Ալմաթիում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում անհաջող խաղաց Ռաֆայել Վահանյանը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկող 16 շախմատիստների մեջ Վահանյանը 5,5 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը:
Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարը Վահանյանը սկսեց Գատա Կամսկու հետ կնքած հաշտությամբ: Այնուհետեւ նա չորս անընդմեջ պարտություն կրեց` զիջելով Բորիս Գելֆանդին, Ալեքսանդր Գրիշչուկին, Շահրիյար Մամեդյարովին ու Մուրթազ Կալզագեեւին: Միայն 6-րդ տուրում հայ շախմատիստն անդրանիկ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Կրիշնան Սասիկիրանի նկատմամբ: Նա հաղթեց նաեւ Բասեմ Ամինին, Սերգեյ Ռուբլյովսկուն ու Թեյմուր Ռաջաբովին, ոչ-ոքի ավարտեց պարտիաները Պերես Դոմինգուեսի եւ Վլադիսլավ Տկաչովի հետ: Իսկ ահա Հուդիթ Պոլգարին, Վասիլի Իվանչուկին եւ Ալեքսանդր Մորոզեւիչին Վահանյանը պարտվեց:
Աշխարհի չեմպիոն հռչակվեց կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսը, որը 15 հնարավորից 11,5 միավոր վաստակեց: Նրան կես միավոր զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Բրոնզե մեդալը նվաճեց Պյոտր Սվիդլերը, որը 10 միավոր վաստակած Ալեքսանդր Գրիշչուկին գերազանցեց շնորհիվ լրացուցիչ գործակիցների:
Մրցակարգով աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներն էլ դրամական պարգեւների արժանացան: Ռաֆայել Վահանյանը, ինչպես նաեւ 14-16-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները պարգեւատրվեցին 5 հազարական շվեյցարական ֆրանկով: Իսկ աշխարհի չեմպիոնը ստացավ 80 հազար շվեյցարական ֆրանկ: Արծաթե մեդալակիրը պարգեւատրվեց 50 հազարով, բրոնզե մրցանակակիրը` 30 հազարով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ