«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակն է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների վարչության նախկին նախագահ ԺԻՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Վտանգավոր մի երեւույթ է ձեւավորվում Կովկասում համաձայն այն լուրերի, որ Իսրայելը շարունակում է հարյուրավոր միլիոնների արժողությամբ արդիական զինամթերք վաճառել Ադրբեջանին: Նման գործարքները հրահրիչ դեր են կատարում առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, որտեղ վերջերս բռնկված կարճ, բայց արյունալի պատերազմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ դրան հետեւած Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից, ոչ միայն ցնցեցին ամբողջ աշխարհը, այլեւ փոխեցին, հավանաբար վերջնականապես, տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը:
Զավեշտալի թվա գուցե, որ «Համասին» եւ «Հզբոլլահին» զենք մատակարարելու համար Իրանին եւ Սիրիային դատապարտող իսրայելցիներն իրենք են այժմ դարձել զենքի լուրջ վաճառականներ: Այն էլ այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քանիցս սպառնացել է զենքի ուժով վերատիրանալ Լեռնային Ղարաբաղին:
Բայց զինամթերքի վաճառքից բացի, ուրիշ կապեր էլ են միացնում Իսրայելին եւ Ադրբեջանին:
Ադրբեջանական «Դեյ Ազ» պարբերականը հոկտեմբերի 2-ին մի հարցազրույց էր տպագրել իսրայելական Քնեսեթի անդամ եւ իսրայելա-ադրբեջանական միջխորհրդարանային խմբավորման նախագահ Ժոզեֆ Շագալի հետ, որտեղ վերջինս խոստովանել էր, որ «ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական համագործակցությունը հնարավոր է այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Ադրբեջանն է»: Նա ավելացրել էր, որ զենքի վաճառքը խստորեն վերահսկվում էր կառավարության կողմից, եւ «Իսրայելը երբեք զենք չի մատակարարելու այնպիսի մի երկրի, որը կարող է վտանգավոր դառնալ հարեւան երկրի անվտանգության համար»:
Այս անձնավորությունը երեւի խուլ է եւ չի լսել ԼՂ-ի դեմ պատերազմը վերսկսելու Ալիեւի բազմաթիվ ռազմատենչ սպառնալիքները:
Ի տես այս զարգացումների, տրամաբանական հարց է առաջանում. Բուշի վարչակազմը զենքի վաճառքին մեղսակի՞ց է, թե՞ հնազանդ ենթարկվող պարզապես: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է: Ճիշտ է, Մ. Նահանգները թույլ զգուշացումներով դեմ է հանդես եկել ուժի կիրառմանը Կովկասում, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տվել: Ապացո՞ւյց: Վրացական ձախողված ռազմական «դրվագը» Հարավային Օսիայում, որը տակնուվրա արեց տարածաշրջանի կայունությունը եւ նոր սառը պատերազմի վախ առաջացրեց մարդկանց մեջ:
Այն, ինչ պահանջվում է Մ. Նահանգներից, հստակ եւ աներկմիտ հայտարարությունն է, որ զենքի ուժով հակամարտությունների լուծումը որեւէ տարածքում անթույլատրելի է: Նման վճռական դիրքորոշմամբ հանդես չեկան ո՛չ փոխնախագահ Չեյնին, ո՛չ էլ փոխպետքարտուղար Նեգրոպոնտեն սեպտեմբերին իրենց Բաքու այցելությունների ժամանակ:
Դժբախտաբար, Իսրայելի հետզհետե աճող տնտեսական եւ ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ այժմ զուգակցվում է Ադրբեջանի օգտին քարոզչությամբ հանդես գալու Ամերիկահրեական կոմիտեի (ԱՀԿ) խոստումների հետ: Այս հավաստիացումը կատարել է ԱՀԿ-ի նախագահ Դեյվիդ Հարիսը` Ալիեւի հրավերով Բաքու կատարած իր այցելության ընթացքում: Նա անամոթաբար հայտարարել է այնտեղ. «Ադրբեջանում կրոնական հանդուրժողականությունը կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհի համար»: Հարիսը երեւի անտեղյակ է Սումգայիթում եւ Բաքվում կատարված հայոց կոտորածներից կամ էլ անտարբեր դրանց նկատմամբ: Ավելին, նա չգիտի կամ չի ցանկանում իմանալ կամ հիշել ավելի նոր դեպքերը, կապված Ջուլֆայում հարյուրավոր խաչքարերի ոչնչացման հետ:
Շարունակելով խոսքը, նա ասել է. «ԱՀԿ-ն միշտ գնահատել է Ադրբեջանի կարեւորությունը որպես Մ. Նահանգների եւ Իսրայելի իսկական բարեկամի»: Նա լրագրողներին հայտնել է, որ բավական մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային դերն ու խոստացել ամեն ինչ անել, որ Մ. Նահանգներն ավելի մեծ ուշադրություն դարձնի «բարելավելու վերջինիս առաքելությունը»: Հարիսի այս հայտարարությունները պետք է մեր լուրջ վերլուծությանն արժանանան:
Մենք ականատես ենք լինում մի կողմից զենքի ու զինամթերքի վաճառքի եւ Իսրայել-Ադրբեջան հնարավոր ռազմական համագործակցության, մյուս կողմից` Ամերիկայի ամենաազդեցիկ հրեական խմբավորման` ԱՀԿ-ի անվերապահ աջակցությանը Բաքվին:
Այս զարգացումներին ծանոթ չէ հրեական հասարակությունը, որը չի գիտակցում, որ Իսրայելի եւ ԱՀԿ-ի ներխուժումը Կովկասի նման անկայուն մի տարածաշրջան եւ թուր ճոճող առաջնորդին զինելը նոր պատերազմի դուռ է բացում:
Այս հանգամանքներում անհրաժեշտ է շտապ իրազեկել հանրությանը եւ փորձել ինչպես Իսրայելում, այնպես էլ Մ. Նահանգներում փոխել նման վտանգավոր գործողությունների ընթացքը: Սա մի մարտահրավեր է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող աչքաթող անել: Իսկ Ամերիկայում Հայկական համագումարն ու նմանատիպ մյուս կազմակերպությունները պարտավոր են արձագանքել եւ գործնական քայլեր մշակել:
Թարգմ. Հ. Ծ.