25-ամյա Ջեսիկա Վիիլերը գնումների այդ օրը արեւմտագերմանական Մյունխենգլադբախում երկար կհիշի, գրում է «Ռայնիշե փոստը»: Woolworth-ի հանդերձարաններից մեկում երիտասարդ կինը գետնին ծրար է գտնում, եւ քանի որ վրան որեւէ բան չէր գրված, բաց է անում, եւ ծնկներն, իր ասելով, թուլանում ենՙ 50 հազար եվրո եւ անձնական փաստաթղթեր: Պարզ էր, որ պիտի փնտրեի կորցնողին, ասել է կինը գերմանական օրաթերթին: Երբ քայլ է արել դեպի դրամարկղը, նկատել է, որ մի տղամարդ սուր վեճի է բռնվել դրամարկղի աշխատակցուհու հետ:
50 000 եվրոն կորցրած տղամարդը, որ ազգությամբ հայ է եղել, մտադիր էր գումարով ավտոմեքենա գնել, Ջեսիկայի ազնվությանն արձագանքել է առատաձեռն պարգեւավճարովՙ 2000 եվրո: Ծնկներս մեկ անգամ էլ թուլացան, ասել է կինը, որը մտադիր է անակնկալ դրամով երկամյա որդու համար նվերներ գնել, նաեւ ընկերուհիներին ճաշի հրավիրել:
Կարդացի լուրը, ուրախացա, որ աշխարհում ազնիվ մարդիկ դեռ կան, եւ մամուլը նրանց մասին է գրում, բայց, ճիշտն ասած, չէի մտածում լուրը փոխանցել հայ ընթերցողներին: Նոյեմբերի 3-ին տպագրվածը շատ ընթերցող էր ունեցել: Գերմանացի ծանոթներս չէին թաքցնում իրենց զարմանքըՙ ինչպիսի՜ առատաձեռնություն, բայց նաեւՙ հայերն իրենց կապիտալը գրպանո՞ւմ են պահում, այդքան շատ գումար պարզ ծրարի մեջ դրած խանութ մտնո՞ւմ ու, ասենք, տաբա՞տ են փորձում:
ԱՆ. Հ., Գերմանիա