուն ծրագրի իրագործման, հակառակ դեպքում կմնաս վայրահաչողի եւ վարատեղից եկող եզան պոզին թառած ճանճի նսեմ, անպատիվ եւ չարալեզու կարգավիճակում:

Ոչ ուշ անցյալի պատմության մեջ մեր երկրի զավակները, ուրիշ ազգերի զավակների հետ իրենց ծանր ու արդար հաղթանակը տոնեցին մոլորակի տարեգրության ամենաարյունալի եւ դժնի պատերազմում, նշանաբան ունենալով «Հանուն հայրենիքի» փառավոր ու հակիրճ մարտակոչը: Խաղաղ օրերի նման մարտակոչ է ուղղված ինձ, քեզ, նրան` ամենքիս եւ բոլորիս: Կմասնակցե՞նք, սատար կլինե՞նք, թե` հակառակը:

Յուրաքանչյուրն իր տեղը պիտի ընտրի եւ գործի, իր խղճին, մտքին եւ կոչմանն արժանի:

Հանուն հայրենիքի...

1 նոյեմբեր, 2008


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4