Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում «ՄԳԱ վոթր» ընկերության («Մաքուր ջուր» ապրանքանիշ) նախաձեռնությամբ մեկնարկեց «Ջուրը եւ առողջությունը» խորագրով սեմինար, որտեղ հավաքված փորձագետներն ու համաճարակաբաններն անդրադարձան խմելու ջրի խնդիրներին ու որակին: Ի թիվս բազմաթիվ խնդիրների, այսօր բավականին վատ վիճակում են հատկապես ջրատար խողովակները, որոնց պիտանիությունը կասկածի տակ է առնված խողովակների ժանգոտվածության եւ տարիներ շարունակ չփոխելու պատճառով:
«Ջրամաքրման կենտրոնացված համակարգը` քլորացումը, չի ապահովում ջրի անհրաժեշտ որակի մաքրություն: Այս սեմինարի շնորհիվ հասարակությանը կներկայացնենք առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները», ասաց «ՄԳԱ վոթր» կազմակերպության մարկետինգի պատասխանատու Քնարիկ Վարդանյանը :
«Խմելու ջուրը հիմնականում գալիս է լավ պաշտպանված ստորգետնյա աղբյուրներից: Այս առումով գտնվում ենք բավականին շահեկան վիճակում: Խմելու ջրի պատասխանատուն ջրի մատակարարողն է, որն ապահովում է ամենօրյա հսկողություն: Առողջապահության նախարարությունն էլ իրականացնում է խմելու ջրի որակի վերահսկողություն եւ սահմանում պահանջներ: Սանիտարահիգիենիկ նորմերը համապատասխանում են համաշխարհային պահանջներին: Այս պահին անհանգստացնող իրավիճակներ չկան», ասաց ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ համաճարակաբանական տեսչության իրավական ապահովման կառավարման բաժնի պետ Նունե Բակունցը :
«Ազգ» -ի հարցին` «Առողջապահության նախարարությունում տեղյա՞կ են, որ Կոտայքի եւ Գեղարքունիքի մի շարք գյուղերում բնակիչները խմելու ջրին մարգանցովկա են խառնում չթունավորվելու նպատակով», Նունե Բակունցը նշեց, որ իրենք այդ մասին ոչինչ չգիտեն, սակայն վստահեցրեց, որ կդիմի համապատասխան մարմիններին հարցը շուտափույթ լուծելու առաջարկով: Հուսանք, որ ասվածը չի նմանվի հերթական «ջուր ծեծոցիին»...
Հ. Հ