Մասնակիցների թվի 20-30 տոկոսի աճ է սպասվում
2009-ի փետրվարի 20-23-ը Ծաղկաձորում 6-րդ անգամ կանցկացվի ավանդական դարձած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը: Այդ մասին «Նովոստի» գործակալության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց միջոցառման կազմակերպիչներից Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը : Նրա կարծիքով, Ծաղկաձորը, վերածվելով տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի, հանդիպման լավագույն վայր կդառնա հայ եւ օտարերկրյա գործարարների համար:
Արսեն Ղազարյանը նշեց, որ այս անգամ համաժողովի գլխավոր թեման, որի շուրջը կանցկացվեն կլոր սեղաններ եւ կոնֆերանսներ, կլինեն միջազգային համագործակցությունն ու հեռանկարները: Համաժողովի շրջանակներում կքննարկվեն նաեւ հարցերՙ նվիրված արտահանման ներուժի վերլուծությանն ու գնահատմանը, Հայաստանը որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու հեռանկարներին, տարածաշրջանային տրանսպորտային համակարգի զարգացման նոր հնարավորություններին, անդրադարձ կարվի էլեկտրոնային հասարակության թեմային, շինարարությանը, անշարժ գույքի շուկային, կայուն մրցակցային առավելությունների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջությանը: ՀԱԳՄ նախագահն ասաց, որ 6 տարի առաջ այս համաժողովի ստեղծման գաղափարը ռոմանտիկ էր թվում, բայց վստահություն հայտնեց, որ գործարար հարաբերությունների հաստատման հարթակ «Հայկական Դավոսը» կայացել է: Ըստ նրա, այս տարիների ընթացքում անցկացված տնտեսական ֆորումներում արձանագրվել են ե՛ւ հաջողություններ, ե՛ւ մասնակիցների որակական աճ:
Ինչո՞ւ է ընտրվել միջազգային տնտեսական համագործակցության թեման հարցի առնչությամբ Արսեն Ղազարյանը պարզաբանեց, որ միությունը մշտապես կարեւորում է տարածաշրջանում Հայաստանի կազմակերպիչ տնտեսական դերի մեծացումը, արտահանման գործառույթների խթանումը տնտեսության մեջ, իսկ այս պարագայում, կարեւորվում են համագործակցության ուղիների փնտրումը եւ հին կապերի ամրապնդումը տարածաշրջանի հիմնական տնտեսական գործընկեր երկրների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի մասնակից երկրները եւ ընկերությունները 20-30 տոկոսով ավելի են լինելու: Եթե 2004-ին այս համաժողովին մասնակցում էր ընդամենը 70 գործարար, ապա 2008-ին գործարարների թիվը հատեց 300-ը:
Տեղեկացվեց, որ համաժողովին մասնակցելու համար գործարարների պատվիրակություններ կժամանեն Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից: Այս տարի փորձ է տարվելու ներգրավել նաեւ հարեւան երկրներին, մասնավորապեսՙ Վրաստանին եւ Թուրքիային: Վրաստանի գործարարների միության հետ այդ կապակցությամբ բանակցություններ են տարվում շինարարության եւ անշարժ գույքի ոլորտներում համագործակցության եւ փորձի փոխանակման ուղղությամբ:
«Կարեւորվել են այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք, մեր տնտեսության ներկա վիճակում հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Մեր հերթական համաժողովի կլոր սեղանների թեմատիկայում ընտրված են այն հարցերը, որոնք հեռանկարային կլինեն համագործակցության տեսանկյունից, հատկապես արտաքին կապիտալի համար: Մասնակիցները կզմայլվեն ոչ միայն մեր բնաշխարհով, այլեւ համաժողովից սպասվող արդյունքներով: Ամեն տարի մենք փորձում ենք նորույթ մտցնել եւ արդիականացնել այն խնդիրները, որոնց քննարկումը արդյունքներ կտա գործարարության համար: Պարզվեց, որ մեր ոչ լիարժեք ինտեգրացված լինելը եվրոպական շուկային այսօր մեզ առավելություն ընձեռեց: Մենք ավելի ապահովված եղանք ցնցումներից եւ այսօր Հայաստանում ներդրումներ կատարելու եւ բիզնես կառավարելու առումով միջազգային ընկերությունների համար որոշակի գրավչություն ենք ապահովում», ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ