«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ

Արդեն նախատեսվում է կապեր հաստատել

Լիբանանը պատրաստվում է կապեր հաստատել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ եւ չի բացառում, որ կարող է քննարկել այդ երկու հանրապետությունների ճանաչման հարցը: «ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Լիբանանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Սաադ Հարիրին:

Ռուսաստանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչեց այս տարվա օգոստոսի 26-ին, նրան ցայսօր հետեւել է միայն Նիկարագուան: «Ճանաչման հարցը կլուծվի ամենաբարձր պետական մակարդակում: Բայց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապեր կսկսենք հաստատել արդեն հիմա: Ի մասնավորի, շուտով այնտեղ կմեկնի մեր գործարարների պատվիրակությունը», թերթին տված հարցազրույցում նշել է Հարիրին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը այն պետություններից է, որոնք աշխատում են չներքաշվել ռազմական բախումների մեջ, պաշտպանում են խնդիրների խաղաղ լուծման սկզբունքները: Հարիրիի խոսքերով, Հարավային Օսիայում ռուսաստանցիները ստիպված էին միջոցներ ձեռնարկել իրենց քաղաքացիների եւ տեղի բնակչության պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ Հարիրիի հետ դեռեւս նախորդ ուրբաթ բանակցություններից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է տնտեսական ու քաղաքական աջակցություն ցուցաբերել Լիբանանին` երկրում իրավիճակի կարգավորման նպատակով: Մասնավորապես, Հարիրին այդուհետեւ ճշգրտել է, որ բացի քաղաքական աջակցությունից, ենթադրվում է նաեւ Ռուսաստանից ռազմական տեխնիկայի մատակարարում Լիբանան: Ընդ որում, այս հարցին ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի այն ժամանակ, երբ Մոսկվա կմեկնի Լիբանանի վարչապետը: Իսկ այդ այցը նախատեսվում է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4