«4 հազար մետր բարձրության վրա թթվածնի քաղց է առաջանում, ինչը բժշկագիտությունը հիպոքսիա է կոչում: Մենք հաղթահարել ենք Արարատի այդ բարձրությունը եւ կարող ենք ասել, որ թթվածնի չէՙ հայրենիքի քաղց ունենք», այս բացահայտումը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանինն է, որը նա ներկայացրեց իր ղեկավարած ինստիտուտի եւ «Թերմոռոս-ԱՐ» ընկերության աջակցությամբ նկարահանված «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» փաստավավերագրական ֆիլում: Պրեմիերան կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ ծնունդըՙ գաղափարի տեսքով, որ նախ լեռնագնաց Սամվել Բարոյանինն էր, ապա «Թերմոռոս-ԱՐ» ընկերության ղեկավար Լիպարիտ Պետրոսյանինը, տարիներ առաջ էր: Եվ տարիների երազանքի, նպատակի իրականացումը նշյալ անձինք եւս մի քանի հայորդիների հետ իրականացրեցին նախորդ տարի: Նրանք հաղթահարեցին Արարատըՙ ոտք դնելով գագաթին Սեւրի պայմանագրի կնքման օրըՙ օգոստոսի 10-ին, որը համարում են հայկական երազանքների իրականացման օր (համաձայն պայմանագրի Հայաստանը կազմելու էր 160 հազար քմ): Շրջելով Արեւմտյան Հայաստանում եւ արդեն նաեւ Արարատի գագաթին իր ընկերների հետ միասին եռագույնը պարզած եւ օրհներգը երգած Աշոտ Մելքոնյանը հավաստի գիտե. «Հողը տիրոջը չի մոռանումՙ եթե անգամ մի փոքր փորեսՙ իրական տիրոջ ով լինելը հայտնի է դառնում»:
10 գրքի հեղինակ, պատմաբան Աշոտ Մելքոնյանը խոստովանեց, որ չափազանց դժվար է գրել ֆիլմի 14 էջանոց սցենարը, քանի որ խնդիր ուներ հակիրճ, բայց խիտ ներկայացնել Արարատի եւ հայ ժողովրդի պատմությունը: Սցենարը գրվել է 1 տարում եւ մոնտաժող Արթուր Սողոմոնյանի աշխատանքի արդյունքում վերածվել ֆիլմի: Այն մանրակրկիտ ու մատչելի պատմում է լեռան մասինՙ ներկայացնելով պատմական, աշխարհագրական, դիցաբանական տվյալները, այն մագլցելու երբեւէ եղած տարբեր փորձերն ու դրանց արդյունքը:
Ֆիլմում ներառված են հատվածներ նաեւ հայ գրողների գործերից մեջբերումներ, որոնք դիտողի համար ամբողջացնում են Արարատ լեռան արժեքն ու խորհուրդը հայ ժողովրդի համար: Հիմնականում ֆոտոնյութով կառուցված տեսաշարը ներառում է դրվագներ մի քանի ֆիլմերից եւ լեռան մագլցումը հաջողած խմբի նկարահանումներից: Հնչում են Կոմիտասի, Եկմալյանի, ինչպես նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի, Արա Գեւորգյանի գործերը: «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» հեղինակները նվիրել են Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին եւ Արարատ լեռը Պարրոտի արշավախմբի հաղթահարման 180-ամյակին:
Թերեւս հայության սրտերն ընդհանրապես անտես կապեր ունեն մեզ համար բազմաբովանդակ խորհուրդ կրող Արարատի հետ, ինչն անժխտելի է, սակայն վաղուց հարկ է կորուսյալ, փափագվող հայրենիքի մասին խոսել առավել զգացմունքազերծՙ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, անվտանգության լեզուներով: Այնուամենայնիվ ֆիլմը հայ մարդու եւ կինոյում ոչ պրոֆեսիոնալ խմբի (պրոդյուսերՙ Խորեն Քոթանջյանՙ ֆիզմաթ գիտությունների թեկնածու) խոսք է, որը կարող է ճանաչողական հաջողված նյութ համարվել ինչպես դպրոցահասակների, այնպես էլ օտարերկրացիների համարՙ թարգմանաբար ներկայացնելու դեպքում:
Շիրազի սիրտն Արարատում է հանգչում
«Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմը բացահայտում էլ ունի, որը ներկայացնում է քանդակագործ Արա Շիրազը. «1984 թվականին Հովհաննես Շիրազը հրաժեշտ տվեց Հայաստանին, բայց Հայաստանը երբեք հրաժեշտ չի տա նրան: Շիրազի մահից հետո նրա սիրտը ինձ մոտ էրՙ նրա կտակը պետք է կատարեինք (բանաստեղծությամբ արված, որը ֆիլմում ներկայացրեց բանաստեղծի կրտսեր որդին Ն.Պ.): 20 տարի անց կարողացանք: Մի քանի հայրենասերներ մագլցեցին Արարատ եւ արդեն տարիներ Հովհաննես Շիրազի սիրտը հանգչում է լեռան սառույցներում»:
Ն. Պ.