Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը վստահեցրել է, թե իրեն սխալ են հասկացել` իր հայտարարությունը մեկնաբանելով որպես հույների եւ հայերի տեղահանությունը արդի Թուրքիայի ստեղծման ճանապարհին կարեւոր քայլ համարող գնահատական, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցի կապակցությամբ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատանը կայացած արարողության ժամանակ Գյոնուլը, մասնավորապես, հայտարարել էր. «Կլինե՞ր արդյոք Թուրքիան ազգային պետություն, եթե հույները մնային Էգեյանի տարածաշրջանում, իսկ հայերը` Թուրքիայի մի շարք մասերում: Չգիտեմ, թե ինչ բառեր օգտագործեմ բնակչության այդ փոփոխության կարեւորությունը բացատրելու համար, սակայն եթե նայեք (բնակչության) հին համամասնությանը, դրա կարեւորությունը շատ պարզորոշ կերեւա»: Նա հավելել էր, թե մինչեւ հանրապետության հիմնումը Անկարան բնակեցված էր հրեաներով, մահմեդականներով, հայերով եւ հույներով: «Ռոյթեր» գործակալության հաղորդագրության համաձայն` երեկ հայտարարելով, թե իրեն սխալ են հասկացել, Գյոնուլը, միաժամանակ, ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից: Ուշացած ինքնասրբագրում: