ՀՀԿ-ի նոր նախաձեռնությունը
Կարեւոր չէ, թե ուր ես հասել թռիչքի ընթացքում, առավել կարեւոր է հենց այն, որ թռիչքի մեջ ես: Այսպես է մեր իրականությանը, մանկությանն ու երաժշտությանը մոտենում Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը : Նոյեմբերի 7-ին կոմպոզիտորի հետ երիտասարդության կազմակերպված հանդիպումը բնավ էլ հերթական չէր, ուղղակի նշում կատարելու տիրույթից չէր, եւ հանդիպման ջերմությամբ առանձնանում էր հօգուտ այնպիսի շփումների, որոնք չեն սկսվում ու ավարտվում ձեւականություններով:
Ստեղծագործական միության տան դահլիճում հավաքված երիտասարդների հետ հանդիպումը Ամիրխանյանը սկսեց «Գարնան կաթիլներ» պիեսից, որին հաջորդեց «Դինգ-դոնդ» մյուզիքլից մի հատված: Ներկայացնելով կատարած ստեղծագործությունը` Ամիրխանյանը հիշեց մանկության հուշերն ու խաղերը, որոնք երազների աշխարհ են տանում:
Իսկ դահլիճի ջերմությունը նաեւ երկրորդ ստեղծագործության կատարմանը զուգընթաց արձագանքվող դինգ-դոնգն էր, որ մեզանից յուրաքանչյուրի մանկության գեղեցիկ պահերը հիշեցնող ծանոթ մեղեդին էր ներկայացնում:
Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ հայ իրականության անվանի մարդկանց հետ հանդիպումների, քննարկումների այս նախաձեռնությամբ երիտասարդներին հյուրընկալած Ռոբերտ Ամիրխանյանն այնուհետեւ ունկնդիր էր:
Իսկ բեմից հնչում էին կատարումներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչների կատարմամբ: «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործության ներկայացումը բերեց կոմպոզիտորի պարագայում թերեւս ամենից հաճախ հնչող հարցին, թե ինչպես է ծնվում երգը: «Չգիտեմ, թե ինչպես է ծնվում երգը, ծնվում է, որովհետեւ չի կարող չծնվել», Ամիրխանյանի բացատրությունը այնուհետեւ ավելի բառաշատ էր, բայց ոչ վերջնական: «Երգը ծնվում է սիրո, ազատության, ճախրանքի, հիացումների, միամտության արդյունքում... Եթե հստակ իմանայի բանաձեւը, ամեն օր երգ կգրեի, ամեն օր «Երազ իմ երկիր հայրենի» կծնվեր...»:
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչներից եւս մեկի «Երեւան» կատարումից հետո, որին ձայնակցեց հեղինակը, Ամիրխանյանը ընդգծեց կատարումների ջերմությունը, որով էլ պայմանավորված էր կոմպոզիտորի շնորհակալությունը:
Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 75-ամյակը տոնելու առնչությամբ հարցին էլ Ամիրխանյանը հումորով մոտեցավ, քանի որ դեռեւս անցյալ տարի փորձ է արվել տոնելու այդ հոբելյանը: Ու թեեւ միությունը գտնվում է որոշակի դժվարությունների մեջ, այնուամենայնիվ, այս տարի եւս փորձ կարվի նշելու 75-ամյակը:
Այս առնչությամբ Ամիրխանյանը անդրադարձավ մերօրյա իրականությանը, այն հանգամանքին, որ հեռախոսը, համակարգիչը փոքրացրել են երաժշտութունը, դասականը այլ տեղում լսելու ցանկությունը, ձեւավորելով մի փակ շրջանակ, որտեղ մարդ փակվում է եւ ուրիշ տեղ գնալ երաժշտություն լսելու համար չի ցանկանում: Այնուամենայնիվ, կա որոշակի լսարան, որ միշտ հետաքրքրված է լսելու պրոֆեսիոնալ կատարումներ, նոր ստեղծագործություններ:
Եվս մեկ բացասական հանգամանք էլ կա. Ամիրխանյանի խոսքերով, որակյալ երաժշտությունը դարձել է տոների երաժշտություն, մինչդեռ պետք է ավելի հաճախ հնչելու հնարավորություն ունենա:
Հանդիպման ջերմությունը այնուհետեւ էլի ապահովում էին Ամիրխանյանի ստեղծագործությունները, որ այս անգամ ներկայացրեց Գեղարդավանքում պատարագին երգող Սվետա Ամիրկարայանը: «Հույզերը չեն մնում լքված», «Արեւոտ անձրեւ» ստեղծագործությունները էլի չմնացին միայն Ամիրկարայանի կատարմամբ, իսկ «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Հայի աչքեր», «Երազ իմ երկիր հայրենի»-ն արդեն դահլիճն էր երգում:
Հուզմունքը պարտադրող էր, ու թերեւս դրանից ելնելով Ռոբերտ Ամիրխանյանն առաջարկեց այսօրինակ հանդիպումները պարբերական դարձնել: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ իր հերթին առաջարկեց սկիզբ դնել արվեստի եւ երիտասարդության դաշինքի:
Փոխվել են ժամանակները, փոխվել են մարդիկ, ու արդեն հոգեւոր արժեքների նկատմամբ սով է զգացվում: Մինչդեռ Աղայանի խոսքերով, երիտասարդության եւ արվեստի դաշինքի սկիզբ դնելով հնարավոր է արվեստին պարբերաբար հաղորդակից դարձնել երիտասարդությանը, եւ, օրինակ, կոմպոզիտորների միության հետ ամեն գարնանը հանդիպումներ ունենալ: Այս առաջարկությանը, գարնանային միջոցառումներին զուգահեռ նաեւ աշնանայիններն ունենալու հավելումով, համաձայնեց կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ