Իսկ մեր բազմաչարչար պատգամավորները վճարվող օգնականներ կունենան
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի դեռ նախորդ քառօրյայում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրել էր հաղորդում այդ ընկերության 2006 եւ 2007 թվականների գործունեության մասին, որը մենք չէինք կարեւորել «անցածն անցած է» սկզբունքով, եւ սովորաբար էլ այդ հաղորդումներն անհետեւանք անցնում են: Սակայն մեր պատգամավորները շատ լրջորեն այս անգամ քննարկել էին հաղորդումը, ընդհանրապես մի լավ քննադատել Հանրային հեռուստաընկերության աշխատանքը, անգամ երկրում ստեղծված անառողջ մթնոլորտի համար, իշխանական եւ ընդդիմադիր լրատվամիջոցների հետ մեկտեղ մեղքի բաժին հատկացրել Հանրայինին, որն ուրիշ հեռուստաընկերությունների հետ մեկտեղ խեղաթյուրում է իրականությունը, ցուցադրում բռնության, դաժանության, գողականության պաշտամունք տարածող ֆիլմեր եւ այլն: Եվ անգամ ձեւակերպում էր հնչել, թե Ա. Հարությունյանը որպես կառավարիչ չի կատարել իր առջեւ դրված պարտականությունները, եւ մեր հասարակությունը չի ստացել պահանջարկը բավարարող տեղեկատվություն, լրատվությունը եղել է կողմնակալ, ուստի` «Ճիշտ կլիներ, որ հեռանայիք այդ պաշտոնից»:
Երեկ այս թեմայով պատգամավորները շարունակում էին տաք ելույթներ ունենալ: Ստեփան Սաֆարյանը հիշել էր հեռուստաընկերության ստեղծած անհավասար պայմանները նախընտրական, ընտրական, հետընտրական շրջաններում, ԵԽԽՎ 1609 բանաձեւը, որի պահանջներից է մնում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում բազմակարծության տակավին չկատարված բազմակարծության ապահովումը, որը տակավին չկատարված է մնում: Ըստ նրա` 2006-2007 թթ. Հանրայինը ծառայել է ոչ թե իշխանությանը, իշխող էլիտային, այլ սպասարկել է 1 անձի շահեր` բացառել է այլախոհությունը, եւ ներկայացրել մի իրականություն, որը բացարձակապես կապ չունի Հայաստանում տիրող իրականության հետ. «Բոլոր վատ տղաները հավաքվում են ընդդիմության մեջ, բոլոր լավ տղաները իշխանության մեջ են», ձեւակերպեց Հանրայինի մոտեցումը Սաֆարյանը` նկատելով, թե հանրային հեռուստատեսությունը նրա համար չէ, որ գնա ցածրաճաշակ հասարակական պահանջարկի հետեւից, այլ ինքը պետք է ճաշակ ձեւավորի, զվարճալի հաղորդումներով չշեղի հասարակության ուշադրությունը պետության կարեւորագույն խնդիրներից: Եվ առաջարկեց, որ ոչ թե հաղորդում, այլ հաշվետվություն ներկայացվի այսուհետեւ` որոշակի իրավական հետեւանքներով, որոնք էլ փոփոխություններ կբերեն այդ հեռուստաընկերության ծրագրերում, ՀՀԸ-ի աուդիտն էլ անկախ աուդիտոր իրականացնի:
Կոալիցիայից երկու դաշնակցականՙ Արա Նռանյանն ու Ռուզան Առաքելյանը շատ խիստ խոսեցին Հանրայինի աշխատանքի մասին. Նռանյանը որեւէ տարբերություն այլ հեռուստաընկերությունների եւ Հանրայինի միջեւ չտեսավ` նույն ծրագրերն է հեռարձակում եւ Հանրային պահանջարկի խնդիրները չի լուծում. պետության միջոցներից 3 մլրդ դրամից ավելի ստանալով, այդ գումարի 10 տոկոսի չափով էլ գովազդ ունենալով` հեռուստաեթերը լցրել է գովազդով: Արժե՞, որ այդ 10 տոկոսի համար Հանրայինը մտնի գովազդի դաշտ: Նռանյանը երկու ճանապարհ տեսավ` կամ մասնավորեցնել Հանրայինը` խնայելով պետական միջոցները, հասարակությունն էլ ակնկալիք չի ունենա, կամ իսկապես ոչ առեւտրային հեռուստաընկերություն ստեղծել: Ռ. Առաքելյանը շարունակեց Նռանյանին` «Հանրային հեռուստառադիոընկերություն» ձեւակերպումն իր բովանդակությանը չի համապատասխանում, քանի որ մեր հասարակության բոլոր շերտերը բավարար տեղեկատվություն չեն ստանում հատկապես հեռուստատեսությունից: Չկան վերլուծական ծրագրեր` մեր հասարակությանը հուզող շատ-շատ հարցեր անպատասխան են մնում, դրանից հասարակական մթնոլորտն է լարվում, մարզերը հեռուստատեսությունից դուրս են, մշակութային եւ այլ հաղորդումները արժեքային համակարգ չեն ստեղծում մեր երկրում:
Արբանյակային հեռարձակումները սփյուռքի հանրությանը չեն բավարարում, ոչինչ չեն տալիս նաեւ Հայաստանի լեռնային շրջաններում ապրող այն մարդկանց, այնպես որ պետք է լրջորեն վերանայել հեռուստացանցը: Ռ. Առաքելյանը, որ, ի դեպ, ոլորտի մասնագետ է, հակված էր ռադիոհաղորդումներն առավել որակյալ ու ոլորտային համարելու, քանի որ ռադիոյում սերնդափոխության քաղաքականությունն առավել ճիշտ դրվեց` այնտեղ կան ե՛ւ ավագ, ե՛ւ միջին սերունդ, ե՛ւ երիտասարդություն, լրագրության փորձը փոխանցվում է: Մինչդեռ հեռուստատեսությունը միանգամից երիտասարդ մասնագետներով է լցվել, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլեւ չեն փայլում գրագիտությամբ: Եվ մի օրինակ բերեց, թե ինչպես Արսեն Գրիգորյանի` հայ հերոսներից Քեռուն նվիրված երգը հաղորդավարը կարծել է, թե նվիրված է Ա. Գրիգորյանի քեռուն եւ եթերից ողջունել է Արսենի քեռուն ու մնացած բոլոր քեռիներին:
200 մլն դրամանոց օգնականներ
Երեկ ընդդիմության ձեռքով խորհրդարան էր բերվել ու քննարկվում էր մի օրինագիծ, որը երկար չէին համարձակվում բերել կոալիցիայի պատգամավորները: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը նախաձեռնել են ԱԺ կանոնակարգ-օրենքի մի փոփոխություն, որով յուրաքանչյուր պատգամավոր աշխատավարձ ստացող օգնական կունենա: Ու չնայած փոփոխությունը ներկայացնող Ա. Բախշյանն իսկապես աշխատող 18 պատգամավոր էր հաշվել ընդամենը ու գոնե այդ 18-ի համար վճարվող օգնական հարկավորություն էր տեսնում, որի շնորհիվ առավել կբարելավվի պատգամավորի մասնագիտական աշխատանքը, բայց դե օրենքը բոլոր 131-ին էլ վերաբերելու է. ուրիշ բան, որ խոստացավ, թե հետո մի այլ օրենք կբերեն խորհրդարան, որով չաշխատող պատգամավորների չաշխատող օգնականներից տրված գումարնեը հետ կպահվեն: Այս օրենքն արժե 200 մլն դրամ` 131 օգնական, 100 հազ. դրամ աշխատավարձով: Բախշյանը ցույց տվեց այդ լրացուցիչ գումարների տեղը` 2009-ի բյուջեում նա առաջարկել է պետական պաշտոնյաների մեքենաների համար սահմանված 12 մլն դրամը կրճատել, 8 մլն դարձնել, կխնայվի 3 մլրդ. 400 մլն-ի կարգի գումար. «Կամ` ՀՌԱՀ-ին թող զրկեն աշխատավարձերից», ասաց նա:
ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, ողջունելով նախաձեռնությունը, թե ընդդիմությունը վերջապես մտածում է ողջ ԱԺ-ի մասին, նկատեց, թե նման օրենքի դեմ հեշտ է հակաքարոզչություն տանելը` հասարակության ընկալման տեսակետից, այնպես որ իսկապես համարձակ քայլ է նախագիծը: