Վստահեցնում են հայ հոգեւորականները
Նախօրեին Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում տեղի ունեցած հայ եւ հույն վանականների կռվին երեկ անդրադարձան Գեւորգյան ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դեւրիկյանը :
Վարդան Դեւրիկյանը կատարվածը համարում է քրիստոնեական ողբերգություն` մատնանշելով, որ հայ եւ հույն հոգեւորականների միջեւ վեճերը սկսել են դեռեւս 5-րդ դարից, մինչդեռ կաթոլիկների կամ ուղղափառների հետ կրոնական այդպիսի լուրջ խնդիրներ երբեւէ չենք ունեցել: Ըստ նրա, հարցի լուծման երեք տարբերակ գոյություն ունի` միջեկեղեցական, միջպետական հարաբերությունների միջոցով կամ հասարակության գիտամշակութային մակարդակով:
«Հայերի եւ հույների կրոնական վեճերը հարթելու նպատակով դեռեւս 1862-ին ընդունված հռչակագրում գրված էր, թե ինչ կարգով նրանք պետք է օգտագործեն տաճարը: Տաճարի հիմնադրման ժամանակ քրիստոնեությունը դեռեւս տարանջատված չէր մի քանի ուղղությունների: Այնուհետեւ այդ հռչակագիրը վերահաստատվել է 1878-ին Փարիզում եւ Բեռլինում, իսկ 1919-ինՙ Վերսալում կայացած վեհաժողովների ժամանակ: Այս ծեծկռտուքները նրանց կողմից օրենքի խախտում են», ասաց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որն ավելի քան 3 տարի ապրել է Երուսաղեմում: Ըստ նրա, Թեոդորոս պատրիարքի գահակալության ժամանակ հայ եւ հույն հոգեւորականներն ապրել են ու ծիսակարգերը կատարել առանց կռիվների եւ արյուն թափելու: Սակայն իրադրությունը սրվեց եւ լուրջ խնդիրներ հայտնվեցին, երբ 2000-ին պատրիարք ընտրվեց Իրենիյոս Առաջինը:
«Հույները չպետք է այդպիսի բան անեին եւ աշխարհին ցույց տային, որ հայերը նախահարձակ են եւ իրենք պաշտպանության կարիք են զգում: Սադրանք էր, որ հստակ իրականացրին տեղի հույն հոգեւորականներն ու կառավարությունը: Սա արդեն ոչ թե կրոնական, այլ ազգային հարց է: Չեմ արդարացնում հայ հոգեւորականների կատարածը, սակայն եթե այսօր քրիստոնեաբար գլուխները կախեն ու լռեն, վաղվա հետեւանքներն ավելի սարսափելի կլինեն», ասաց Սահակ Մաշալյանը` հավելելով, որ պետք է Իսրայելի կառավարության հետ շփման եզրեր գտնենք` փաստելու, որ հայ հոգեւորականների ներկայությունը Երուսաղեմում ոչ թե վտանգավոր է, այլ արդարացված:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ