«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼԻՍ

2009 թվականի բյուջեն շռայլումների համար չէ

2009 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելուց առաջ Ազգային ժողովում, կարելի է ասել, քաղաքական ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Այս ելույթում կային նոր շեշտադրումներ, ինչն ավելի ուշ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած բյուջեում չկար եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ բյուջեն տնտեսական փաստաթուղթ է, կազմվում է ամիսներ, իսկ վարչապետի խոսքն ավելի շուտ արձագանքն էր աշխարհի մակարդակով ներկա տնտեսական տագնապներին եւ մի շարք նորություններ էր պարունակում, որոնք հետագա նորամուծություններ պետք է բերեն մեր տնտեսական ծրագրերում:

Նա խոսեց ԱՄՆ-ից սկսված ֆինանսական եւ դրա հետեւանք տնտեսական ճգնաժամից, աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների ֆինանսական շուկաներում ճգնաժամի խորացումից, հիպոթեքային շուկաների ֆինանսական փուչիկներից, գլոբալ ֆինանսական եւ տնտեսական համակարգերի կառավարման, կարգավորման եւ վերահսկողության անկատարության բացահայտումից եւ նշեց գլոբալ ճգնաժամի դասերը: Նա նշեց, որ ԿԲ հետ համատեղ միջոցառումները հնարավորություն են տվել կառավարությանը դիմակայելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին ալիքին, եւ հիմա խնդիր ունենք դիմակայելու համաշխարհային ճգնաժամի նոր ալիքին: Սա ասվեց` թեեւ Տ. Դավթյանը բյուջեն ներկայացնելիս ասում էր, որ Հայաստանի վրա այդ ճգնաժամը դեռ լուրջ ազդեցություն չի ունեցել, եթե ունենա` միջոցառումներ կձեռնարկվեն: Մինչդեռ Տ. Սարգսյանը ե՛ւ իր ելույթում, ե՛ւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց Հայաստանի համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի ստեղծած ռիսկերը` մասնավոր ուղղակի ներդրումների հնարավոր նվազում եւ հետաձգում, մասնավոր տրանսֆերների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների բարձրացումը, շինարարական ներդրումային ծրագրերի հետաձգում, որոնց հետեւանքները կարող են լինել սպառման ծավալների կրճատումը, վճարային հաշվեկշռի վատթարացումը, վարկատուների բացասական սպասումների ձեւավորումը: Հետեւանքային երեւույթ են նաեւ ստվերի խորացման հնարավորությունն ու կոռուպցիոն ռիսկերի ավելացումը:

Եվ նկարագրեց այս բոլորի առաջն առնելու կառավարության ջանքերը` մակրոտնտեսական եւ ֆինանսական հատվածի կայունության ապահովում, լրացուցիչ խթաններ` տնտեսական աճի ապահովման համար այս առումով պետք է ընդլայնվի սպառումը, խթանվի տեղական արդյունաբերությունը, կտրուկ պետք է ավելացվի արտահանումը, բարելավվի վճարային հաշվեկշիռը:

Ինչպե՞ս այս բոլորն ապահովել: Համահայկական տնտեսական ծրագրերի` նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, իրականացմամբ համահայկական բանկի եւ ներդրումային հիպոթեկային հիմնադրամների ստեղծմամբ եւ այլն: Իրական եւ ներուժային ՀՆԱ-ների միջեւ շեղումը տանում է դեֆլացիայի, այդ պատճառով համաշխարհային եւ ներքին գների շեղման վերացման գործում հատկապես վարչապետը կարեւորեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը` խոստանալով աջակցել այս հանձնաժողովի յուրաքանչյուր նախաձեռնության: Սրանք եւ այլ միջոցառումներ նախատեսված են բյուջեով, սակայն լրացուցիչ միջոցառումներ եւս նախատեսվում են` ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրում, սուբսիդավորման գործիքների կիրառում, սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետական մասնակցություն: 500 մլն դրամից ավելի ակտիվներ եւ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար ներդրվելու է պարտադիր աուդիտորական հաշվետվության ինստիտուտ: Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու համար մեծածավալ վարկեր են ներգրավվելու` 350 մլն դոլարի վարկային ռեսուրս նախատեսվում է հայթայթել Համաշխարհային բանկի, Եվրոբանկի, Ասիական բանկի միջոցներից, կպարզեցվի հարկային վարչարարությունը, բիզնես-ծրագրերի մշակմանը աջակցություն կցուցաբերվի: Երեւանի եւ Գյումրիի օդանավակայաններում բիզնես-բարենպաստ միջավայր ստեղծելու համար ազատ տնտեսական գոտիներ են հիմնվելու, Գյումրիի դեպքում դրան աջակցելու է ԱՄՆ-ը, արտահանման բարենպաստ պայմանների համար առեւտրային պայմանագրեր են կնքվելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ եւ այլն:

Որպես լրացուցիչ միջոցառում` նաեւ ճյուղային խթանումներ են լինելու գյուղատնտեսության, շինարարության, ՏՏ, ճանապարհաշինության (Մեղրի-Բաթում ավտոմայրուղու կառուցում), էներգետիկայի ոլորտներում: Սոցիալական ոլորտում կարեւորեց մատչելի բնակֆոնդի, էժան հիպոթեկային համակարգի ձեւավորումը, դեմոգրաֆիական ծրագրերի իրականացում: Եվ ավարտեց. «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»:

Այս բոլորից հետո Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2009-ի բյուջեն, որը կոչեց «կայուն զարգացման բյուջե»` 927 մլրդ դրամ եկամուտներով, 967 մլրդ դրամ ծախսերով, մեկ շնչին 4200 դոլար ՀՆԱ-ով եւ այլն, իսկ ավելի ուշ լրագրողներիս ասաց, թե 2009-ինը սոցիալական խնդիրները լուծող եւ ոչ թե շռայլումների բյուջե է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4