«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2008-11-07 | #207, 2008-11-08 | #208, 2008-11-11


«ՀԻՄԱ ՆՐԱՆՑ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ «ԲԱԳԱԺԸ» ՍՊԱՌՎԱԾ Է, ՆՐԱՆՔ ԳՆԱԼՈՒ ԵՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»

Ինչ է եզրակացնում ընդդիմությունը

Ողջունելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած ակտիվ հանրահավաքային պայքարի դադարը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց, թե դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ իր համար կարեւորը պետությունն է, ոչ թե իշխանափոխությունը: Լյուդմիլա Սարգսյանը մինչ այդ նշել էր, թե փաստերը ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միակ նպատակը ոչ թե Ղարաբաղը, այլ իրենց իշխանությունը պահելն է: Իսկ ահա նախագահական ընտրությունների ժամանակ, Սարգսյանի պնդմամբ, նրանք հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության գալով պետք է հանձնի Ղարաբաղը, իսկ իրենք Ղարաբաղը պահող են:

Նրա խոսքով, ընդդիմությունը դեռ ընտրությունների ժամանակ լավ հասկանում էր, որ ԼՂ խնդրում հայանպաստ որոշման հասնելու համար երկրին պետք է լեգիտիմ նախագահ, «սակայն իշխանությունները չցանկացան գիտակցել, թե ինչ հետեւանք կարող էին ունենալ կեղծված ընտրությունները»: «Հիմա նրանց փաստարկների «բագաժը» սպառված է, նրանք գնալու են զիջումների», կարծիք հայտնեց Լ. Սարգսյանն ու ընդգծեց, որ հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը ներկա պայմաններում իրեն զուսպ է պահում, որպեսզի Հայաստանը հանդես գա առավելապես շահեկան դիրքերից եւ բանը չհասնի 7 շրջանները կորցնելուն: «Ամեն գնով պետք է փորձենք պահել այն, ինչն արյամբ է ձեռք բերվել», ասում է ՍԴՀԿ ղեկավարը:

Այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմությունն այդ ամենի դեմ ակտիվ պայքարելու փոխարեն որոշեց դադար վերցնել, հարցրեցին լրագրողները:

Ընդդիմությունը, ըստ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի , պարզապես իշխանությանը այդ դադարով տվել է հանգիստ մտածելու եւ գործելու հնարավորություն: «Բայց տեսնում ենք, որ ոչ հանգիստ մտածում են, ոչ գործում», ասաց Գուրգեն Եղիազարյանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ի՞նչ եզրակացություն է անում ընդդիմությունը, եթե տեսնում է, որ իշխանությունը չի օգտագործում հանգիստ մտածելու եւ գործելու համար ընդդիմության ընձեռած հնարավորությունը:

Գուրգեն Եղիազարյանի խոսքերով` ընդդիմությունն ուշադրությամբ հետեւում է առկա գործընթացին, տեսնելու համար, թե ինչ զարգացում այն կունենա: Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում է, որ ընդդիմությունը մի կողմ չի քաշվելու եւ չի նայելու, թե ինչպես է «վաճառվում» Ղարաբաղը: Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը նշեց, թե գործընթացի ավարտին քիչ ժամանակ է մնացել, ինչի մասին է վկայել նաեւ Սերժ Սարգսյանի խոսքը Բրյուսել այցի ժամանակ: Եղիազարյանն ասում է նաեւ, թե Սերժ Սարգսյանը Բրյուսելում շատ վատ տեսք ուներ:

Եթե Ղարաբաղի խնդիրը փորձում են լուծել այն առաջարկներով, որ առկա են այժմ, դա նշանակում է, որ միջազգային հանրությունն ական է դնում Կովկասում, որը կպայթի ամեն պահի, որ ցանկանում է այդ հանրությունը: Այս մտքի հեղինակը ՍԴՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է: Նա դեմ է մադրիդյան սկզբունքներին: Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը` հողը հողի դիմաց, թե՞ ճանապարհըՙ ճանապարհի, թե՞ փողըՙ փողի: Այդ առումով Վ. Շիրխանյանը անընդունելի է համարում նաեւ խաղաղապահների մասին խոսակցությունը: Ըստ նրա, այդ խաղաղապահները պետք է ներկայացնեն տարբեր երկրներ, եւ հայ-ադրբեջանական շփման գծում պետք է ամեն մեկը հետապնդի իր պետության շահը:

Շիրխանյանի խոսքով, եթե կարգավորումը տեղի ունենա առկա առաջարկի հիման վրա, ապա կլինի պատերազմՙ առավել դաժան, քան առաջինը: Պաշտպանության նախկին փոխնախարարն ասում է, թե այդպիսով միջազգային հանրությունը չի բավարարվի միայն դրանով եւ Կովկասը փաստացի կդարձնի արաբա-իսրայելական գոտու պես պերմանենտ հակամարտությունների տարածաշրջան, ինչը կբխի գերտերությունների շահից:

Վահան Շիրխանյանը համարում է, որ Ղարաբաղի ժողովուրդը եւ իշխանությունը պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն կարգավորման առկա առաջարկների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ նա վստահ է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը թույլ չի տա, որ Հայաստանի իշխանությունը, որն այժմ գնում է առկա առաջարկներին հավանություն տալու ճանապարհով, ստորագրի այդ առաջարկներով կարգավորման որեւէ փաստաթուղթ:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4