28-ամյա Աբրահամի 28-րդ հաղթանակը
Նոյեմբերի 8-ին Բամբերգի Յակո արենայում 28-ամյա Արթուր Աբրահամը 8-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի միջինքաշային չեմպիոնի իր տիտղոսը, պրոֆեսիոնալ ռինգում 28 մրցելույթից 28 պսակեց հաղթանակով, որից 23-ըՙ նոկաուտով:
Մրցապայքարը ուղիղ հեռասփռող ARD-ի մեկնաբանները սկզբում իհարկե անդրադարձան հոկտեմբերի 4-ին նախատեսված մրցապայքարի հետաձգման պատճառներին, քանի որ այն բազմաթիվ շահարկումների առիթ էր տվել: («Ազգն» իրազեկել է դրանց մասինՙ մրցամարտը հետաձգվել էր Աբրահամի հիվանդությանՙ գրիպի պատճառով ): «Աբրահամն իմ դեմ ռինգ դուրս գալու վախից է հիվանդացել», ասել էր Մարկեսըՙ համոզված լինելով, որ իր «Ադամանդ» մականունը նոյեմբերի 8-ին ռինգում փայլը դեռ ցույց է տալու: Բայցՙ խամրած ադամանդի նման խամրած հույսերի մասինՙ հետո:
Աբրահամն այս անգամ արքայական հանդերձարանից ընտրել էր սպիտակ թիկնոցը, լուրջ էր, ինչպես միշտ, ու ԱՄՆ, այնուհետեւ ԳԴՀ օրհներգի ժամանակ, մրցակցի նման մկանները չէր տաքացնում, խաղաղ ունկնդիր էր:
Առաջին ռաունդում Աբրահամն արդեն իրականացրել էր մարզիչ Ուլլի Վեգների ցանկությունըՙ ակտիվ էր, ու ռաունդն ավարտվեց նրա միավորների առավելությամբ: «Լավ էր, չէ՞», հնազանդ, խոնարհ աշակերտի նման ընդմիջմանը հարցն ուղղեց Ուլլի Վեգներին, ով առանձնապես գովեստ չշռայլեցՙ բնավորությունն է:
Երկրորդ ռաունդում Աբրահամը կողոսկրին ցավագին հարված ստացավ, որ ժամեր հետո էլ արգելակում էր շնչառությունը: Բայց ռինգում ցույց չէր տալիս, թեթեւ ժպիտ կար դեմքինՙ ասես ամենը մանկական խաղ է իր համար: Աջ-ձախ հարվածների տարափը թեպետ ակտիվացնում էր Մարկեսին, բայց ակնհայտ էր, որ մեքսիկացին մեծ դժվարության մեջ էր: Նրա մարզիչը ուժ էր տալիսՙ լավ էր մինչեւ հիմա, բայց զգուշացիր նրա աջից, խփիր ձախով:
Բամբերգի հանդիսատեսը Արթուրի ջերմ երկրպագուն էր, ու թեեւ 5-րդ ռաունդում Աբրահամի ոտքը սայթաքեց, բայց մրցապայքարն ակնհայտ նրա օգտին էր ընթանում: 6-րդ ռաունդում բժիշկը հայտարարեց խաղի ավարտըՙ Մարկեսի հոնքը պատռվել էր: Մինչ դափնին կզարդարեր Աբրահամի կուրծքը, նրա պարանոցին ամրացրին Ամենայն հայոց կաթողիկոսի ընծայած ոսկե խաչը. Արթուրը համբուրեց այն:
Մարկեսը ռինգի անկյունում դադարի պահին լսել էր հոր ու եղբոր խորհուրդը եւ պատճառաբանելով հոնքի վնասվածքն ու արյունակալած աչքը, դադարեցրել պայքարը: 37-ամյա մեքսիկացին հրաժեշտ տվեց կարիերային: ԱՄՆ-ում ապրող Մարկեսը հավանաբար հեռուստամեկնաբանի կարիերան ընտրի, ով գիտիՙ միգուցե Աբրահամի ամերիկյան ելույթներն հենց ինքը մեկնաբանի:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» գրում է. «Հարավամերիկացի մի մեկնաբան սարկազմը չթաքցնելով ասել էՙ նա իսկական մեքսիկացի չէ: Մեքսիկացին մեռնում է ռինգում»:
Ռինգի բժիշկ պրոֆ. Վագները Մարկեսի վնասվածքը թեթեւ գնահատեց եւ վստահեցրեց, թե դա չէր հանձնվելու հիմնական պատճառը:«Նա շատ փորձառու աղվես է, նոկաուտից խուսափեց»: Երբ մրցապայքարի ավարտին հեռուստալրագրողը Մարկեսին մոտեցավ, նա չթաքցրեց իրականությունըՙ «Նա մեծ չեմպիոն է, ես փորձեցի, բայց նա շատ արագ է: Տեսա, որ պարտվում եմ: Ընտանիք ունեմ, ինձ պիտի պաշտպանեմ»:
«Չեմ հասկանում, թե Մարկեսն ինչու այդպես շուտ հանձնվեց, եւ հանդիսատեսին հիասթափեցրեց: Ասենք խելամիտ եղավՙ 7-րդ, 8-րդ ռաունդում իր համար իսկապես դժվար էր լինելու, ասաց Աբրահամը, որ խոսքն ուզեց անպայման շնորհակալությամբ ավարտել. «Բամբերգում եմ սովորել, առանց Բամբերգի, այստեղ չէի լինի, ուր եմ: Շնորհակալություն, Գերմանիա, որ այստեղ եմ»:
Մրցամարտը հազիվ ավարտվածՙ մեկնաբաններին ավելի շատ մի հարց էր հետաքրքրումՙ կկայանա՞ երկրպագուների համար այդքան սպասված միջինքաշային WBA տիտղոսակիր Ֆելիքս Շտուրմի դեմ Աբրահամի հնարավոր մրցամարտը:
«Մեր երկու մենեջերները պիտի խոսեն, պայմանավորվեն: Իմ գործը բռնցքամարտելն է», ասաց Արթուրը: «Պատվի հարց է: Փողն ինձ այս պահին չի հետաքրքրում: Հարկ լինիՙ առանց դրա էլ կմրցեմ», մրցամարտից հետո ARD-ի հեռուստաեթերից ասաց Աբրահամըՙ հիշեցնելով, թե իր առաջին պրոֆեսիոնալ ելույթի համար իր մաքուր վաստակը 2500 եվրո է եղել: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» մեկնաբանը ուշադրություն է հրավիրում Աբրահամի հաջորդ նախադասությանըՙ «փողն ինքն իրեն կգա»:
Հավանական մրցամարտը 2009-ի փետրվար-մարտին կարող է լինել, ասաց Արթուր Աբրահամի մենեջեր Զաուերլանդըՙ հավելելով, թե ամռանը ԱՄՆ-ում նախատեսված է Քելլի Պավլիկի դեմ հնարավոր մրցապայքարը: Զաուերլանդին այնքան էլ չէր ոգեւորել Աբրահամիՙ «առանց փողի» ձեւակերպումը, «մարզիչներն ու մենեջերներն էլ ուզում են ապրել» անկեղծ ասել է նաՙ շարունակելովՙ 3 միլիոնի դիմաց կարող ենք նաեւ ոչ թե ARD-ի, այլ ZDF-ի եթերում լինել:
Միայն առաջիկա շաբաթներին պարզ կդառնաՙ երկու կողմերը կգա՞ն ընդհանուր հայտարարի, թե՞ Աբրահամ-Շտուրմ մրցապայքարը կմնա երկրպագուների չիրականացած երազ: Զաուերլանդը համենայնդեպս թերահավատ է, թե այդ մրցամարտը կկայանա:
Բայց ինչպես ասում ենՙ կապրենք, կտեսնենք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա