«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԻԱԿ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է»

«Այսպիսի սրված հակամարտությունը (նկատի ունի Ղարաբաղի խնդրի կարգավորումը-հեղ.) մի քանի օրում էլ կարելի է լուծել, բայց մի ճանապարհովՙ հանձնում ենք ամեն ինչ: Միայն այս դեպքում կարելի է ասել, որ հարցն արագ կարելի է լուծել, մյուս դեպքերում հարցը խճողված թնջուկ է եւ ակնկալել, որ մի քանի ամիսներում կարող է հարցը լուծվել, կներեք, հնարավոր չէ: Ղարաբաղի խնդիրը արագ լուծելու միայն մեկ ճանապարհ կաՙ Արցախը հանձնել», երեկ «Հայացք» մամուլի ակումբում հայտարարել է «Ազգային ինքնորոշման միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ՙ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է Ղարաբաղի խնդրի լուծումը մի քանի ամիսներում, ինչպես իր վերջին ելույթում հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հարցի առաջինՙ Լեւոն Տեր-Պետրոսյանին վերագրվող հատվածին անդրադառնալիսՙ Պարույր Հայրիկյանը նրան շարքային անպատասխանատու միջակություն է որակելՙ խորհուրդ տալով մոռանալ նրան:

Արցախի լուծման ճանապարհին անդրադառնալիսՙ ԱԻՄ ղեկավարը բացասական է գնահատել նախորդ իշխանությունների վարքը: Տեր-Պետրոսյանի դեպքում նշել է, թե անթույլատրելի էր Արցախի ինքնորոշման գաղափարի մասին խոսել եւ Հայաստանում վարչապետ նշանակել Արցախի ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Սա ուրացում է միացում, ինքնորոշում գաղափարի: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չի տվել: Նա իշխանությունը տվեց իր իսկ նշանակած վարչապետին, այսինքնՙ իշխանությունը հանձնվեց մի թիմի մեկ այլ կազմի», ընդգծել է նա:

Սխալների շարքը թվելիսՙ Հայրիկյանը ասել է նաեւ, որ սխալ էր Ղարաբաղի փոխարեն բանակցություններ վարել: «Մենք պետք է նպատակասլաց կերպով խոսենք Արցախի ինքնորոշման հարցի մասին: Հայաստանը պետք է ասի, որ ինքը այլեւս հարցի մեջ չի խորանում, բայց Արցախի երաշխավորն է: Պետք է արցախցին լուծի իր հարցը: Հայաստանին ավելի ձեռնտու էր, եթե լիներ հակամարտությունը բաժանող, արդարացնող կողմ, այդ դեպքում նա ավելի ուժ ու կարողություն կունենար», մասնավորաբար խորհուրդ է տվել Պարույր Հայրիկյանը:

Նա հայտարարել է, որ մեր արցախակենտրոն մտածելակերպն է խանգարել բանակցային գործընթացում հաջողության հասնելուն, հետո էլ հավելել է, որ խնդրի կարգավորման համար մենք պետք է հետեւողական լինենք Արցախի ինքնորոշման իրավունքը ներկայացնելիս:

«Ինքնորոշման սկզբունքը մայր սկզբունք չէ, այլ սուպեր մայր սկզբունք է», ընդգծել է ԱԻՄ ղեկավարը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4