«Լույսի տխուր օրեր» գիրքը Փիթեր Բալաքյանի հեղինակածն է, որ երեկ շնորհանդեսով ներկայացվեց Հայաստանի գրողների միությունում: Ամերիկահայ, անգլագիր գրողի Հայոց ցեղասպանությանը նվիրված ժողովածուն լույս է տեսել Երեւանում, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ:
«Հաճախ չի պատահում, որ ներկայացնում ենք Փիթեր Բալաքյանին, որն արդի ամերիկյան գրականության նշանավոր ներկայացուցիչներից է: Մի քանի տարի առաջ մենք նրա «Ճակատագրի սեւ շունը» գիրքը, դարձյալ Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ, հրատարակել ենք: Այդ ժողովածուի շնորհանդեսին իր ընտանիքի անդամների հետ ԱՄՆ-ից մասնակցելու էր եկել ինքըՙ հեղինակը», տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը : Նա նաեւ փաստեց, որ վերջերս Միացյալ Նահանգներում անգլերեն հրապարակվել է Փիթեր Բալաքյանի դարձյալ նույն թեմային վերաբերող «Այրվող Տիգրիսը» վեպն ու հիշեցրեց, որ այդ թեման անցնում է նրա ամբողջ ստեղծագործության միջով, եւ նրա, ինչպես եւ բոլորիս, համար ցեղասպանությունը դառնում է արդիական խնդիր, այսօրվա ու վաղվա թեման:
ՀԳՄ նախագահը, թարգմանությունը գնահատելով փայլուն, բնագրին համարժեք, տեղեկացրեց, որ եկող տարի Լոս Անջելեսում կայանալիք օտարագիր հայ գրողների համաժողովին ներկա թարգմանությունը կներկայացվի եւ ըստ էության համաժողովի նախապատրաստական աշխատանքներից է:
Շնորհանդեսի ավարտին ներկաները Գայանե Սամվելյանի ընթերցմամբ լսեցին «Լույսի տխուր օրերը» գրքից հատվածներ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ