91-ամյա միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ներդրումային ընկերությունըՙ «Թրասինդա կորպորացիան» հոկտեմբերի 21-ին հաղորդագրություն է հրապարակել, որ մեծ վնասով վաճառել է «Ֆորդ մոթորսի» 7,3 միլիոն բաժնետոմսերըՙ որպես հետեւանք Մ. Նահանգներում տիրող տնտեսական ճգնաժամի եւ ներդնողների վստահության անկման ամերիկյան ավտոարդյունաբերության բնագավառում: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 25-ի համարը, լուրը քաղելով «Նյու Յորք թայմսից»:
«Թրասինդան» 7,3 մլն բաժնետոմսերը վաճառել է 17,7 մլն դոլարով, յուրաքանչյուր բաժնետոմս մոտ 2,43 դոլարով, մինչդեռ 6,49 դոլար արժեր անցյալ ապրիլին, երբ Քըրքորյանը գնել էր դրանք եւ մեկ միլիարդ դոլար ծախսել պահպանելու համար այդ արժեքը: Այժմ Քըրքորյանն այդ ընկերությունում ունի եւս 133,5 միլիոն բաժնետոմսեր (ընդհանուր 311 միլիոն դոլար արժողությամբ), որոնք, ըստ «Թրասինդայի» հայտարարության, հավանաբար կենթարկվեն միեւնույն ճակատագրին:
Նրա ներդրումը նպատակ ուներ վստահություն առաջացնել ավտոընկերության նկատմամբ, բայց վերջին շրջանում սպառողների գնողունակության անկման հետեւանքով (որն իր հերթին պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով) ամբողջովին թուլացել էր ինչպես «Ֆորդի», այնպես էլ դետրոյթյան երկու մրցակիցներիՙ «Ջեներալ մոթորսի» եւ «Քրայսլերի» դիրքերը: Սեպտեմբերին ամբողջ Մ. Նահանգներում ավտոմեքենաների վաճառքը 26,6 տոկոսով անկում էր արձանագրել: «Ֆորդի» բաժնետոմսերի գինը նվազել էր սկզբում մինչեւ 2,33, ապա նաեւ մինչեւ 1,88 դոլարի: Ընդհանուր առմամբՙ «Ֆորդը» 7-8 միլիարդ դոլարի կորուստ էր կրել այս տարվա երկրորդ քառորդում: Ընկերության ավտոմեքենաների վաճառքը 35 տոկոսով նվազել էր:
Քըրքորյանի քայլն անակնկալ է եղել, քանի որ նրա ապրիլյան աջակցությունը հույս էր ներշնչել ընկերության ղեկավարությանը, որ հնարավոր կլինի վերակազմավորել:
«Մենք չենք պատրաստվում մեկնաբանել նրա քայլը», ասել է «Ֆորդի» ներկայացուցիչ Մարկ Թրուբին: Իսկ անկախ ավտոարդյունաբերության մեկնաբան եւ խորհրդատու Մարիան Քելերը «Բլումբերգ» լրատու գործակալությանը բացատրել է, որ «անիմաստ ներդրում էր եւ հիմա նա հետ է քաշվում, որպեսզի կենտրոնանա առավել շահավետ բնագավառների վրա»:
Ավելացնենք, որ նախապես Քըրքորյանը «Ջեներալ մոթորսում» եւ «Քրայսլերում» մեծ բաժնետոմսեր էր ձեռք բերել, բայց հետո վաճառելՙ ղեկավարությունների հետ կոնֆլիկտի մեջ մտնելով:
Հ. Ծ.