«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2008-11-08 | #208, 2008-11-11 | #209, 2008-11-12


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԸ

Լիվերպուլում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը շատ հաջող էր հայ բռնցքամարտիկների համար: 1/8 եզրափակիչ երեք մենամարտերում էլ մեր հանրապետության ներկայացուցիչները հաղթանակ տոնեցին:

Իրենց երկրորդ հաղթանակները տարան Էդուարդ Համբարձումյանն ու Ցոլակ Անանիկյանը: Համբարձումյանը մինչեւ 64 կգ քաշային կարգում 6-3 հաշվով պարտության մատնեց լիտվացի Էգիդիյուս Կավալիաուսկասին, իսկ Անանիկյանը (91 կգ) առավելության հասավ լիտվացի մեկ այլ բռնցքամարտիկ Վիտալիուս Սուբացիուսի նկատմամբ (8-3): Եթե նրանց հաջողվի հաղթահարել նաեւ քառորդ եզրափակիչի արգելքը, ապա նվազագույնն իրենց համար կապահովեն բրոնզե մեդալը: Համբարձումյանը քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիան ներկայացնող Վյաչեսլավ Կերբերի հետ: Վերջինս 1/8 եզրափակիչում հաղթել էր Հունաստանը ներկայացնող Բորիս Կատալինիսին (7-2): Ցոլակի մրցակիցը կլինի ուկրաինացի Դենիս Պոյչուկան, որը պարտության էր մատնել խորվաթ Ստեփան Վուգդելիջային (14-1):

Եվրոպայի առաջնությունում իր անդրանիկ մենամարտն անցկացրեց Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), որը նախորդ փուլում ազատ էր: Նրա մրցակիցը լեհ Դարիուշ Սեկն էր: Մենամարտն անցավ համառ մրցապայքարում եւ ավարտվեց հայ բռնցքամարտիկի նվազագույն առավելությամբ (5-4): Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի իռլանդացի Իմոն Օ՛Քեյնը: Վերջինս 1/8 եզրափակիչում պարտության էր մատնել թուրք Ադեմ Կիլիգիին (7-6):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4