«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2008-11-08 | #208, 2008-11-11 | #209, 2008-11-12


«ԵԳԻՊՏՈՒՀԻՆ» ԵՎ «ՓԱՅՏԵ ՄԱՐԴՈՒԿԸ»

Սարգիս Թոսունյանի նոր քանդակները

«Բացօթեայ ցուցադրութիւնն ալ իր առաւելութիւններն ունի. նախՙ բնական նիւթերը աւելի հնչեղ են բաց երկինքին տակ: Իսկ եթե երկինքն ալ աստղազարդ կտաւի է նման, ու ծովը կը ձայնակցի բնական այդ համանուագին, գեղեցկութիւնը անձեռակերտ է, քանզի բնութեան եւ արուեստի միաձուլումը սքանչելի է: Մէկ առաւելութիւնն ալ այն է, որ կրնաս դիտել բացումն ազդարարելէն առաջ», գրում է անկախ լրագրող Անժիկ Հակոբյանն Ալեքսանդրիայից (Եգիպտոս), որտեղ հավատարիմ մնալով իր ավանդույթին, տեղի հրաշակերտ գրադարանը կրկին միջազգային ցուցահանդես է կազմակերպել (թեմանՙ ազատ, նյութըՙ բնական), որին դարձյալ իր մասնակցությունն է բերել մեր հայրենակից Սարգիս Թոսունյանը:

Նա այս անգամ ընտրել է փայտը «իր բոլոր հմայքներով ու անհնազանդութիւններով»: Կերտել է մի մարդու, որն աշխարհի ամեն հոգս ու բեռը շալակն առած, վախվորած, դիտում է շուրջը: Նա շիտակ, ազնիվ մարդ է, բայց կաշկանդված ու թերագնահատված: Ազատության է ձգտում, հազար ու մի երազ ունի, բայց մի կողմից օրենքն է արգելքներ դնում, մյուս կողմիցՙ ընտանիքն ու շրջապատը, նաեւ բարքերն են կաշկանդում: Եվ մարդուկը մնում է միայնակՙ դեմ առ դեմ իր խղճի հետ, որն «ամենազօրաւոր աքցանն է»: Սարգիս Թոսունյանի կերտածն այս փխրուն հոգով, անտեսված մարդուկն է, որ պահպանում է իր արժանապատվությունը:

Նա արդեն 3-րդ անգամ է մասնակցում գրադարանի միջազգային գիտաժողովինՙ իտալացի, հույն, սերբ, չին, թուրք եւ եգիպտացի իր գործընկերների հետ, եւ արժանանում հատուկ ուշադրության, պատիվ բերելով ոչ միայն իրեն եւ եգիպտահայությանը մասնավորապես, քանի որ ամբողջ նրա գործերը դասվում են երկրի բարձրարվեստ աշխատանքների թվին:

Նրա մեկ այլ ստեղծագործությունըՙ նազենի «Եգիպտուհին» այսուհետեւ զարդարելու է Կահիրեի միջազգային օդանավակայանի մեծ սպասասրահներից մեկը, դիմավորելու ու ճանապարհ է դնելու երկիր մտնող ու երկրից դուրս եկող ճամփորդներին:

Այսօր Եգիպտոսում չկա արձանագործության խոշոր մի ձեռնարկ, որը կայանա առանց Սարգիս Թոսունյանի մասնակցության: Նրա ոճն ու ձեռագիրը ծանոթ է բոլորին եւ գնահատված: Մինչ այժմ օգտագործել էր մարմարը, բրոնզը, ալյումինը, գրանիտը: Այժմ դրանց ավելանում է նաեւ փայտը:

Նորանոր ստեղծագործական հաջողություններ, անմար եռանդ ու երեւակայության փայլուն ճախրանքներ սիրելի արվեստագետին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4