Ռամկավար ազատական կուսակցության Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչությունը (համանախագահներՙ Երվանդ Ազատյան եւ Բաբկեն Մկրյան, գործադիր քարտուղարՙ Գեւորգ Մարաշլյան, քարտուղարՙ Մարո Պետրոսյան, անդամներՙ Հակոբ Ալեքսանյան, Ա. Բազարբաշյան, Արսեն Դեմիրճյան, Հակոբ Դոքմեջյան, Գրիգոր Սալբաշյան, Գեւորգ Թութունջյան) անգլերեն լեզվով հետեւյալ շնորհավորագիրն է ուղարկել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային:
«Ձեր ընտրությունը աշխարհի ամենահզոր պետության նախագահի պաշտոնում երազանք էր, որն իրականություն դարձավ: Ամերիկայի քաղաքացիներից Ձեզ վստահված ամենաբարձր լիազորությունն իր արձագանքն է գտնելու ամբողջ երկրագնդում, հուզելու է միլիոնավոր մարդկանց եւ վերափոխելու է հետագա տարիների աշխարհի քաղաքականությունը:
Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կազմակերպությունը եւ նրա մամուլը, մասնավորապես «Արմինյն միրոր սփեքթեյթրը», Ձեր թեկնածությունն են պաշտպանել առաջին իսկ օրվանից, երբ Դուք Ձեր մտադրությունը հայտնեցիք ստանձնելու մեր սիրելի երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Այդ որոշումը հիմնված էր որպես սենատորի Ձեր հոյակապ գործունեության եւ այն իդեալների վրա, որ Դուք դրել էիք Ձեր եւ երկրի առաջ:
Գիտակցում ենք, որ շատ ծանր բեռ եք վերցրել Ձեր ուսերին, եւ օրակարգում շատ հարցեր կան, որոնցից ամենաառաջնայինը տնտեսական ճգնաժամը հաղթահարելն է: Անարդար եւ բոլորովին չարդարացված պատերազմները, միակողմանի արկածախնդրությունը, եւ անշրջահայաց արտաքին քաղաքականությունը Ձեր վարչակազմին լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցրել:
Մինչ ժողովուրդը կսկսի բուժել իր վերքերը եւ համախմբվել Ձեր իմաստուն ղեկավարության ներքո, խաղաղությունն ու բարեկեցությունն են ծնունդ առնելու երկրի ներսում եւ իսկական ժողովրդավարության ջատագով Ամերիկայի նախկին հեղինակությունը վերականգնվելու է երկրից դուրսՙ ամբողջ աշխարհում:
Քանի որ շատ հարցերում եք տարբերվում Ձեր նախորդից, հույս ունենք, որ մեկ եւ կես միլիոն հայերի ցեղասպանության հանդեպ Ձեր վերաբերմունքն էլ տարբեր կլինի: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Բուշի գրավոր խոստումն այդպես էլ իրականություն չդարձավ անցած ութ տարիների ընթացքում: Ձեր եւ Ջո Բայդենի անցած ուղինՙ որպես սենատորների, խոսում են այն հաստատ պարտավորվածության մասին, որ Դուք ստանձնել եք 20-րդ դարի այդ մեծագույն ողբերգության հանդեպ:
Ցեղասպանության ճանաչումը դիտվում է որպես բարոյական հրամայական, որը չի հակասում Թուրքիայի Հանրապետության հետ մեր երկրի համագործակցությանը, ինչպես վերջին տարիների փորձը ապացուցեց եվրոպական մի շարք քաղաքակիրթ երկրներում:
Հայաստանը կովկասյան անհանգիստ տարածաշրջանում ժողովրդավարության փարոսն է, որն ամուր կառչած է մնում իր հնամյա քրիստոնեական քաղաքակրթությանը եւ որը դեռեւս շրջափակված է մնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:
Հույս ունենք, որ համաշխարհային հարցերի արտաքին քաղաքականության Ձեր օրակարգում կովկասյան տարածաշրջանը նույնպես տեղ կզբաղեցնի, որպեսզի խաղաղություն եւ կայունություն հաստատվի ամբողջատիրական լծից վերջերս ազատագրված երկրներում:
Սրտագին շնորհավորանքներ նախագահ ընտրվելու առիթով: Մեր աղոթքներն ու աջակցությունը միշտ կլինեն Ձեզ հետ»:
Թարգմ. Հ. Ծ.