Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը երեկ վավերացրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրերը:
Օգոստոսի 26-ին Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո արդեն սեպտեմբերի 9-ին երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, իսկ սեպտեմբերի 17-ին Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ստորագրեց հիշյալ պայմանագրերը:
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խորհրդարաններն արդեն վավերացրել են այս պայմանագրերը, իսկ ՌԴ Դաշնային խորհուրդն այս հարցին անդրադարձավ բավականին երկար, քանի որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այս պայմանագրերը վավերացման համար ներկայացրել էր դեռեւս հոկտեմբերի 20-ին:
Փաստաթղթերում նախ ընդգծվում է կողմերի ցանկությունը ամրապնդելու բարեկամական հարաբերությունները, զարգացնելու քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը:
Պայմանագրերի համաձայն, կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ արտաքին քաղաքականության ոլորտում սերտ համագործակցելու, անդրկովկասյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովման հարցերում:
Այս պայմանագրերի վավերացմամբ Ռուսաստանն ամենաակտիվ կերպով արդեն կարող է մասնակից լինել միջազգային կազմակերպություններում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շահերի պաշտպանության ապահովմանը: Փաստաթղթերն արտացոլում են նաեւ կողմերի ցանկությունը երկրների անվտանգության հարցերը համատեղ լուծելու առնչությամբ:
Ընդ որում, բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրերով Ռուսաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան պարտավորվում են անմասնակից մնալ իրենցից որեւէ մեկի դեմ ուղղված դաշինքներին, միություններին:
Փաստաթղթում առանձին կետով նշվում է, որ Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի քաղաքացիներին երկքաղաքացիության հնարավորություն է տրվում: Դրան գումարածՙ ռուսական ռուբլին ճանաչվում է որպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում վճարման օրինական միջոց:
Ա. Հ.