«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2008-11-08 | #208, 2008-11-11 | #209, 2008-11-12


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»ՙ ՄԱՅՆԴՈՐՖՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՂԴԱՄԸ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԴԻՄԱՑ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

«Ժառանգության» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ու կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ հյուրընկալվել էին «Հայացք» ակումբում ու ներկայացրին իրենց կուսակցության գնահատականը Մայնդորֆյան հռչակագրի վերաբերյալ` հանդես գալով հայտարարությամբ: «Ժառանգությունը» խիստ վտանգավոր է համարում հռչակագիրըՙ թե՛ խաղաղության պահպանման եւ թե՛ ԼՂ-ի կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու եւ նրա անկախության միջազգային ճանաչման հեռանկարի համատեքստում: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների` Մայնդորֆյան հռչակագիրը շարունակությունն է Հայաստանի ու Ղարաբաղի ազգային եւ պետական շահերի հաշվին գերտերությունների շահերը սպասարկելու միտման, որը նախկինում դրսեւորվում էր Արեւմուտքի, իսկ այսօր էլ Ռուսաստանի կողմից: «Ժառանգությունը» գտնում է, որ հռչակագրի ստորագրությամբ հաստատվում են մադրիդյան սկզբունքները, որոնք անընդունելի են կուսակցության համար. նրանց բնորոշմամբ` այդ սկզբունքներում խոսվում է փախստականների եւ տարածքների վերադարձի միակողմանիության մասին, մինչդեռ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ, իսկ հռչակագրով նվազում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը:

Դեմ լինելով տարածքների միակողմանի զիջմանը` կուսակցությունն առաջարկում է փոխանակման տարբերակը. օրինակ` Աղդամը Շահումյանի դիմաց: Ըստ բանախոսների, եթե Ադրբեջանը բարձրացնում է իր փախստականների վերադարձի խնդիրը, ապա Հայաստանն էլ պետք է բարձրացնի իր փախստականների վերադարձի հարցը:

Բանախոսները համակարծիք են ընդդիմության գործելաոճին, որ դադարի միջոցով ժամանակ տվեց իշխանությանը հանգիստ զբաղվելու արտաքին խնդիրներով: Իսկ եթե տեսնեն, որ իշխանությունը չի օգտագործում այդ հնարավորությունը, Խուրշուդյանի խոսքերով, «Ժառանգությունը» հանդես կգա շատ ավելի խիստ գնահատականով եւ կպահանջի նաեւ նախագահի հրաժարականը:

Ա. Բախշյանն էլ իր հերթին նշում է, որ Մոսկվայի հռչակագրին դեմ են արտահայտվել նաեւ այլ քաղաքական ուժեր, եւ իրենք պատրաստ են, եթե լինի համաձայնություն, դուրս գալ փողոց հանրահավաքների:

«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեին տեղի ունեցած վարչության նիստում կայացրել է մի շարք որոշումներ: Առաջիկայում կհրավիրեն խորհրդի նիստ, որտեղ, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների հետագա զարգացումները, կնախաձեռնեն հաջորդ քայլերը: Այս մասին ասուլիսում հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը:

Վերջինս նաեւ չբացառեց, որ դրանից հետո խորհրդարանական խմբակցության անդամները ղարաբաղյան խնդրով ձեռնարկեն ԱԺ լսումներ: Իսկ Ղարաբաղի ճանաչման հարցը, որի նախաձեռնությամբ 2007-ին խորհրդարանում հանդես է եկել «Ժառանգությունը», եւ որը մերժվել է, մնում է կուսակցության օրակարգում:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4