Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանի ` մադրիդյան սկզբունքները քողազերծելու առաջարկին ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նկատեց, թե այդ սկզբունքները դեռ չեն ընդունվել. հայկական կողմը շատ անգամ հայտարարել է, թե այդ սկզբունքները կարող են հիմք դառնալ բանակցությունները շարունակելու եւ փաստաթուղթ ձեւավորելու համար, իսկ ադրբեջանական կողմը նույնիսկ հրաժարվում էր այդպիսի հայտարարությունից ու փորձում էր հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ձեւաչափ: Իսկ այս տարվա հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանձնարարել են երկու ԱԳ նախարարներին` շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա: Կողմերի մոտեցումները մերձեցնելուց հետո միայն կարող է ինչ-որ փաստաթուղթ ստեղծվել. «Երբ հասնենք այն փուլին, որ ինչ-որ բան համաձայնեցված լինի, այդ առաջարկները միանշանակ քննարկման առարկա կդառնան: Առանց Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի աջակցության Հայաստանի որեւէ իշխանություն հազիվ թե գնա որեւէ պայմանավորվածության կամ փաստաթղթի ստորագրման», ասաց Է. Նալբանդյանը` նշելով, որ տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են արվել, եթե ամեն անգամ դրանք հրապարակվեին, որեւէ արդյունքի չէին բերելու` «եթե ամբողջ գյուղով են գնում էշի պոչը կտրելու, այն չեն կտրի»: Կոնկրետ դեպքում` էշի պոչը ղարաբաղյան հարցն է:
Մ. Խ.